Մարտի 1-ին Ոստիկանության զորքերի կազմում եղած դիպուկահարը 1 կրակոց է արձակել եւ այդ կրակոցով կանխել է 2-րդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասել է Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Նրա հավաստմամբ` դիպուկահարը հատուկ զանգվածային անկարգությունները կանխելու, ցրելու համար չի բերվել. «Կոնկրետ, եթե զորամիավորումը իր ծառայությունը իրականացնում է մարտական հրազենով, նրա հետ մարտական հերթափոխի դուրս է գալիս նաեւ դիպուկահար, որի ծառայությունը կարող է պետք լինի, կամ ոչ: Տվյալ դեպքում ավելի քան օգտակար է եղել նրա ներկայությունը, քանի որ Լեո փողոցում, որտեղ դիպուկահարը տեղակայված է եղել, զանգվածային անկարգության մասնակցի կրակոցից սպանվել է զինվորականը, դրանից առաջ զինվորականների ուղղությամբ նետվել է նռնակ` էլի մարտական, դրանից հետո կրկին փորձ է արվել կրակել զինվորների շարքերի ուղղությամբ: Դիպուկահարը ունի արձակած 1 կրակոց, եւ այդ կրակոցով ինքը կանխել է 2-րդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ»: Ըստ Հարությունյանի` նախաքննությունը ունի զինվորականների ուղղությամբ կրակող տվյալ անձի նկարագիրը, եւ ձեռնարկվում են միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: