Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ամբողջ աշխարհին, այդ թվում` ռուսաստանցիներին հետաքրքրող թիվ 1 թեման է:
Ու մինչ Հայաստանի իշխանությունները խորհուրդ են տալիս առանձնապես շատ չխոսել այդ երեւույթի եւ հնարավոր հետեւանքների մասին` հասարակության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնելու համար, օրինակ՝ ՌԴ իշխանությունները, տնտեսագետներն ու փորձագետները՝ առավոտից երեկո ոչ միայն ուղիներ են փնտրում համաշխարհային ճգնաժամը հնարավորինս քիչ կորուստներով ու վնասներով հաղթահարելու համար, այլեւ բոլոր լրատվամիջոցներով փորձում են մարդկանց տեղեկացնել իրավիճակի, ֆինանսական-տնտեսական դաշտում տեղի ունեցող նորությունների, կառավարության կողմից ձեռնարկվող գործողությունների մասին: Եվ, ամենակարեւորը, իշխանության համապատասխան ներկայացուցիչները եւ փորձագետները, բնակչությանը իրավիճակը ներկայացնելուց բացի, նաեւ խորհուրդներ են տալիս, բացատրում են ստեղծված իրավիճակի բոլոր կողմերը: Մոսկովյան տրանսպորտային խցանումների մեջ ժամերով սպասող քաղաքացիները բիզնես-տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանով 15 րոպեն մեկ թարմ տեղեկություններ են ստանում: Իսկ ՀՀ իշխանությունները թերեւս չեն էլ կարող պատկերացնել, թե ինֆորմացիայի բացակայությունն ինչպիսի խուճապ կարող է առաջացնել հասարակության ստորին շերտերում: Արդեն իսկ ՀՀ քաղաքացիների մեծ մասը նախապատրաստվում է ճգնաժամի հետեւանքներին, որը, շատերի կարծիքով՝ դրսեւորվելու է համատարած սովի տեսքով: Ի դեպ, այդպես է սկսվում սոցիալական բունտը:
Իսկ մինչ Հայաստանում մարդիկ սպասում են, անծայրածիր, գերծանրաբեռնված ու գերբնակեցված Մոսկվան կենցաղային մակարդակում արդեն իսկ զգում է ճգնաժամի հետեւանքները. ավելին, ըստ մասնագետների՝ ճգնաժամի հետեւանքներն առավել զգալի կլինեն 2009թ. գարնանը: Որոշ ռեստորաններում եւ սրճարաններում ճաշացանկի գրքույկների առաջին էջերում խոշոր տառերով զգուշացվում է, որ կրեդիտ քարտերի միջոցով վճարումներ չեն ընդունվում: Ռեստորանների սեփականատերերը նկատում են, որ մարդկանց հոսքն օր օրի նվազում է: Խոսքն այն քաղաքի մասին է, որն արդեն մի քանի տարի ճանաչվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը. Մոսկվան այդպիսին է ոչ միայն անշարժ գույքի, այլեւ խանութներում վաճառվող ապրանքների գներով: Հատկապես վերջին տարիներին Մոսկվայի կենտրոնում հազարավոր հեկտարներով տարածությունների վրա ամենատարբեր «պլազաներ», հանրաճանաչ բրենդերի ապրանքատեսակների հանրախանութներ եւ զվարճանքի վայրերի կենտրոններ են կառուցվել: Նման առեւտրային կենտրոններից մի քանիսի սեփականատերերն, ի դեպ, Ռուսաստանում ապրող հայ գործարարներ են: Այդ կառույցների տարածքները վարձակալության են տրվում տարբեր ընկերությունների: Արդեն իսկ կարծիք կա, որ շատ շուտով այդ խոշոր խանութ-վաճառասրահները կվերածվեն պարզապես «ցուցասրահների», որտեղ մարդիկ կայցելեն ոչ թե գնումներ կատարելու, այլ ապրանքների գներին ծանոթանալու համար: Մոսկվայում կայծակնային արագությամբ են հասնում աշխարհի խոշորագույն ընկերությունների սնանկացումների, աշխատակիցների կրճատումների, օլիգարխների միլիոնավոր դոլարների հասնող կորուստների մասին լուրերը: Մոսկվայում, ուր հատկապես վերջին տարիներին նավթից ու գազից ստացվող միջոցներով հսկայածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում, որոշակի դադար է նկատվում: Բազմաթիվ ընկերություններ են դադարեցրել շինարարական աշխատանքները: Շինաշխատանքների մեջ ներգրավված հազարավոր մարդիկ մի քանի օրվա մեջ գործազուրկ են դարձել: Ըստ որոշ աղբյուրների` ԽՍՀՄ նախկին հանրապետություններից Ռուսաստանում, մասնավորապես` Մոսկվայում շինարարական աշխատանքներ կատարող թվով մի քանի միլիոն եկվոր աշխատակիցների` «խոպանչիների» աշխատանքից ազատելուց անմիջապես հետո նաեւ արդեն երկրից արտաքսում են: ՌԴ իշխանությունները մտահոգվում են, որ գործազուրկ «խոպանչիները» երկրում մնալու դեպքում շատ շուտով, ստիպված` հանցագործություններով պետք է զբաղվեն, այդ իսկ պատճառով՝ նրանց անմիջապես արտաքսում են երկրից: Անշարժ գույքի գները նվազում են` ինչպես ամբողջ աշխարհում (ի տարբերություն Հայաստանի), գործազրկությունն օր օրի ավելանում է կամ աշխատավարձերն են իջեցվում, ընկերություններ են փակվում, մարդիկ նույնիսկ ավելի քիչ են դիմում բուժհաստատություններ եւ այլն: Ռուսաստանյան գործարար եւ քաղաքական որոշ շրջանակներում այսօր քննարկվող թեմաներից մեկն էլ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հնարավոր հրաժարականն է: Նման խոսակցություններում գերիշխող երկու կարծիքներից մեկի համաձայն, Պուտինն այդպիսով ցանականում է խուսափել համաշխարհային ճգնաժամի պատճառով Ռուսաստանի կրած կորուստների պատասխանատվությունից: Այժմ ավելի քան նկատելի է, որ ՌԴ իշխանությունները երկրի տնտեսությունը կառուցելով նավթից եւ գազից ստացվող հսկայական միջոցների վրա` երկրում որեւէ լուրջ արտադրություն չեն խթանել: Նավթի գները ժամառժամ ընկնում են, շինարարությունը դադարեցվում է: Արտադրություն չկա: Եվ այս պայմաններում Պուտինը, հրաժարվելով վարչապետի պաշտոնից, կամրապնդի իր ղեկավարած կուսակցության դիրքերը` նախապատրաստվելով իշխանության վերադառնալուն: ՌԴ նախագահի կարգավիճակով: Պուտինի հնարավոր հրաժարականի թեմայով կարծիքների երկրորդ խումբը հիմնվում է այն հանգամանքի վրա, որ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ առաջիկայում նախագահի պաշտոնավարման ժամկետը 4-ից դարձվելու է 6 տարի: Պետդուման այդպիսով Սահմանադրությունը վերաձեւեց հաջորդ նախագահի «հագով». վերլուծաբանների որոշակի խումբ գտնում է, որ այդ փոփոխությունները հենց Պուտինի համար են իրականացվում:
Ինչ վերաբերում է ֆինանսական ճգնաժամի մոսկովյան դրսեւորումներին, ապա դրանցից մեկը կրկին արտագնա աշխատանքի մեկնածների հետ է կապված. նոյեմբեր-դեկտեմբերը սովորաբար արտագնա աշխատանքների մեկնողների` խոպանչիների` ընտանիք վերադառնալու ամիսներն են: Դեպի Ռուսաստան, Մոսկվա ավիաթռիչքներ իրականացնող ընկերությունների աշխատակիցները նկատում են, որ եթե Երեւան-Մոսկվա թռիչքների ժամանակ առավելագույնը 70 ուղեւոր են ունենում, ապա այս ամիսներին Երեւան վերադարձողների թիվը խոպանչիների հաշվին, որպես կանոն, եռապատկվում է: Սակայն ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածներից շատերի համար սրանք թերեւս վերջին թռիչքները կարող են լինել, քանի որ նրանցից շատերը ֆինանսական ճգնաժամի պատճառով գործազուրկ են դարձել: Ավելին, շատերին շինարարական ընկերությունների սեփականատերերից ոմանք կրճատումներից հետո վերջին աշխատավարձ էլ չեն վճարել: Օդանավակայանում նկատվում է, որ նրանցից շատերը նույնիսկ ի վիճակի չեն լինում թույլատրելիից ավելի իրենց բեռների համար վճարել: Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, որ ճգնաժամը կարող է չազդել Հայաստանի վրա: Նույնիսկ տարերային հնարավոր աղետների ժամանակ նորմալ երկրներում մարդկանց տեղյակ են պահում դրա հնարավոր ուժգնության մասին, ավելին` բացատրում են, խորհուրդ են տալիս` ինչպես վարվել, որպեսզի խուսափես դրա հետեւանքներից: Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է նախապես մարդկանց զգուշացնել հնարավոր երկրաշարժի մասին, եւ դրանից պաշտպանվելու, առաջին օգնության ձեւե՞րը ներկայացնել, թե՞ մարդկանց տեղյակ չպահել` իբրեւ թե ավելորդ խուճապ չառաջացնելու համար:
Չնայած, վերջին օրերին կարծես թե ՀՀ իշխանությունները հասկացել են, որ «ջայլամի կեցվածքը» առնվազն ծիծաղելի է, եւ իբրեւ թե ինչ-որ ծրագրեր են մշակում ճգնաժամին դիմակայելու վերաբերյալ: Սակայն դա արդեն նմանվում է «գնա մեռի՝ արի սիրեմ» ժողովրդական խոսքին: