Վանաձորում Հայկական «Կարմիր խաչ» ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը գերմանական «Կարմիր խաչի» Բադեն Վյուրտեմբերգ երկրամասային մասնաճյուղի օժանդակությամբ իրականացնում է «Նացիոնալ սոցիալիզմի զոհերի սոցիալ-հոգեբանական եւ բժշկական սպասարկումը Հայաստանում» ծրագիր, որի նպատակն է՝ լիարժեք եւ արժանապատիվ կյանք ապահովել Երկրորդ աշխարհամարտի նախկին ռազմագերիներին: Վանաձորի 17 շահառուների սպասարկում են Լոռու մարզային մասնաճյուղի բուժքույրն ու երկու կամավորներ, որոնք նրանց պարբերաբար ապահովում են պարենով ու դեղորայքով, անհրաժեշտության դեպքում իրականացնում հոգեբանական խորհրդատվություն եւ խնամք: 1988-ից ի վեր գերմանական նշված մասնաճյուղը սերտ համագործակցում է Հայկական «Կարմիր խաչ» ընկերության հետ, որի շրջանակներում իրականացվել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, հիմնադրվել եւ մինչ այժմ գործում է «Սպիտակ» փրկարարական ջոկատը: