Արտասահմանյան ռադիոկայանները՝ փակման սպառնալիքի տակ

27/11/2008

Ադրբեջանում տեղական հաճախականություններով հեռարձակվող 3 ազդեցիկ ռադիոկայանների փակման սպառնալիքը խիստ քննադատության ալիք է բարձրացրել: Վերլուծաբանների կարծիքով, եթե «Ազատություն», BBC եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների ադրբեջանալեզու հեռարձակումները հաջորդ տարվանից դադարեցնելու որոշումն իրականություն դառնա, ապա ունկնդիրները կզրկվեն այլընտրանքային տեղեկատվության աղբյուրներից, ինչպես նաեւ կտուժեն Ադրբեջանի կառավարության հարաբերությունները Արեւմուտքի հետ: Բոլոր երեք ռադիոկայաններն էլ Ադրբեջանում հեռարձակվում են FM հաճախականությամբ: Հատկապես մեծ ազդեցություն ունի «Ազատություն» ռադիոկայանը, որն օրվա մեջ 10 ժամ է հեռարձակվում ադրբեջաներենով: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Կենան Ալիեւը նշում է, որ տեղական հաճախականությունից զրկվելն ու ինտերնետի եւ հեռարձակման այլ միջոցների վրա հույս դնելը չափազանց մեծ հարված կլինի իրենց համար: «Կառավարության առաջարկած ինտերնետային հեռարձակման տարբերակն իրատեսական չէ. մեր ունկնդիրներից շատերը չեն օգտվում ինտերնետից»,- ասում է Ալիեւը:

Նուշիրավան Մեհերամլին` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի (ՀՌԱԽ) նախագահը հայտարարել է, որ արտասահմանյան ռադիոկայանները պետք է իրենց ծրագրերը հեռարձակեն սեփական հաղորդիչներով, այլ ոչ թե եթեր դուրս գան տեղական ռադիոկայանների հաշվին:

«Մի տարի առաջ մենք արդեն զգուշացրել ենք արտասահմանյան ռադիոկայաններին այս մասին»,- IWPR-ին տեղեկացրել է Մեհերամլին: «Մենք պետք է ժամանակավորապես դադարեցնենք վերահեռարձակումները, որպեսզի կարողանանք լուծել այս խնդիրը` առաջնորդվելով ընդունված միջազգային չափորոշիչներով: Արտասահմանյան ռադիոկայանները կարող են հեռարձակվել Ադրբեջանում կաբելային հեռուստատեսությամբ կամ ինտերնետով, ինչպես դա անում են եվրոպական մի շարք երկրներում»: Ավելին, Մեհերամլիի հավաստմամբ, ռադիոկայանների հեռարձակման արտոնագրերը կորցրել են ուժը երեք ամիս առաջ:

«Նախագահական ընտրությունների ժամանակ մենք սեփական նախաձեռնությամբ երկարաձգեցինք այդ արտոնագրերտը, որպեսզի կայանները կարողանան լուսաբանել այդ կարեւոր քաղաքական իրադարձությունը: Այնուամենայնիվ, պետք չէ այս որոշումը դիտարկել որպես խոսքի ազատության ճնշում»,- հայտարարել է ՀՌԱԽ նախագահը:

Ստորեւ ներկայացնում ենք ադրբեջանցի ունկնդիրների կարծիքը վերոհիշյալ իրադարձությունների վերաբերյալ: 34-ամյա Ֆահրադդին Հասիմովը, խիստ մտահոգված լինելով այս դեպքի կապակցությամբ, հավատացնում է, որ «Ազատություն» ռադիոկայանը միակ վստահելի տեղեկատվություն ապահովող լրատվամիջոցն է. տեղական հեռուստատեսության տարածած տեղեկատվությունը իրենից գրեթե արժեք չի ներկայացնում:

«Ազատություն» ռադիոկայանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կարող եք տեղեկանալ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դիրքորոշումներին: Շատ հետաքրքիր են քաղաքական թեմաներով այստեղ կատարվող քննարկումները: Եթե այս ռադիոկայանները փակվեն, մենք ընդհանրապես անտեղյակ կմնանք երկրում կատարվող իրադարձություններից»,- ասում է Հասիմովը: Արդեն չորս տարի է, ինչ արտասահմանյան ռադիոկայանները ճնշման են ենթարկվում Ադրբեջանում: 2004թ. ռուսական եւ թուրքական համարյա բոլոր հեռուստակայանները փակվեցին: Այդ տարի, սակայն, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը 1 տարի ժամկետով արտոնագրեր տրամադրեց BBC եւ «Ամերիկայի ձայն» կայանների հետ:

«Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը նշում է, որ հեռարձակումների դադարեցման սպառնալիքները հստակ քաղաքական նպատակներ են հետապնդում: «Այս ռադիոկայանները մեծ ժողովրդականություն են վայելում, քանի որ ներկայիս իշխանություններին խիստ քննադատության են ենթարկում: Սրանով կարելի է բացատրել, թե ինչու կառավարությունը չի ցանկանում, որ դրանք հասանելի լինեն հասարակության լայն շերտերին»,- ասում է Մեհման Ալիեւը: Նրա հավաստմամբ` նախագահ Իլհամ Ալիեւը «Ազատություն» ռադիոկայանի տնօրենի հետ կայացած հանդիպման ժամանակ ակնարկել էր, որ իրեն հաճելի չէ ռադիոյի տարածած տեղեկատվությունը: Այս իրադարձությունների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Արեւմուտքը ներկայացնող մի շարք պաշտոնյաներ` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունից:

ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Դեյվիդ Կրամերը Բաքու կատարած իր այցի ժամանակ նախազգուշացրել է ադրբեջանական իշխանություններին, որ ռադիոկայանների փակումը կխոչընդոտի ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մեթյու Բրայզան` ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, նշել է. «Ադրբեջանցիների համար «Ազատություն» ռադիոկայանը շատ մեծ կարեւորություն ունի. իսկ այն, ինչ կարեւոր է նրանց համար, մեզ համար եւս մեծ նշանակություն ունի: Այս ռադիոկայանը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում ժողովրդավարության ձեւավորման վրա»:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցող Անդրես Հերկելը հավատացնում է, որ այս ծրագրերն ադրբեջանական լրատվամիջոցների ընդհանուր զարգացման խոչընդոտելուն ուղղված քայլերից մեկն է: «Զանգվածային լրատվամիջոցները կառավարության համար շատ մեծ դժվարություն են ներկայացնում: Բոլոր միջազգային զեկույցները վկայում են, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը սահմանափակվում է»,- ասում է Հերկելը: Այնուամենայնիվ, հույս կա, որ խնդիրը լուծում կստանա մինչեւ այս տարվա ավարտը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանալեզու հեռարձակման տնօրինությունից տեղեկացնում են, որ ռադիոկայանը դեռեւս պարբերաբար գործում է, եւ հույս կա, որ շուտով լուծումներ կգտնվեն բոլոր հուզող հարցերի համար:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Թերի Դեւիդսոնի հավաստմամբ` «ռադիոկայանների փակման մասին դեռեւս ոչ մի պաշտոնական որոշում չի ընդունվել»: ՀՌԱԽ նախագահ Մեհերամլին նույնպես նշել է, որ ընդհանուր հայտարարի գալու համար դեռ ժամանակ կա: «Կարծում եմ` Ադրբեջանի հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է տուժեն այս իրադարձությունների արդյունքում: Նման խնդիրները, որպես կանոն, այնքան էլ մեծ կարեւորություն չեն ներկայացնում, որպեսզի ազդեն երկրների հետ հարաբերությունների վրա»,- ասում է Մեհերամլին: ՀՌԱԽ նախագահը նաեւ նշել է, որ հնարավոր է` երեք ռադիոկայանների արտոնագրերը երկարաձգվեն մինչեւ հաջորդ տարվա դեկտեմբեր ամիսը: Հարցի հետ կապված այլ մանրամասներ նա չի տվել:

Մամուլի ազատության ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին նշել է, որ մինչեւ հիմա ռադիոկայանների փակման մասին միայն սպառնալիքներ են հնչել, բայց ադրբեջանական կառավարությունը դեռ ոչ մի պաշտոնական որոշում չի հրապարակել: «Միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի (ՀՌԱԽ) նախագահն է ներկայացրել իր կարծիքն այս ամենի վերաբերյալ: Իսկ Մեհերամլիի ասածը կարող է զուրկ լինել օրինական հիմքերից: Նրա կողմից ակնարկվող օրենքն ընդունվել է 2002թ.: Սակայն մինչեւ այսօր այդ օրենքի կիրառումը լրիվ այլ ուղղություն ուներ: Այս պահին փորձ է արվում օրենքի կիրառման ոլորտը փոխել, ինչն ինքնին տարբերվում է դրա 6 տարվա գործածության բնույթից»,- հայտարարել է Հաջիլին:

Սեւինհ ԹԵԼՄԱՆԳԻԶԻ
Բաքու