«Janeգs Intelligence» հեղինակավոր վերլուծական կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` Վրաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանն ավելի է ամրապնդում իր ազդեցությունը Կովկասում:
Ըստ զեկույցի` դրա շնորհիվ է նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրվել հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հռչակագիրը: Ըստ « Janeգs»-ի` փաստաթուղթը չի վկայում հակամարտության վերջնական կարգավորման համաձայնեցման ավարտի մասին, սակայն այն նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պահպանմանը: «ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների ուշադրության կենտրոնում Վաշինգտոնում մեկնարկած իշխանափոխության գործընթացն է, ուստի այնտեղ մոսկովյան հռչակագիրն արժանացել է համեստ եւ ընդհանուր առմամբ դրական գնահատականի: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հռչակագրում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, եւ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակման կարեւորությունը»,- ասված է զեկույցում: «Janeգs Intelligence»-ի վերլուծաբանները նշում են, որ հայ-ադրբեջանական շփման գծում մարտի սկզբին տեղի են ունեցել լուրջ բախումներ, զոհվել է առնվազն 16 զինվոր: Հունիսին Ադրբեջանում տեղի է ունեցել խոշոր զորահանդես՝ առաջինը 1992 թվականից ի վեր: Դրա ընթացքում ցուցադրվել են Իսրայելից գնված TAR 21 Tavor մակնիշի ինքնաձիգները, IMI Lynx տեսակի հրթիռային կայանքները, անօդաչու ինքնաթիռները, նախկին խորհրդային պետություններից գնված հրետանու նոր համակարգեր եւ հրթիռներ: Օգոստոսին վրացական ուժերը ներխուժել են Հարավային Օսիա: Ադրբեջանում նախ հավանություն են տվել դրան` այդ երկրի ԱԳ նախարարությունն ընդգծել է, թե իրենք էլ ունեն ուժի դիմելու իրավունք: Սակայն Հարավային Օսիայում ռուսների պատասխան գործողություններն Ադրբեջանին ստիպել են վերանայել այդ մոտեցումը: Ըստ «Janeգs»-ի, Ղարաբաղի նկատմամբ այս պահին չկան նոր սպառնալիքներ Ադրբեջանի կողմից, քանի որ «այդ երկրում հասկացել են, որ Հայաստանի հետ պատերազմը կարող է հանգեցնել Ռուսաստանի միջամտությանը»: Ըստ նրանց` մոսկովյան հռչակագիրն առաջին հայացքից ընդամենը փաստում է, որ կողմերը հակված են բանակցային լուծում տալ հակամարտությանը: «Փաստաթղթում չկան այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարելի կլիներ մեկնաբանել իբրեւ զիջում Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից»: Այդուհանդերձ «Janeգs Intelligence»-ի վերլուծաբանները մոսկովյան եռակողմ հռչակագիրը համարում են կարեւոր զարգացում ղարաբաղյան խաղաղ գործընթացում, քանի որ մինչ այդ «միայն 1992թ. են երկու երկրների ղեկավարները՝ խորհրդարանների նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն (իրականում հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը.- խմբ.) ու 3աղուբ Մամեդովն Իրանի միջնորդությամբ ստորագրել համատեղ հայտարարագիր, իսկ 1994թ. հրադադարը կնքել են ավելի ցածր դիրք զբաղեցրած պաշտոնյաներ»:
Հռչակագրի առավել կարեւոր նշանակությունը, ըստ « Janeգs»-ի` Ռուսաստանի դերակատարության կարեւորումն է. «90-ականներին էլ Ռուսաստանը փորձել է Ղարաբաղի խնդրում ներկայացնել միակողմանի նախաձեռնություններ, սակայն դրանք, ի վերջո, «տորպեդահարվել են» ԱՄՆ-ի կողմից, քանի որ Վաշինգտոնն ամեն կերպ ձգտել է խափանել հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության նպատակով ռուսական ուժեր տեղակայելու հնարավորությունը: Այս դեպքում ԱՄՆ-ը եւ Եվրոպան ի պաշտոնե ողջունել են ռուսական դիվանագիտության ջանքերը, ինչը բացատրվում է ոչ միայն ուշադրությունը Վաշինգտոնում իշխանափոխության վրա սեւեռված լինելու իրողությամբ, այլեւ վրաստանյան ճգնաժամից հետո Կովկասում արտաքին քաղաքականության ասպարեզում նոր գլխացավանքից խուսափելու ձգտմամբ»: Իսկ վերջում «Janeգs»-ը եկել է հետեւյալ եզրահանգման. «Մոսկովյան հռչակագիրը չի նշանակում, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղություն կնքելուն, բայց այն երաշխավորել է ստատուս-քվոն, եւ Ղարաբաղի շուրջ նոր պատերազմն այժմ շատ ավելի անհավանական է թվում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացումն ու Ադրբեջանի նվազ հարձակողականությունը վերականգնում են ապագայում հարատեւ կարգավորման հասնելու հույսը»: