Մշուշապատ բանակցություններ

26/06/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում վերջին
շրջանում որոշակի ակտիվացում է նկատվում: Համենայնդեպս, այդ են վկայում
հակամարտող կողմերի ավելի հաճախակի դարձած հայտարարությունները: Իհարկե,
դրանք հնչում են առավելապես ադրբեջանական կողմից. Հայաստանի
իշխանությունները կամ լռում են, կամ լավագույն դեպքում հանդես գալիս
ադրբեջանական հայտարարություններին պատասխանողի դերում: Վերջին նման
հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը
«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանի եւ
Հայաստանի նախագահների Վարշավայում կայացած հանդիպումից հետո կարելի է
խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում
սկզբունքային հարցերի առնչությամբ առաջընթացի առկայության մասին:
Հիշեցնենք, որ Վարշավայում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը
հաջորդեցին հակամարտող կողմերի մի շարք հայտարարություններ, որոնք
երկուստեք հերքվեցին: Նախ, Ադրբեջանի արտգործնախարարը հենց Վարշավայում
հայտարարեց, թե հայկական կողմը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական յոթ
շրջանները եւ անգամ քննարկվում է այդ տարածքներից հայկական զորքերի
դուրսբերման ժամանակացույցը: Հայաստանի Արտգործնախարարությունը հերքեց
Մամեդյարովի հայտարարությունը՝ դա որակելով որպես «իրականությանը
բացարձակապես չհամապատասխանող» տեղեկատվություն: Սակայն դրանից անմիջապես
հետո հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ Մինկի խմբի ռուս համանախագահող
Յուրի Մերզլյակովը՝ ասելով, որ ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի
դուրսբերման հարցը միշտ էլ քննարկվել է եւ այդ գործընթացի ժամանակացույցը
նույնպես քննարկման ընթացքում է: Ինչ վերաբերում է Վարշավայի հանդիպմանը
հայկական կողմի արձագանքներին, ապա Երեւան վերադառնալով՝ արտգործնախարար
Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե բանակցություններում առաջընթաց է
գրանցվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Սակայն այս
հայտարարությունն էլ թուրքական մամուլի միջոցով հերքեց Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւը, որը հայտարարեց, թե կարգավիճակի հարցում չի կարող առաջընթաց
լինել, քանի դեռ Հայաստանը պնդում է Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու
առաջարկությունը: Մի խոսքով, դատելով Հայաստանի եւ Ադրբեջանի
իշխանությունների հետվարշավյան հայտարարություններից, տպավորություն է
ստեղծվում, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպման ընթացքում այդպես էլ որեւէ
կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել: Թեեւ բացառված չէ, որ Քոչարյանը
միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Մինսկի խմբին զորքերը դուրս
բերելու խոստում տված լինի, հետագայում դրանից հրաժարվելու մտադրությամբ:
Համենայնդեպս, վերջին շրջանում ակտիվացած «Ոչ մի թիզ հող թշնամուն»
կարգախոսով հավաքները վկայում են, որ այս պահին իշխանություններին
անհրաժեշտ է ստարտային վիճակում պահել «ներքին դիմադրության» գործոնը:
Հետաքրքիր է նաեւ, որ չնայած երկու կողմերի իրարամերժ
հայտարարություններին, որոնք ներկայացվում են որպես Վարշավայում կայացած
հանդիպման ոչ արդյունավետ լինելու ապացույց, վերսկսվելու են Հայաստանի եւ
Ադրբեջանի արտգործնախարարների՝ արդեն մի քանի ամիս ընդհատված
հանդիպումները: Արդեն հայտնի է, որ Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է
ունենալու հունիսի 17-ին Փարիզում: Այսինքն՝ Վարշավայում կայացած
հանդիպումից հետո Քոչարյանն ու Ալիեւն իրենց արտգործնախարարներին ինչ-որ
հանձնարարություններ են տվել, որոնց հիման վրա էլ պետք է ընթանան
բանակցությունները:
Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ երեկ Վիեննայում արտգործնախարար Վարդան
Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Թե կոնկրետ ինչ
հարցեր են քննարկվել, բնականաբար, հայտնի չէ: Սակայն դատելով Ադրբեջանի
արտգործ նախարարի հայտարարություններից, փարիզյան հանդիպման ընթացքում
քննարկվելիք հարցերի օրակարգն արդեն կազմված է: Ըստ Էլմար Մամեդյարովի,
այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են 7-9 հարցեր:
«Որոշ հարցերի շուրջ, մենք կարծում ենք, պայմանավորվածություն ձեռք
կբերվի, իսկ որոշ հարցերը, մենք գիտենք, որ շատ բարդ են: Մենք պետք է
քննարկենք յուրաքանչյուր հարցը»,- հայտարարել է Մամեդյարովը, նշելով, որ
քննարկվելիք հարցերի թվում լինելու է նաեւ Հայաստանից Ղարաբաղ եւ
Ադրբեջանից Նախիջեւան ընկած ճանապարհների բացման հարցը: «Խոսքն
ավտոմայրուղու եւ երկաթուղու մասին է: Մեզ թվում է, որ ավտոմայրուղու
բացումն ավելի է ձեռնտու մեզ համար: Ճանապարհների բացումը պետք է ձեռնտու
լինի երկու պետությունների համար էլ»,- ասել է Էլմար Մամեդյարովը:
Իսկ Փարիզի հանդիպումը ցույց կտա՝ բանակցային գործընթացում առկա
առաջընթացի մասին հայտարարությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը,
թե՞ ընդամենը քարոզչական բնույթ ունեն եւ հերթական անգամ
բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակ են հետապնդում: Բացառված չէ,
որ Փարիզում Օսկանյանն ու Մամեդյարովը համաձայնության գան միայն որոշ
ժամանակ անց կրկին հանդիպելու հարցում: Դա միակ տեսանելի արդյունքն է, որ
արձանագրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից
հետո: