Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ առաքելությամբ Հայաստան էր ժամանել՝ գնահատելու մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց վիճակը եւ այդ դեպքերի կապակցությամբ իրականացվող հետաքննությունը:
Շաբաթ օրը Թ.Համարբերգը լրագրողներին փոխանցեց իր այցի տպավորությունները: Նրա թե՛ ընդհանուր խոսքը, թե՛ լրագրողների հարցերին տրված պատասխաններն ամբողջովին սուր քննադատություններ էին պարունակում՝ ուղղված մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատազրկված անձանց վիճակի, հարուցված քրեական գործերի ու դրանց դատավարությունների դեմ:
«Երբ ես շուտով պատրաստեմ իմ զեկույցը, ապա ստիպված եմ լինելու բավական քննադատորեն անդրադառնալ զարգացումներին, կամ, ավելի շուտ, դրանց բացակայությանը: Ես քննադատորեն եմ վերաբերվելու ինչպես արդեն ավարտված դատաքննությունների, այդպես էլ խոշոր` դեռեւս պատրաստվող «7-ի գործին»: Չեմ կարծում, թե հետաքննությունը եւ գործի պատրաստումը բավականաչափ պրոֆեսիոնալ է արված,- հայտարարեց Թ.Համարբերգը` մանրամասնելով,- Օրինակ, ես համարում եմ, որ բացարձակապես անընդունելի է բանտարկյալների եւ նրանց ընտանիքի անդամների կամ քաղաքական գործիչների միջեւ տեղի ունեցած հեռախոսազանգերի արձանագրությունների հրապարակումը, որը կատարել էին անվտանգության ծառայությունները: Օրենքի իշխանության երկրում դա բացարձակապես ընդունելի չէ, եւ նման կերպով խախտվում է անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը»:
Թ.Համարբերգը նույն խնդիրների վերաբերյալ իրավիճակը գնահատելու նպատակով վերջին անգամ Հայաստանում եղել էր հուլիսի կեսին: Եվ ահա 4 ամիս անց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մարտի 1-2-ի դեպքերի անաչառ հետաքննության եւ բացահայտման առումով զարգացում չի հայտնաբերել: Նրա արձանագրած միակ զարգացումն այն է, որ վերջապես ստեղծվել է փաստահավաք խումբը: Ընդ որում, փաստահավաք խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին իրենց հուլիսյան այցի ժամանակ հայտարարել էին թե՛ Համարբերգը, թե՛ ԵԽ ԽՎ նախագահ Լյուիս Մարիա Դը Պուչը: Սակայն ՀՀ նախագահն այն ստեղծելու մասին հրամանագիր ստորագրեց միայն մեկ ամիս առաջ, իսկ խումբն ընդամենը երկու շաբաթ առաջ է սկսել իր աշխատանքը:
Թ.Համարբերգն այս անգամ էլ խիստ բացասաբար գնահատեց այն իրողությունը, որ մարդկանց դեմ գործեր են հարուցվել եւ դատավարություն է իրականացվել բացառապես Ոստիկանության ծառայողների վկայությունների հիման վրա: Ընդ որում, այս մասին հստակ պահանջ կար նաեւ հունիսին ԵԽ ԽՎ ընդունած 1620 բանաձեւում. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»: Իհարկե, Թ.Համարբերգը բացարձակապես եւ բոլոր դեպքերում անընդունելի չի համարում Ոստիկանության տված ցուցումներով առաջնորդվելը: «Բայց մասնավորապես այն դեպքում, երբ գոյություն ունի լարում, եթե ոչ անգամ բախում հասարակության եւ Ոստիկանության միջեւ, ապա Ոստիկանության ծառայողների տված վկայությունները, հատկապես՝ երբ ուղղված են ցուցարարների դեմ, անպայմանորեն պետք է համալրվեն լրացուցիչ ապացույցներով կամ վկայություններով»,- եւս մեկ անգամ պնդեց Թ.Համարբերգը` ավելացնելով, որ բավական արժանահավատ զեկույցներ է ստացել այն մասին, թե վկաների հանդեպ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանց տված վկայությունը համապատասխանի քննության նախանշած ուղությանը: Իսկ 1-2 հոգի էլ հրաժարվել են իրենց տված վկայություններից եւ որպես դրա հետեւանք՝ ենթարկվել են ճնշումների ու հետապնդումների: «19 անձանց դեմ հարուցված դատական գործերը հիմնված են եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Հատուկ քննչական ծառայության պետի` 2008թ. մարտի սկզբին որոշ մարզային դատախազներին ուղղված նամակը, որով նա պահանջում է տեղեկատվություն հավաքել ընդդիմության ցույցերի մասնակիցների, այլ ոչ կոնկրետ գործողությունների վերաբերյալ, հարցեր է առաջացնում հետաքննության բնույթի եւ նպատակների վերաբերյալ»,- նշված է հանձնակատարի ամփոփ հաղորդագրության մեջ:
«Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են Քրօր.-ի 300 ու 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը»,- պահանջում է 1620 բանաձեւը: Իսկ «7-ի գործով» անցնող կալանավորները մեղադրվում են 300 եւ 225 հոդվածներով (պետական իշխանության յուրացում եւ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում): Այս առումով ՄԻ հանձնակատարը հայտարարեց, թե մինչեւ հիմա իրեն չեն ներկայացրել «կուռ ապացույցներ, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ անձանց մեղադրել բռնի ուժով իշխանությունը տապալելու փորձի մեջ»: Համարբերգը նաեւ վստահեցրեց, որ հատուկ հետաքրքրությամբ կհետեւի այս գործի ընթացքին: «Եվ անշուշտ, երբ ծանոթանանք մեղադրական վերջնական եզրակացությանը, կասենք, թե արդյոք այդքան բավարար հիմքեր կա՞ն «7-ի գործը» դատարան փոխանցելու համար: Ինձ մտահոգում է այն փաստը, որ այդ մարդիկ ավելի քան 8 ամիս կալանքի տակ են, մինչդեռ ներկայացված չեն հստակ ապացույցներ, որ նրանք հանցագործության համար պատասխանատու են: Նրանցից մեկը (Ալեքսան Արզումանյան.- Ա.Ա.) անգամ 1 տարուց ավելի է անցկացրել բանտում, որովհետեւ նախապես 4 ամիս կալանավորված է եղել: Իսկ սա խախտում է օրենքով սահմանված` նախքան դատը կալանքի 1 տարվա առավելագույն ժամկետը»,- ասաց ՄԻ հանձնակատարը:
Արդեն կայացած դատավճիռների առումով էլ Համարբերգը նկատել է, որ տարբեր անձանց դեպքում նույն մեղադրանքի համար կայացվել են տարբեր` մեղմ կամ խիստ դատավճիռներ: «Մարտի 1-2-ի իրողությունների արդեն կայացած դատաքննությունների եւ վճիռների վերաբերյալ ես արդեն բավական լուրջ մտահոգություններ ունեմ: Նախագահին ու իշխանության այլ պաշտոնյաներին ես հայտնել եմ, որ անվարան քննադատական դիրքորոշում կորդեգրեմ, երբ բանը հասնի այս ամենի մասին եվրոպական կառույցների եւ ԵԽ դիրքորոշումը ձեւավորելուն»,- հայտարարեց Համարբերգը: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ` արդյոք ՄԻ հանձնակատարը մարտյան դեպքերի առնչությամբ կալանավորվածներին համարո՞ւմ է քաղբանտարկյալներ: Այս հարցին բանախոսն ուղղակի պատասխան չտվեց: Ասաց, թե եվրոպական երկրների միջեւ ստեղծված համաձայնության դեպքում քաղբանտարկյալների մասին խոսելն ընդհանրապես պետք է ավելորդ լիներ, որ ՄԻ եվրոպական կոնվենցիայում «քաղբանտարկյալ» տերմինը չկա: Չկա նաեւ «քաղբանտարկյալ» տերմինի ընդհանուր համաձայնեցրած իրավական սահմանումը: Ասաց, թե Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող է անհրաժեշտություն առաջացնել նորից քննարկել այդ տերմինի սահմանումը եւ իմաստը: «Եթե իմ այս վերջին ուսումնասիրությունը ցույց տա, որ չկան հիմքեր ենթադրելու, որ այս մարդիկ իսկապես հանցագործություն են գործել, ապա ես ինքս առաջ կքաշեմ քաղբանտարկյալի մասին սահմանման անհրաժեշտությունը»,- հայտարարեց Համարբերգը:
Մեղադրական եզրակացությունները ճիշտ կազմելու, մեղադրանքը ձեւակերպելու եւ դատավարական վճիռները ճիշտ կայացնելու համար էլ Համարբերգը մեր իրավապահ մարմիններին առաջարկում է միջազգային փորձագետներ հրավիրել: Այդ առաջարկությունը նա արել է նաեւ փաստահավաք խմբի անդամներին: Ի դեպ, նա անդրադարձավ նաեւ այն մեկնաբանություններին, թե փաստահավաք խմբի ստեղծումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Ասաց, որ նմանօրինակ բոլոր հարցերը կարելի է հեշտությամբ լուծել, եթե լինի պատշաճ նվիրում եւ հաստատակամություն: Նրա կարծիքով՝ խմբի հաջողությունը մեծամասամբ կախված է հենց խմբի ներսում բարի կամք դրսեւորելու պատրաստակամությունից: Գլխավոր դատախազի եւ ոստիկանապետի հետ հանդիպումներում էլ Թ. Համարբերգը նրանց հորդորել է անպայման ընդառաջել խմբի բոլոր հարցումներին: Համարբերգն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի գիշերը դեպքի վայրում դիպուկահարի առկայության փաստին: ՄԻ հանձնակատարը կարծում է, որ դա արտասովոր երեւույթ չէ, երբ կա հիմնավորված մտավախություն, թե կարող են բռնարարքներ լինել: Պարզապես հարց է, թե ինչպես եւ ինչ նպատակով են նրա ծառայություններն օգտագործվում: Նրա կարծիքով, նմանօրինակ իրավիճակներում դիպուկահարի հրացանով հեռահար կրակոցը շատ լուրջ միջադեպ է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա: Համարբերգը մտահոգիչ է համարում այն, որ մարտյան դեպքերի ժամանակ սպանվել են 10 հոգի, որոնցից 3-ը սպանվել են ոստիկանների արձակած հատուկ միջոցների արդյունքում, սակայն մինչեւ հիմա չեն հայտնաբերվել այդ կրակոցներն արձակած ոստիկանները: «Ես ինքս էլ ենթադրում էի, որ թերեւս հնարավոր է որոշել, թե ում ձեռքում է գտնվել այն զենքը, որից արձակված պարկուճը մահվան պատճառ է դարձել: Ես դա 2 անգամ արդեն քննարկել եմ Դատախազության հետ: Նրա պատասխանն այն է, որ այդ հարցի շուրջ շարունակում են աշխատել` ջանք չխնայելով, բայց դեռեւս հնարավոր չի եղել ճշգրիտ պարզել, թե որ զենքից է արձակվել պարկուճը: Իմ խորհուրդը տվյալ դեպքում այն էր, որ օգտվեն միջազգային փորձից, հրավիրեն մասնագետներ, ովքեր զենքը եւ պարկուճը կկապեն իրար»,- ասաց Համարբերգը: «Իմ ձեռք բերած այս ամբողջ տեղեկությունն ինձ բավական հիասթափեցնում է»,- ասուլիսի վերջում հայտարարեց ԵԽ ՄԻ հանձնակատարը, ով իր տպավորություններն ավելի վաղ կիսել էր Սերժ Սարգսյանի եւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Իսկ հունվարին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը քննարկելու է Հայաստանի հարցը: Համարբերգն ավելացրեց, թե զեկույցը, որը պատրաստելու է, ազդելու է ԵԽ ԽՎ-ի վճռի վրա: «Թեեւ ես անկախ եմ Խորհրդարանական վեհաժողովից, եւ Վեհաժողովն էլ ինձնից է անկախ, բայց այն, ինչ ես կզեկուցեմ եւ կվկայեմ այդ նիստում՝ իր նշանակալի դերը կունենա, թե ինչ եզրահանգման կգա ԽՎ-ն»,- հայտարարեց Համմարբերգը:
Հատկանշական է նաեւ այն, որ ՄԻ հանձնակատարը հանդիպման եւ՛ սկզբում, եւ՛ վերջում հատուկ շեշտեց, թե վրաց-օսական հակամարտությունը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ակտիվացումը, Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների աշխուժացումը ամենեւին որեւէ կերպ չեն ազդելու մարտյան դեպքերի շուրջ իրականացվող նախաքննության ու դատավարության նկատմամբ իրենց դիրքորոշման վրա: «Որովհետեւ խոսքը վերաբերում է տարրական, հիմնարար մարդու իրավունքներին, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, եւ որեւէ նման խախտում հանդուրժելի չէ»,- հայտարարեց հանձնակատարը: Ամենայն հավանականությամբ, ԵԽ հանձնակատարն այս հանգամանքը շեշտում էր ի պատասխան այն կարծիքներին ու գնահատականներին, թե ԵԽ-ն` Հայաստանում ժողովրդավարության վիճակի եւ մարտի 1-ի դեպքերի հետ կապված իր դիրքորոշումը կապում է ԼՂ-ի հարցի հնարավոր լուծման հետ: Բոլոր դեպքերում, ամանորյա տոնական տրամադրությունից անմիջապես հետո ՀՀ իշխանություններին սպառնում է եվրոպական սառը ցնցուղը: Եթե, իհարկե, մինչ այդ չկատարվեն շատ կոնկրետ մի շարք քայլեր: