Երեկ հրավիրված ասուլիսում հերթական սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարեց, թե «իր կանխավարկածով»` մարտի 1-ի դեպքերի ժամանակ շենքերի տանիքներում ծվարած դիպուկահարներն իշխանության կողմից չէին կարող լինել: Հիշեցնենք, որ նախօրեին Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին էր ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկի թղթակցին տված հարցազրույցում հայտարարում է, թե` մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ իրավապահները «օգտվել» են նաեւ դիպուկահարի ծառայությունից: Ըստ այդ ձայնագրության, լրագրողի հարցին, թե` Ոստիկանության կողմից ի՞նչ զենքեր են օգտագործվել մարտի 1-ին, Ս. Նիկոյանը նախ պատասխանել է, թե` հատուկ միջոցներ ունեցած մեր Ոստիկանությունը «մեր օրենքներով» իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, «դուբինկեք», ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, «չերյոմուխա» (ըստ նրա` տարբեր տեսակներ կան) եւ հրազեն: «Հրազենը դա ոստիկանի կողքի հրազենից սկսած` անհատական եւ ավտոմատ զենք` Կալաշնիկով, եւ մի հատ սնայպեր. այդ զենքերն է եղել իրենց տրամադրած»,- բառացիորեն ասել է Ս. Նիկոյանը:
Սրան, իհարկե, իշխանությունը կարող էր ամեն կերպ արձագանքել` սկսած ձայնագրության մոնտաժված լինելուց՝ մինչեւ «տեխնիկական հոգեխանգարմունք»: Սակայն Գալուստ Սահակյանի երեւակայությունն անսահման է եւ երեկ նա գերազանցելով բոլորին՝ հայտարարեց, թե «իր կանխավարկածով», դիպուկահարը մարտի 1-ին գործի է դրվել ընդդիմության կողմից: «Դա (դիպուկահարը.- Լ.Ս.), կարծում եմ, առավել եւս այդ ամբողջ շարժը կազմակերպողների սցենարների մեջ մտած մի գործոն էր: Թե դա Լեւոնն արեց, թե Լեւոնին կարգադրողը` ես չեմ կարող ասել: Հակված եմ մտածելու, որ նրանք, ովքեր ստեղծեցին այդ իրավիճակը, նրանք էլ հենց ունեցել են դիպուկահարներ»,- հայտարարեց կարկառուն ՀՀԿ-ականը` ավելացնելով, թե «այն մարդիկ, ովքեր փորձում էին Հայաստանում որեւիցե խնդիրներ լուծել, նրանց հրահանգով էլ ծնվել են այդ դիպուկահարները, եթե եղել են»: «Նույնիսկ, եթե դիպուկահարներ չեն, այլ պարզապես հանցագործ արարք են կատարել, դա այդ թեւում, որոնք, որովհետեւ իշխանություններին երբեք ձեռք չէր տալիս դա»,- հոդաբաշխության այսպիսի դրսեւորումներ ներկայացրեց բանասեր Սահակյանը: «Այսինքն` դիպուկահարները եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցնե՞րը»,- փորձեցին ճշտել նրանից: Սակայն Գ. Սահակյանը անդրդվելի էր. «Եթե Լեւոնի մուտքը եւ նրա ամբողջ շարժը տեսնեք, նույն կանխավարկածը կառաջարկեիք, ինչպես ես: Ես մտածում եմ այդպես, ոչ թե ապացուցում եմ դա: Կանխավարկածային է մոտեցումս, որովհետեւ որեւէ մեկը չի կարող ինձ համոզել, որ իշխանության կողմից կարող էր իշխանություններին դեմ գործունեություն ծավալվել»:
Ի դեպ, սա Գ. Սահակյանի միակ «կանխավարկածը» չէր. նա երեկ նաեւ հայտարարեց, թե իր «փայլուն դատողություններով»` մարտի 1-ի դեպքերը կազմակերպել են «օտար ափերում գործող ուժերը, որոնք ցանկանում են Հայաստանը տեսնել որպես հայերով ապրող մի կիսապետություն»: Ընթերցողին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այս «կանխավարկածների» հեղինակը ՀՀԿ փոխնախագահն է, ԱԺ համանուն խմբակցության նորանշանակ ղեկավարը: Երեկ նա անդրադարձավ նաեւ նախօրեին Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված` ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ փակ-գաղտնի քննարկմանը, որին մասնակցում էին 50 կուսակցությունների ղեկավարներ: «Այսօր կուլմինացիան կարգավիճակն է: Մնացածը բաց դիվանագիտական քննարկումների հետեւանք է լինելու»,- նշեց Գ. Սահակյանը` հավելելով, թե` «երբ կլինի ԼՂ կարգավիճակը, բաց քննարկումներ կլինեն, բոլորս մեր տեսակետները կառաջարկենք այդ առումով»: Հարցին, թե ի՞նչ են քննարկել կուսակցության ղեկավարներն այդ հանդիպման ժամանակ, եթե նրանցից որեւէ մեկը տեղեկություն չունի ԼՂՀ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների մասին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունեմ մադրիդյան սկզբունքների մասին: Գիտեմ, որ որոշակի սկզբունքներ ձեւավորվել է, եւ առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացած սկզբունքների մեջ չեմ խորանում, չեմ էլ ուզում խորանալ: Մեր տեսակետն է. լուծումը պետք է լինի փաթեթային, որի կենտրոնում ԼՂ կարգավիճակի խնդիրն է: Ես տեղյակ չեմ մադրիդյան սկզբունքներից»:
Ինչ վերաբերում է Հայ Ազգային կոնգրեսին, որին մաս կազմող կուսակցությունների ղեկավարները չեն մասնակցել այդ քննարկմանը` այն համարելով իմիտացիոն, ապա Գ. Սահակյանը գտնում է, որ ընդդիմությունը լա՜վ էլ մասնակցել է: Հարցին, թե մասնակիցներից ովքե՞ր էին ընդդիմություն, Գ. Սահակյանը պատասխանեց, թե բացի «Ժառանգությունից», ընդդիմություն էին նաեւ արտախորհրդարանական բոլոր ուժերը, որոնք չեն սատարում իշխող կոալիցիային: Անդրադառնալով արմատական ընդդիմության` Հայ Ազգային կոնգրեսում ընդգրկված կուսակցություններին, որոնք բոյկոտեցին այդ քննարկումը, Գ. Սահակյանն ասել է, թե «այդ ուժերն արդեն վաղուց ոչ մի բանի չեն մասնակցում»: «Եթե խոսքը կոնգրեսի մասին է, ապա իսկական կոնգրեսը հենց 50 կուսակցության հավաքն է, հատկապես, երբ նրանք համակարծիք են լինում գլխավոր` Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում չլինելու հարցում»,- ասաց նա` հավելելով, թե Հայ Ազգային կոնգրեսը փորձեց շահարկել Ղարաբաղի հարցը, ասելով, թե դեկտեմբերին այն հանգուցալուծվելու է, սակայն այդ մոտեցումը եւ դրանով պայմանավորված ակնկալիքները, ըստ նրա` «ի դերեւս եղան»: Նկատենք, որ այսօր դեռեւս նոյեմբերի 22-ն է:
Ի դեպ, Գալուստ Սահակյանից երեկ լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե իր «կանխավարկածով»` ինչպիսի՞ գնահատականներ է տալու ԵԽ ԽՎ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը ԵԽ բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ, ով նախօրեին Հայաստան գալուց առաջ հայտարարել էր, թե իր համար կարեւոր է տեսնել, որ քաղբանտարկյալներին վերաբերող հարցում առաջընթաց կա: Սակայն Գ. Սահակյանը գտնում է, թե պետք չէ «աժիոտաժի տպավորություն ստեղծել, թե մենք անընդհատ ինչ-որ կառույցների պատասխան տալու պարտավորության առաջ ենք»: Ըստ նրա` որեւէ միջազգային կառույց, որեւէ ֆորում չի կարող Հայաստանի Հանրապետության համար պատժիչ մեքենա լինել. «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որի ընթացքը բավարար է: Գնահատականները կարեւոր են, բայց մենք մեր գործն ենք անում»: