Նախազգուշացնում է

28/11/2008

«Արդեն լուրեր են պտտվում, թե ով է աչք դրել «Բջնի» գործարանի վրա: Նախազգուշացնում եմ բոլոր անօրինականություն գործողներին, կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ: Թող չթվա ձեզ, թե հետո արդարանալու եք, որ հրաման եք կատարել կամ չեք իմացել, թե ինչ անօրինություն եք անում, կամ ուրիշ ճար չեք ունեցել: Ձեր անձնական գույքով օրենքի առջեւ պատասխան եք տալու մեր կրած վնասների համար: Իսկ այն անձին, ով «աչք» է դրել մեր գույքի վրա եւ ուզում է այն խլել, ապա թող իմանա, որ այդ «աչքը» կհանեմ` անկախ նրանից՝ անձա՞մբ հանդես կգա, թե՞ միջնորդավորված խամաճիկների միջոցով: Այս պահից բոլոր անօրեններդ համարվում եք նախազգուշացված»,- երեկ նման հայտարարություն է տարածել «ՍԻԼ» կոնցեռնի սեփականատեր Ալբերտ Սուքիասյանը` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայրը: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Դատական ակտերի հարկադիր կատարողների գործած հարձակումից հետո դադարեցվեց «Բջնի» հանքային ջրերի գործարանի գործունեությունը: Սուքիասյանների ընտանիքին պատկանող մյուս ընկերությունները եւս տարբեր ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից: Իսկ նրանց նկատմամբ կատարվողի միակ պատճառն այն է, որ 2007 թվականի սեպտեմբերից Խաչատուր Սուքիասյանը աջակցում է ՀՀ առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանին: