Նախօրեին Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Դեյվիդ Կրամերը: Նրա հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը արեւմտյան ռադիոկայանների ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու` Ադրբեջանի իշխանությունների մտադրությունն է: Ըստ «Ազատության»` Կրամերը հանդիպել է Ադրբեջանի իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետ: Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Ազգային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարության հետ: Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը մտադիր է մինչեւ տարեվերջ որոշում ընդունել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Պաշտոնական հիմնավորումն այն է, թե հանրային հաճախականություններով պետք է հեռարձակվեն միայն հանրային արտադրության ծրագրերը: Այս առիթով մտահոգություն են հայտնել եւ՛ ԱՄՆ-ը, եւ՛ ԵՄ-ն ու ԵԽ-ն` պարզաբանում պահանջելով Ադրբեջանի իշխանություններից: Ադրբեջանցի պաշտոնյաները, մինչդեռ, շարունակում են պնդել, թե իրենք որեւէ ապօրինի քայլ չեն կատարում: «Մենք եւս մեկ անգամ կփորձենք Դեյվիդ Կրամերին բացատրել, որ մեր մտադրությունները համապատասխանում են ոչ միայն Ադրբեջանի օրենսդրությանը, այլեւ միջազգային պրակտիկային,- նախօրեին հայտարարել է Հեռուստառադիոխորհրդի նախագահ Նուշիրավան Մաղերամլին` ավելացնելով,- Այս պրակտիկան գոյություն ունի եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Եվրոպայում: Արդյոք Ադրբեջանի իշխանություններին դատապարտող երկրներն իրենց հանրային հաճախականությունները տրամադրո՞ւմ են օտարերկրյա հեռարձակողներին»: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երկօրյա այցի ընթացքում քննարկում է նաեւ ազատազրկված լրագրողների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրները, Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Կրամերի նախորդ այցը Ադրբեջան կայացել էր հունիսին` նախագահական ընտրություններից ամիսներ առաջ: