15 տարի անց

27/11/2008

«Միշտ հարց են տալիս՝ արդյո՞ք չենք ուշացրել: Իհարկե ուշացրել ենք, որովհետեւ Հայաստանը վերջինն էր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, որ 1993թ. իր արժույթը դրեց շրջանառության մեջ»,- շաբաթ օրը դրամի` որպես ազգային արժույթի, ներդրման 15-ամյակի առիթով ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` պարզաբանելով, թե ինչու խորհրդային 1 ռուբլին փոխանակվեց 200 դրամով եւ ինչու այդքան արագ արժեզրկվեց: Ըստ նրա, դրա համար կար 2 պատճառ: Առաջինն այն էր, որ Ռուսաստանը դեռեւս պահպանում էր կայսերական հավակնությունները, իսկ Հայաստանը 1993թ. գարնանից ամենածանր մարտերն էր մղում Ղարաբաղյան պատերազմում: Այսինքն՝ սա նաեւ մեզ օժանդակող Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունների խնդիր էր: Երկրորդ պատճառը, ըստ Բ. Ասատրյանի, զուտ տնտեսական էր: «Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ ենթադրում էին, որ փողի ավելի մեծ տարածքում գտնվելու դեպքում հնարավոր կլինի լուծել որոշակի տնտեսական խնդիրներ: Ընդ որում` այդ ձգտումները եթե 1992թ., պայմանականորեն ասած, ազնիվ բնույթ էին կրում, 1993-ը փողի քաղաքականության տեսակետից փոխադարձ խաբեությունների տարի էր: Ծնվեցին այնպիսի գործիքներ, որ տնտեսագիտական միտքը անհնար է, որ կարողանա գնահատական տալ: Այսպիսի բառակապակցություն ծնվեց՝ վարկային էմիսիա,- նշեց Բ. Ասատրյանը` ավելացնելով,- Ռուբլու գոտու փլուզման հեղինակը Ռուսաստանն էր, որը միակողմանի, առանց գործընկերներին տեղեկացնելու, հունիսին դուրս եկավ ռուբլու գոտուց եւ շրջանառության մեջ դրեց իր ազգային արժույթը»: Դրանից հետո Հայաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ դրամը շրջանառության մեջ դնելու խնդիրը լուծելուն: «Անվտանգության խորհրդի գաղտնի որոշմամբ ստեղծվեց մի հանձնաժողով, որը պետք է զբաղվեր ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու եւ դրամաշրջանառության հետ կապված որոշ հարցերով: Հանձնաժողովը ներկայացված էր երեք անձով՝ ԿԲ նախագահ Իսահակ Իսահակյանը, Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ Գերագույն խորհրդի ֆինանսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ես արդեն իսկ ստացել էի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ստանձնելու ԿԲ նախագահի պաշտոնը. վճիռ կայացվեց, որ դրամը շրջանառության մեջ դնելուց հետո ԳԽ-ի քննարկմանը կներկայացվի իմ թեկնածությունը»,- նշեց Բ. Ասատրյանը: Ըստ նրա՝ ընտրվեց այն սկզբունքը, ըստ որի՝ բոլոր իրենց ունեցած միջոցները կարող էին փոխանակել՝ իհարկե ժամանակավոր սահմանափակումներով եւ մինչեւ որոշակի չափը կանխիկ, մնացածը Խնայբանկում հաշիվ բացելու միջոցով: «Արդյունքները տխուր էին, որովհետեւ հաշվարկներ էին արված, որ բոլոր ժամանակներում Հայաստանում շրջանառության մեջ էին դրվել մոտ 90-95 մլրդ ռուբլի, փոխանակման ներկայացվեց մոտ 120 մլրդ ռուբլի: Սա այդ վարկային էմիսիայի եւ իհարկե նրա հետեւանքն էր, որ Հայաստանը վերջինը հրաժարվեց սովետական ռուբլուց»,- ասաց Բ. Ասատրյանը: Ինչ վերաբերում է դրամ-ռուբլի փոխանակման հարաբերակցության խնդրին, ապա՝ «Կարծում եմ բոլորս հասկանում ենք, որ որեւէ տարբերություն չկա՝ 1-100, թե 1-200: Սա արժույթի միջազգային մասնագետների խորհուրդն էլ էր: Հիշեցնեմ, որ 1993-ը նաեւ ինֆլյացիոն առումով բարդ տարի էր: Շուրջ 10000 տոկոս ինֆլյացիա ենք ունեցել, այսինքն՝ երբ վճիռ էր կայացվում փողը տպագրել, մենք լրիվ այլ դաշտում էինք: Այս 200-ը եթե 500 էլ լիներ, հաստատ կկորցնեինք»: Անդրադառնալով դոլար-դրամ սկզբում որոշված 1-14.5 հարաբերակցությանը, նա նշեց, որ այս խնդրի հետ կապված այն ժամանակ ուղղակի տեխնիկական վճիռ է կայացվել: «Մեր տարածքում շրջանառվող ռուբլին որոշակի փոխարժեք էր ձեւավորել դոլարի նկատմամբ: Հիշում եմ, որ նոյեմբերի սկզբներին մեկ դոլարը արժեր մոտ 2200 ռուբլի: Հաշվի առնելով նաեւ արժեզրկման այն տեմպը, որ կար վերջին երեք ամիսներին, մոտավորապես գնահատվեց, որ մեկ դոլարը կլինի 2900 ռուբլի: Եվ քանի որ տպված դրամի ծավալը այնպիսին էր, որ 1-200 հարաբերակցությամբ պետք է փոխարկումը լինի, այստեղ թվաբանական գործողության արդյունքում սահմանվեց դրամի փոխարժեքը՝ մեկ դոլարը` 14.5 դրամ: Ավելի կարեւոր է մեր վճիռը փոխարժեքի քաղաքականության վերաբերյալ: Ակնհայտ է, որ սկզբում իշխանությունները պետք է ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը վարեին, որպեսզի հասարակությունը ճանաչեր փողը: Նախ՝ ես հիշում եմ մեր ընդհանուր արտարժութային ռեզերվների ծավալը, որ կար Հայաստանում: Դա մոտավորապես կազմում էր 500-550 հազ. դոլար: Մենք ուղղակի չունեինք ռեզերվներ: Ես հիշում եմ, ստեղծվեցին կարագի, բենզինի որոշակի պաշարներ, որոնք պետք է վաճառվեին, եւ որի հիման վրա պետք է պահպանվեր դրամի կայունությունը: Ընդամենը մեկ շաբաթ, տասը օր այս քաղաքականությունը պահվեց, հետո անցանք կարգավորվող փոխարժեքի քաղաքականությանը, եւ մինչեւ դեկտեմբերի վերջ դրամն արժեզրկվեց մոտավորապես հինգ անգամ: Սրանից հետո ակնհայտ էր, որ չենք կարող խոսել որեւէ քաղաքականության մասին, բացի լողացող կուրսի փոխարժեքից: Հունվարից դրամը բաց թողնվեց ազատ լողալու, որը եւ մինչեւ հիմա իրականացվում է»,- նշեց Բ. Ասատրյանը: