Իրանում անց է կացվել կեսարյան հատման երկրորդ վիրահատությունը, որի ժամանակ սովորական թմրաքնի փոխարեն գործածվել է հիպնոս: Վիրահատությունն անց են կացրել վիրաբույժ Ռոյն Հոդեինն ու հիպնոթերապեւտ Հոսեյն Ալմազյան: Բժիշկները ծննդկանին` Սառա Տավասոլիին, հիպնոսացնելուց հետո կատարել են կտրվածքը: Բժիշկները վստահաբար հաղորդում են, որ անզգայացման համար ոչ մի լրացուցիչ միջոց գործի չի դրվել, իսկ վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել: Հիպնոսով կեսարյան հատում առաջին անգամ կատարվել է 2007թ. հունիսին, նորից Իրանում: Այն ժամանակ վիրահատությանը նախապատրաստվում էր Այդա Հասանլոուն` 4 ամիս հաճախելով հիպնոթերապիայի սեանսների: Վիրահատությունը տեւել էր 40 րոպե: Այդ ընթացքում պացիենտը զգացել էր թեթեւ ցավ, իսկ իրավիճակն ամբողջովին վերահսկվում էր բժիշկների կողմից: Իրանցի բժիշկների կարծիքով, հիպնոսով կեսարյան հատումն ավելի անվնաս է պացիենտի համար, քան ցավազրկման տարատեսակ մեթոդները: Այս մեթոդն ամբողջովին չեզոքացնում է ցավի զգացումը` չառաջացնելով կողմնակի ազդեցություններ: Բժիշկների կարծիքով, հետագայում հիպնոսը կարող է փոխարինել անզգայացմանը՝ նույնիսկ ավելի բարդ վիրահատություններ կատարելիս: