Մեր իշխանություններն, արդեն հինգ-վեց տարի է, անողոք պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Ոչ թե անողոք ու տարերային, այլ` հատուկ մշակված ծրագրով: Ծրագիր, որ միջազգային ֆինանսական կառույցների հավանությանն է արժանացել: Հավանություն տալուց զատ, այդ կազմակերպությունները ֆինանսավորում են կոռուպցիայի դեմ պայքարը: Փողը ստանալուց հետո մեր իշխանությունները նույնիսկ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծեցին: Բուռն քննարկումների արդյունքում որոշվեց կոռուպցիայի դեմ պայքարել հանրության հետ ամենամեծ շփում ունեցող ոլորտներում: Քանի որ մեր իշխանություններին հանրության հետ լայն կապեր ունենալու մեջ մեղադրելն անհնար է, որոշվեց կոռուպցիայի դեմ պայքարել հանրակրթության ու առողջապահության ոլորտում: Հենց այդ պահից ակնհայտ էր, որ կիզակետում հանրակրթությունն է հայտնվելու: Որովհետեւ առողջապահությունը եւս հասցրել էր բարեփոխումներով բավարար չափերով կապը կտրել հանրությունից: Իսկ երկրի դպրոցական տարիքի երեխաների 90 տոկոսից ավելին դեռ սովորում է հանրակրթական ոլորտում: Մի քանի պատճառով: Նախ` մասնավոր դպրոց-քոլեջների համակարգը դեռ կայացած չէ: Երկրորդ` բնակչությունը բավարար ֆինանսական միջոց չունի: Երրորդ` մեր հանրակրթական դպրոցների համակարգն առայժմ արդյունավետ է: Հետեւաբար ծնողներից շատերն են մասնավոր ու «փորձարարական» դպրանոցներից գերադասում ավանդական դպրոցը: Բայց միեւնույն է` իշխանությունները որոշել են ու անողոք պայքարում են կոռուպցիայի դեմ հենց հանրակրթության ոլորտում: Ամեն ուս. տարվա սկզբին կրթության ոլորտի ղեկավարությունը ելույթախեղդ է անում մամուլը: Խոսում են ոչ թե նոր ու որակյալ դասագրքերից կամ կրթական խնդիրներից, այլ դպրոցում կատարվող դրամահավաքներից: Նրանք բնակչությանը հորդորում են դրամահավաքության գիրկը չընկնել: Սուրբ Ծննդյան տոներից հետո դրամահավաքության թեման թնդանում է: Ներառելով վերջին զանգի միջոցառումների հանգանակության անթույլատրելիությունը: Կարծում եմ, ոչ մի իշխանավոր չէր ենթադրի, թե ինչի կհանգեցնի իրենց անողոք պայքարը: Այս սեպտեմբերից հանրակրթության ոլորտի ղեկավարությունը հայտարարեց, որ հատուկ հեռախոս է տեղադրել: Հեռախոս` դրամահավաքի փաստերն արձանագրելու համար: Բոլոր ծնողներին ամեն շաբաթ կոչ էր արվում զանգահարել ու ամենազոր իշխանություններին տեղյակ պահել, թե որ դպրոցում է դրամահավաք իրականացվում: Հասկանալի բան է` մեր իշխանություններն ամենազոր են, բայց ամենագետ չեն: Կոռուպցիայի մասին նրանք տեղեկություն չունեն: Ուստի ակնկալում են, որ բնակչությունն իրենց անհրաժեշտ տեղեկություն կմատուցի: Մեկ-երկու ամիս առաջ կրթության ոլորտի ղեկավարությունը լրատվամիջոցներին բացատրեց, որ իրենց պայքարն առայժմ դրամահավաքության դեպքեր չի արձանագրել, որովհետեւ որեւէ զանգ չի եղել: Բացատրեց ու հավելեց, որ իրենք անանուն զանգերով չեն հետաքրքրվում: «Թեժ գիծ» հեռախոսահամարով զանգողը պարտավոր է ներկայանալ ու հստակ ասել՝ որ դպրոցում ու ով է իր երեխայից փող շորթում: Անձամբ ես սպասում էի, որ շուտով կրթության ոլորտի ղեկավարությունը ծնողներից հույսը կտրելով՝ դիմելու է աշակերտներին: Դիմելու է՝ կոչ անելով՝ հետեւել Պավլիկ Մորոզովի օրինակին: Պարզ ասած, «գործ տալ» կաշառք տվող ծնողների ու վերցնող ուսուցիչների վրա: Բարեբախտաբար, գործը դրան չհասավ: Գտնվեց երկու միամիտ ծնող: Նրանք զանգահարեցին ու ասացին, որ թիվ 175 դպրոցում իրենց երեխաներից փող են պահանջում: Իշխանություններն իրար անցան: Դեպքը քննեցին: Պարզեցին: Դպրոցի տնօրենին հեռացրին: Ու պավլիկմորոզովյան անվրդովությամբ վերադարձան իրենց բանուգործին: Նրանք հո չէի՞ն կարող հասկանալ, թե ինչ ավեր են գործում: Հո չէի՞ն կարող գլխի ընկնել, որ դպրոցի ուսուցիչներն ու մյուս աշակերտները կըմբոստանան «թեժ գծից» օգտված ծնողների ու երեխաների դեմ: Երեխաները կըմբոստանան ու անչափահասներին բնորոշ` ոչնչով չպատճառաբանված դաժանությամբ իրենց երեկվա ընկերներին բոյկոտի կենթարկեն: «Հեռացե՛ք, դպրոցը մոռացե՛ք»,- պահանջում են նրանք իրենց երեկվա դասընկերներից: Աշակերտներն, ում ծնողները հավատացել են իշխանավորներին ու նրանց տեղեկություն տվել, դարձել են մերժվածներ: Մի ամբողջ դպրոց՝ մանկավարժական կրթություն ու կենսափորձ ունեցող ուսուցիչներով, սովորող երեխաներով, ներքաշվել է պավլիկմորոզովյան կրքերի մեջ: Իրար մեղադրում են դավաճանության մեջ: Վստահ եմ` ոչ մի իշխանավոր պատասխան չի տալու իր նախաձեռնած այս փորձի համար: Մանկավարժներն են դառնանալու: Երեխաներն են ողջ կյանքում կրելու ամոթալի հիշողությունը: Հալածվող չորս աշակերտների համար անասելի դժվար է լինելու կրթությունը որեւէ դպրոցում շարունակելը: Նրանց ապագայի համար իշխանավորներն իրենց պատասխանատու չեն համարում: Նրանք լուրջ գործով են զբաղված: Այսինքն` պայքարում են կոռուպցիայի դեմ: Ու պայքարելու են: Բթության աստիճանի հասնող համառությամբ: