Պահանջում են լսումներ

23/11/2008

Նոյեմբերի 17-ին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից պաշտոնապես դիմել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին` ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ԱԺ լսումներ կազմակերպելու առաջարկով: Նամակում մասնավորապես ասված է. «Դեռեւս 2007թ. նոյեմբերի 3-ին «Ժառանգության» անունից Ձեզ էի դիմել ԱԺ-ում ԼՂ-ի հիմնախնդրի ու կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ կազմակերպելու առաջարկով: Սակայն դրա փոխարեն լսումներ կազմակերպվեցին հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, որոնք, ըստ էության, նույնպես շատ կարեւոր էին: ԼՂՀ խնդրի շուրջ եւ տարածաշրջանային ներկայիս զարգացումները վերստին վկայում են, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար այսօր էլ կարեւոր նշանակություն ունի այդ խնդրով լսումներ կազմակերպելը: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ լինելուց ու առաջարկով հանդես գալու իրավունք ունենալուց զատ` լիազորված եմ նաեւ «Ժառանգություն» խմբակցության անունից դիմելու Ձեզ` այս նստաշրջանի ընթացքում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ԱԺ լսումներ հրավիրելու առաջարկով, որոնք կարող են յուրատեսակ խթան հանդիսանալ տարածաշրջանային ահագնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու խնդրում»: