2004թ. հունվարի 9-ին «Անտոնով-12» բեռնատար օդանավի անձնակազմը՝ Աշոտ
Կարապետյան, Սամվել Դարբինյան, Սամվել Մաճկալյան, Ռազմիկ Խաչատրյան,
Սուրեն Մուրադյան ու Աշոտ Սիմոնյան, աշխատելու նպատակով Երեւանից մեկնել
են Հասարակածային Գվինեա: Նրանց ձերբակալել են 2004թ. մարտի 8-ին՝
Գվինեայում հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ «Անտոնով-12» օդանավը պատկանում էր հայաստանյան «Տիգա Էյր»
ավիաընկերությանը, որը ստեղծվել է 2000-ին եւ կազմում է «Դվին» կոնցեռնի
ավիացիոն մասնաճյուղը: 2003-ին ավիաընկերությունը պայմանագիր էր կնքել
գերմանական «Central Asian Logistics(CAL)» ավիաընկերության հետ, համաձայն
որի՝ գերմանական կողմը վարձակալել է օդանավը՝ դեպի Հասարակածային Գվինեա
առեւտրային թռիչքներ իրականացնելու համար: «Տիգա Էյր» ավիաընկերությունը
մինչ օրս օդաչուների ընտանիքներին պայմանագրով եւ համաձայնագրով հասանելիք
աշխատավարձը չի տվել, ընդամենը 2004թ. փետրվարին է օդաչուների
ընտանիքներին վճարել՝ օդաչուներին` 900-ական դոլարի չափով, օդանավի
ինժեներին՝ 720 դոլարի չափով:
ՀՀ Արտգործնախարարությունը մեր թղթակցի արդեն մոտ մեկ տարի հնչող բազմաթիվ
հարցերին, թե՝ ինչպես է մեր պետությունը պատրաստվում պաշտպանել հայ
օդաչուներին, կա՛մ խուսափողական՝ լռեցնող պատասխաններ էր տալիս, կա՛մ
մամլո հաղորդագրություն տարածում, որտեղ ասվում էր, թե հայկական
պատվիրակությունը շարունակելու է հետեւել դատավարության եւ
հետդատավարության ընթացքին:
Այդ ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ-ն ընդամենը նամակ-ուղերձ են հղել Հասարակածային Գվինեայի
նախագահին՝ հայ օդաչուներին ազատ արձակելու կապակցությամբ:
2004թ. նոյեմբերի 26-ին դատավճիռը եղավ, որով 6 հայ օդաչուները
Հասարակածային Գվինեայում դատապարտվեցին 14-24 տարի ազատազրկման:
Դատավճռից հետո ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկ անգամ մեկնեց Գվինեա,
սակայն վերադառնալով ոչ միայն ոչ մի նոր բան չասաց, այլեւ ոչինչ
չկարողացավ անել:
2005թ. մարտի 3-ին «168 Ժամ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի
միության նախագահ Արա Աբրահամյանն ասաց. «Հայ օդաչուներին կարող եմ
օգնել»: Նա նաեւ նշեց, որ «օդաչուների Հայաստան տեղափոխելու խնդրում մենք
Սփյուռքի ուժերը միավորելով մի քանի անգամ արագ կարող էինք լուծել այդ
մարդկանց ազատման հարցը, քան Հայաստանը միայնակ: Ինձ ոչ ոք չի դիմել
Հայաստանից, այն դեպքում, երբ կարող էի շատ օգտակար լինել»: Արա
Աբրահամյանի այս հայտարարությունից հետո 6 անմեղ օդաչուների ընտանիքները
մեր թերթի միջոցով գրավոր բաց նամակով դիմեցին Ռոբերտ Քոչարյանին, Վարդան
Օսկանյանին, Արա Աբրահամյանին՝ խնդրելով Ա. Աբրահամյանին որպես լիազորված
անձ օգնել օդաչուներին:
ՀՀ նախագահը, արտգործնախարարը եւ բոլորը Ա. Աբրահամյանի այս առաջարկի
մասին առաջին անգամ տեղեկացան մեր հրապարակումից: Ա. Աբրահամյանը սկսեց
ակտիվորեն զբաղվել, հանդիպել հանգուցյալ Հովհաննես-Պողոս II պապի հետ, որը
նամակով դիմեց Գվինեայի իշխանություններին: Շուտով Ա. Աբրահամյանը
օդաչուներին Գվինեա դրամական աջակցություն հասցրեց՝ թողնելով իր
այցեքարտը, որպեսզի օդաչուները հասկանան, որ անտեր չեն, եւ իրենցով
զբաղվող կա:
2005թ. մարտի 25-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ա. Աբրահամյանի հանդիպումը
օդաչուների կանանց հետ: Արտգործնախարարությունն արգելեց լրատվամիջոցների
ներկայությունն այս հանդիպմանը, որի ժամանակ Ա. Աբրահամյանը հարազատներին
պատմում էր՝ ինչ է արել եւ հուսադրում, որ օդաչուները կվերադառնան իրենց
ընտանիքներ:
Այսօր արդեն հայտնի է, որ ի վերջո Ա. Աբրահամյանն օգնեց 6 հայ օդաչուներին
եւ ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, օդաչուները կլինեն Մոսկվայում, ապա
կվերադառնան Հայաստան: Երեկ Ա. Աբրահամյանի գրասենյակից օդաչուների
հարազատներին հնարավորություն է տրվել հեռախոսազրույց ունենալ: Երկու
կողմն էլ, չափազանց հուզված, միայն ասել են, որ 2-3 օրից տանը կլինեն:
Սեփ. լր.