Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հատուկ այցով ժամանելու է Հայաստան` մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով: «Ես նպատակ ունեմ գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով»,- այցից առաջ ասել է Համարբերգը, ով Երեւանում հանդիպելու է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի, փաստահավաք խմբի անդամների, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Ըստ ԵԽ տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության, Համարբերգը այցելելու է նաեւ ազատազրկման վայրեր։ Հիշեցնենք, սակայն, որ նախօրեին մեծ թվով քաղբանտարկյալներ հայտարարել են Համարբերգի հետ հանդիպումից հրաժարվելու եւ այսօր մեկօրյա հացադուլ կազմակերպելու մասին: Իսկ Համարբերգի այս այցի արդյունքներով են մեծապես պայմանավորում Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանում ընդունվելիք բանաձեւն ու պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Եվ եթե Համարբերգն իսկապես օբյեկտիվորեն «գնահատելու է առաջընթացը» (հիշեցնենք, որ նրա նախորդ այցից հետո գրեթե նույն թվով քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ, մարտի 1-ի 10 զոհերի սպանության որեւէ կոնկրետ իրականացնող բացահայտված չէ), ապա հունվարյան նստաշրջանում Հայաստանին, մեղմ ասած, լավ հեռանկարներ չեն սպասվում: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ այս ընթացքում ստորագրվել է մոսկովյան հռչակագիրը եւ ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ակտիվ փուլ» է սկսվել: Եվ Համարբերգի այցն ու նրա գնահատականները յուրահատուկ լակմուսի դեր կարող են խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի իրական զարգացումները հասկանալու համար: Եթե Համարբերգն իր այցից հետո «դրական առաջընթաց արձանագրեց «քաղբանտարկյալների իրավիճակի եւ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ», ուրեմն մեծ հավանականությամբ իրականությանը համապատասխանում են առաջիկայում ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ համաձայնագրի ստրորագրման մասին տեղեկությունները: