Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող ստորագրահավաքին, ասել է, թե ստորագրահավաքի արդյունքում երբեք պաշտոնանկ չի արվում որեւէ թեմի առաջնորդ: Նա վստահեցրել է, որ թեմի առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից` Գերագույն խորհրդի հավանությամբ, ու նույն ճանապարհով էլ հեռացվում է: Հիշեցնենք, որ, ըստ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` իր դեմ ստորագրահավաքի նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Սակայն Տեր Վահրամը երեկ վստահեցրել է, թե իրենք չունեն հավաստի տեղեկություններ, որ, իրոք, ստորագրահավաքը կազմակերպել է Վ. Ղուկասյանը, սակայն նա չհերքեց, որ նրանց միջեւ տարաձայնություններ կան: «Մենք ցավում ենք, որ նման խնդիր է առաջացել թեմի առաջնորդի եւ քաղաքապետի միջեւ, որը, կարծես թե, արդեն անձնական հարթության վրա է փոխադրվում»,- ասել է նա` հավելելով, թե իր կարծիքով՝ շուտով այդ խնդիրը կկարգավորվի: Նա նաեւ նշել է, թե տեղեկություններ չունի այդ ստորագրահավաքի վերջնական նպատակի եւ պատճառաբանությունների վերաբերյալ, իսկ խնդրին էլ տեղյակ է այնքանով, որքանով լրատվամիջոցներն են փոխանցում: