Հարազատ կառավարության գործելաոճը չարաճճի մանչուկի վարք է հիշեցնում: Մանչուկ, որ հերթական արարքից հետո հերթական նկատողությունն է ստացել: Ստացել ու աչքի պոչով շուրջբոլորն է զննում: Անդադար մտածելով՝ «Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, է՞լ ինչ անեմ»: Ու պատկերացրեք՝ ամեն անգամ անելիք գտնում է: Գտնում ու զարմացնում է հասարակությանը: Անցած մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովից մինչեւ զանազան բանավիճային ակումբներ հայկական հեռուստաեթերն էր քննարկում: Պարզվեց, որ բոլորը՝ իշխանություններից մինչեւ ջրկիրը խորհրդարանի, դժգոհ են հեռուստաեթերից: Իբր դրանք անմակարդակ հաղորդումներ են հեռարձակում: Նաեւ ապազգային ու արյունոտ սերիալներ: Սույնով փչացնում են մեր կայացած քաղաքացիական հասարակությունն ընդհանրապես: Ու մատաղ սերնդին՝ մասնավորապես: Հարազատ կառավարությունն իր մասնակցությունը հասարակական քննարկումներին չբերեց: Որոշ թերահավատներ սկսեցին լուրեր տարածել, որ կառավարությունն այդ մասին հատուկ կարծիք չունի: Ու այդպես թերահավատ էլ ապրում էին: Մինչեւ կառավարության հերթական նիստը: Այն նիստը, որի ընթացքում կառավարությունը որոշեց 2009թ. պետբյուջեում 1 ու կես մլրդ դրամ գումար նախատեսել նոր վիճակախաղի համար: Վիճակախաղ, որը հավանաբար նոր մակարդակի կբարձրացնի ազգիս հեռուստաեթերը: Ու կուղղորդի դեպի ստեղծագործական նորանոր հորիզոններ: Հունվարի 1-ից բնակչությանն առաջարկվում է քնքշորեն պահպանել խանութներից ստացած հաշվիչ-դրամարկղային կտրոնները: Դրանք խաղարկվելու են: Դատելով հատկացված մոտ 5 մլն դոլար գումարից՝ շահումները խոշոր են լինելու: Ահագին խոշոր: Եթե, իհարկե, գումարները չմսխվեն գովազդային տեսահոլովակների վրա: Տարիներ առաջ ՀՀ Կենտրոնական բանկն անիմացիոն տեսահոլովակ էր նկարել «Գնաճի հրեշի» մասին: Տեսահոլովակը չհաղթեց «Գնաճի հրեշին», որ տարիներ շարունակ ուղեկցում է մեզ: Երեւի այդ պատճառով այն այլեւս չի ցուցադրվում: Ու չի զարդարում մեր հեռուստաեթերը: Ոչինչ: Հիմա արժանի փոխարինող է գտնվել: «Աննախադեպ վիճակախաղ: Հաշվիչ-դրամարկղային կտրոնդ վերցրե՞լ ես: Ուրեմն շահել ես».- հավանաբար կազդարարի հեռուստագովազդը: Ու որեւէ հեռուստաընկերության եթերում կցուցադրվի հերթական հեռուստալոտոն: Ինչ-որ թվեր կհանվեն ինչ-որ պարկից ու կհայտնվեն հեռուստաէկրանին: Ինչ-որ մեկը հաղթող կհայտարարվի: Մի շաբաթ ցույց կտան, թե ինչպես է հերթական շահումը գտնում հերթական շահողին: Նա էլ կպատմի, թե ինչ ազնիվ շահում էր սա, ու ինչ կարեւոր սոցիալական խնդիրներ կլուծի այդ շահումով: Որպեսզի ամեն ինչ տեղը տեղին լինի՝ շահողների ցուցակը եւ շահումների թվերը կհայտնվեն օրաթերթերի էջերում: Այդ բովանդակալից ու պատասխանատու հրապարակումներով կլուծվի դեղին մամուլի հարցը: Այսինքն՝ դեղին հոդվածներ տպելու տարածք թերթերում չի մնա: Բոլոր հասարակագետները կվստահեցնեն, որ վիճակախաղերը ծաղկում են տնտեսական ճգնաժամ ապրող երկրներում: Նման իրավիճակներում, երբ մարդը հնարավորություն չունի աշխատավարձով իր կենցաղն ապահովելու, հույսը դնում է պատահականությունների վրա: Մարդկային հոգեբանության այս դրսեւորումի իմացությունը վիճակախաղերի կազմակերպիչներին հնարավորություն է տալիս նրանց ձեռքից տանել վերջին խնայողությունները: Այս գործընթացի ականատեսն էինք մենք 90-ականներին: Հիմա մեր վարչապետը համոզում է, որ մեր տնտեսությունն, ի տարբերություն մնացածի, ճգնաժամ չի ապրում: Համոզում է, բայց հույս ունի, որ կառավարության կազմակերպած վիճակախաղը զանգվածային հետաքրքրություն կառաջացնի: Դրանով իսկ հուժկու հարված կհասցնի ստվերային տնտեսությանը: Կհասցնի ու նույնքան հուժկու խթան կդառնա տնտեսական առաջընթացի համար: Հետաքրքիր տրամաբանություն է: Երբ մամուլը գրում է կոռուպցիայի ու ստվերային տնտեսության աճի մասին, ինչ որակման ասես չի արժանանում: Էլ անպատասխանատու, էլ դեղին, էլ չարակամ: Բայց ինքը՝ կառավարությունը, պատրաստվում է բյուջետային մեկ ու կես մլրդ դրամը կտրել սոցիալական ծրագրերից ու նվիրաբերել ստվերային տնտեսության դեմ պայքարին: Սա, իհարկե, առաջին քայլը չէ, որով կառավարությունն ընդունում է ստվերային տնտեսության գոյության փաստը: Հարազատ կառավարությունը ժամանակին նույնիսկ հայտարարում էր հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Այդ գործի համար էլ ահագին գումար է ծախսվել: Բայց ճիշտ այն պահին, երբ իշխանությունները խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հասարակական հետաքրքրության շատ խնդիրներ մղվում են երկրորդ պլան: Այդ պահին հասարակության համար պակաս հետաքրքիր են դառնում, թե ի՞նչ արժի պատգամավորի տեղը, ոստիկանապետի կամ նախարարի պաշտոնը: Այդ պահին առավել հետաքրքիր է դառնում, թե ի՞նչ արժե հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի աթոռը: Կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնացմանը զուգահեռ՝ այն ամենաշահութաբերն է դառնում երկրում: Որքան իշխանությունները անողոք են դարձնում ստվերային տնտեսության ու կոռուպցիայի դեմ պայքարը, այնքան քաղաքում ավելանում են շքեղ առանձնատներն ու ավտոմեքենաները: Մեր կառավարության գործունեությունը, ինչպես միշտ, հակասական է: Ճիշտ ու ճիշտ խորհրդային անեկդոտի նման, որ հավատացնում էր` «Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, բայց խաղաղության համար այնպիսի պայքար կընթանա, որ քարը քարի վրա չի մնա»: Ուրեմն «Խփե՛նք ստվերային տնտեսությանը հաշվիչ-դրամարկղային կտրոնների 1 ու կես մլրդ դրամանոց բյուջետային վիճակախաղով»: