Հանրապետականների նման

27/11/2008

Արժույթի միջազգային հիմնադրամը վստահությամբ է լցված Հայաստանի նկատմամբ, ինչի ապացույցը նոյեմբերի 17-ին հաստատված 14 մլն դոլար արժողությամբ օժանդակության ծրագիրն է: Ինչպես նոյեմբերի 22-ին հրավիրած ասուլիսում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը, անհրաժեշտության դեպքում ԱՄՀ-ն ՀՀ-ին հավելյալ գումարներ կտրամադրի. վերոնշյալ հատկացումը կնպաստի, որպեսզի Հայաստանը ինտեգրվի համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ թեեւ Հայաստանը հարեւան երկրների համեմատ շրջափակման տեսանկյունից գտնվում է ավելի վատ պայմաններում, այդուհանդերձ երկիրը վերջին տարիներին արձանագրում է տնտեսական ծրագրերի կատարման բարձր ցուցանիշներ, տնտեսական աճի բարձր եւ գնաճի ցածր տեմպեր, նվազել է աղքատության մակարդակը: «Այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի եւս պահպանել է տնտեսական աճի տեմպը՝ ի տարբերություն այլ երկրների, խոսում է այն մասին, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա սահմանափակ է, իսկ ֆինանսական կայունությունը խոցելի կողմեր չունի: Բացի այդ, հայկական բանկերը շարունակել են շահութաբեր աշխատանքը, շարունակվել է կապիտալ ներդրումների եւ ոչ պաշտոնական տրանսֆերտների ներհոսքը»,- ասել է մասնագետը: Մ. Պորտուգալն արձանագրել է, որ Հայաստանում չեն նվազել օտարերկրյա ներդրումների ծավալները: Նրա տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների 75 եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների 70 տոկոսը ՀՀ ներհոսել են Ռուսաստանից: ԱՄՀ մասնագետը կանխատեսել է, որ 2009-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 8 տոկոս, ինչը ցածր կլինի նախորդ մի քանի տարիների ցուցանիշից, սակայն մյուս երկրների համեմատ ավելի բարձր կհամարվի: Դրան զուգահեռ՝ զարգացած երկրների ընդհանուր տնտեսական աճը կնվազի: Պորտուգալը նշել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո երկրների տնտեսությունների վերականգնման առաջին նշանները կարձանագրվեն 2009-ի վերջերին: