Վրաստանի բնակչության մեծամասնությունը «վարդերի հեղափոխությունից» հետո վրացական իշխանությունների ամենամեծ պարտությունն ու սխալը համարում է Ռուսաստանի դեմ պատերազմը 2008թ. օգոստոսին: Նման արդյունքներ է ցույց տվել «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի անցկացրած հարցումը, որին մասնակցել է 552 քաղաքացի: Իշխանությունների սխալների ցանկում «պատերազմը» առաջին տեղում է 7,0 միավորով: Հարցման մասնակիցների 50 տոկոսը այն գնահատել է առավելագույն 8 միավորով: 6,78 միավորով երկրորդ տեղում է Վրաստանի տարածքների կորուստը, երրորդում՝ 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ակցիայի ցրումը (5,44 միավոր):
Հաջորդ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. գործազրկությունը՝ 3,95 միավոր, Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում դրսեւորվող անգործությունը՝ 3,84 միավոր, նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի առեղծվածային մահը՝ 3,49, տնտեսական անկայունությունը՝ 2,95, եւ Սանդրո Գիրգվլիանիի սպանությունը՝ 2,55 միավոր: