Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոյեմբերի 18-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բալթյան երկրներ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, նույն օրը` առավոտյան, Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի արտաքին գործերի նախարար Պետրաս Վայտեկունասի հետ: Նա այցելել է նաեւ 1579 թ. հիմնադրված եւ Արեւելյան Եվրոպայում առաջիններից մեկը համարվող Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Ջուոդկայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Վիլնյուսի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունը: Այնուհետեւ համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետում Է.Նալբանդյանը հանդես է եկել «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Հայկական հեռանկարը» թեմայով դասախոսությամբ: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեկունասը պաշտոնական ընթրիք է տվել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատվին: Երեկ Նալբանդյանը ուղեւորվել է Լատվիա: