«Պալատական մտավորականը ստիպված է 100 տոկոսով ծառայել իշխանավորներին, եւ քանի որ վերջիններս իշխանությունը նույնացրել են պետության հետ, պատրաստ չեն անգամ մի տոկոս զիջել, որ գոնե այդ մտավորականները մի փոքր էլ ծառայեն պետությանն ու ժողովրդին, դրա համար էլ նրանց երբեմնի համբավը հասարակության աչքում արագորեն խամրում է»,- մեզ հետ զրույցում` անդրադառնալով այսօրվա մտավորականներին, որոնց ժողովուրդն անվանում է «պալատական մտավորականներ», ասաց ԴԵՄՊՐՈՍ հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը: «Բերեմ մեկ օրինակ` Սերժ Սարգսյանը ժամանակին ասաց, որ կողմ է Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմաբանների խումբ ստեղծելուն: Որոշ հրապարակային գործիչներ, այդ թվում եւ՝ ես, անմիջապես նշեցինք, որ դա սխալ է, ու հիմնավորեցինք մեր դիրքորոշումը: Իսկ պալատական մտավորականներն այդ ընթացքում լծվեցին ՀՀ նախագահի ասածը բազմակողմանիորեն հիմնավորելու գործին: Բայց ծավալված հանրային առողջ բանավեճի արդյունքում նախագահը, ի պատիվ իրեն, վերանայեց իր դիրքորոշումը եւ հայտարարեց, որ նման հանձնաժողով ստեղծելուն ինքը դեմ է: Դե, հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում հայտնվեցին հիշատակածս մտավորականները: Բայց նրանց վիճակը վիճակ չի հենց այն պատճառով, որ կարգավիճակը կարգավիճակ չի: Նրանք այնքան կշիռ չունեն նախագահի մոտ, որ կարողանան նրան ասել, թե այս հարցում սխալ է, եւ նա հրաժարվի իր մտքից, իսկ եթե դրան չեն կարողանում հասնել, այնքան կշիռ չունեն հասարակության մոտ, որ կարողանան նախագահի թեկուզ սխալ տեսակետը ճշտի տեղ անցկացնել: Իսկ հասարակությունն ի՞նչ վերաբերմունք պետք է ունենա այդ մտավորականների նկատմամբ, երբ իրենց աչքի առաջ վերը նշածս փաստով ապացուցվեց նրանց պրոֆեսիոնալ ոչ պիտանելիությունը»: Ըստ նրա` այդ նույն մտավորականները նույն ջանասիրությամբ գովերգում են իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած քայլ` անկախ նրանից` դա ճի՞շտ է, թե՞ սխալ: «Պալատական սազանդարները» իրար հերթ չտալով պաշտպանում են իշխանական ցանկացած տեսակետ, իսկ հետագայում առաջինն իրենք են հայտնվում, մեղմ ասած, անհարմար վիճակում»,- ասաց Է. Անտինյանը: