Աղքատների թիվը կհասնի 10 միլիոնի

28/11/2008

«Ֆինանսական ճգնաժամով պայմանավորված անկումը կարող է չքավորության հասցնել միլիոնավոր ամերիկացիների»:

Նման կանխատեսում է ներկայացված ԱՄՆ-ի Բյուջեի եւ քաղաքականության գերակայությունների կենտրոնի նոր զեկույցում: «Ինչպես եւ նախորդ անկումները, այս ճգնաժամն, ավելի շուտ, զգալիորեն կմեծացնի աղքատների ու «չափազանց աղքատների» թիվը, որոնց եկամուտը կազմում է նվազագույն ապրուստամիջոցի սոսկ կեսը: Այն բանի հետեւանքով, որ ճգնաժամը կձգձգվի, իսկ կառավարությունը վերջին տարիներին նվազեցրել է ծայրահեղ աղքատներին ցույց տրվող օգնությունը, այդպիսի քաղաքացիների թվի աճը շատ մեծ կլինի»,- նշված է զեկույցում: Զեկույցում բերված է Goldman Sachs ընկերության կանխատեսումը, ըստ որի տվյալների, 2009 թվականի վերջին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կկազմի 9 տոկոս: Հաշվի առնելով այս տվյալները՝ զեկույցում կանխատեսում է արվում, որ «աղքատ» ամերիկացիների թիվը կկազմի 7,5-10 միլիոն: Ըստ որում, աղքատության մեջ ապրող երեխաների թիվը կկազմի 2,6-ից մինչեւ 3,3 միլիոն:

Զեկույցում նշված է, որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով մյուսներից ավելի շատ տուժում են նրանք, ովքեր զրկվում են ցածր վարձատրվող աշխատատեղերից: «Ցածր վարձատրվող աշխատողները, որոնք կորցնում են աշխատանքը, կարող են գործազրկության նպաստի ավելի քիչ հույս ունենալ, քան նրանք, ովքեր բավական բարձր աշխատավարձ էին ստանում»: Շատ նահանգներում կանոններն այնպիսին են, որ նպաստի հույս չեն կարող ունենալ նրանք, ովքեր աշխատել են ոչ լրիվ աշխատանքային օրով, կամ նրանք, ովքեր բավականաչափ չեն աշխատել «բազային շրջանի» համար, որը, սովորաբար, գերազանցում է ընթացիկ վայրում աշխատանքի ժամկետը»,- ասված է զեկույցում: Որպես ԱՄՆ-ում աղքատների քանակի աճի նշաններից մեկը՝ զեկույցի հեղինակը բերում է մթերքի քարտերի համար դիմումների մեծացման վիճակագրությունը: Այդ քարտերը նախատեսված են չքավորների համար: «2007 թվականի օգոստոսից մինչեւ 2008 թվականի օգոստոսը մթերքի քարտերի համար դիմումների քանակն ավելացել է 9,6 տոկոսով, ինչը կազմում է 2,6 միլիոն մարդ»,- նշված է զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակի տվյալների՝ 25 նահանգներում հինգ երեխայից մեկը սննդի քարտ է ստանում: «Մթերքի քարտերի հայտերի աճն աղքատության աճի լավագույն ցուցիչն է»,- նշված է զեկույցում:

Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի տվյալների՝ 2007 թվականին ԱՄՆ-ում «աղքատության» պաշտոնական «մակարդակը» կազմել է 12,5 տոկոս, այսինքն՝ ԱՄՆ-ում 37,3 միլիոն աղքատ է եղել: 2006 թվականին նրանց թիվը 36,5 միլիոն էր: ԱՄՆ-ում չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար աղքատության նշագիծ էր 1767 դոլարի չափով ամսական եկամուտը, երեք հոգու համար՝ 1377 դոլար, երկու հոգուց բաղկացած ընտանիքի համար՝ 1128 դոլար, եւ միայնակ մարդու համար՝ 882 դոլար ամսական եկամուտը: