Փող տվեք, արագացրե՛ք

23/11/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկվա տնտեսական լրահոսը բավականին հետաքրքիր էր` փող, փող ու փող։ Ընդ որում` միայն մեկ ուղղությամբ՝ ուզում ենք, ուզում ենք ու էլի ենք ուզում։

«Տիգրան Սարգսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին առաջարկել է բանկի ղեկավարության հետ քննարկել Վաշինգտոնում իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ՀՀ-ի փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին, իրականացնել որքան հնարավոր է շուտ»։

Եթե ՀԲ-ի դեպքում գումարը դեռ չկա, ապա Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն «կպել» է։ «Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատեց շուրջ 13.6 միլիոն ԱՄՆ-ի դոլար եռամյա վարկի տրամադրումը Հայաստանի Հանրապետությանը՝ Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի ներքո, ի աջակցություն կառավարության մինչ 2011 թ. տնտեսական ծրագրին: Այդ որոշմամբ Հայաստանը հնարավորություն կունենա ԱՄՀ-ից անմիջապես ստանալու 1.31 միլիոն SDR-ի համարժեք գումար (շուրջ 1.9 միլիոն ԱՄՆ-ի դոլար)»: Իհարկե, 250 միլիոնի հետ չես համեմատի, բայց էլի բան է։

Ասիական զարգացման բանկն էլ ինքն է նախաձեռնություն ցուցաբերել մեզ փող տալու հարցում։ «Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը հանդիսանում է հնարավոր նախագծերից մեկը, որը կարող է ֆինանսավորել Ասիական զարգացման բանկը»,- ասել է ԱԶԲ նախագահ Հարուհիկո Կուրոդան: Իհարկե, այս դեպքում մի քիչ դժվար է հավատալ, որովհետեւ խոսքը գնում է 1.5-2 միլիարդ դոլարի մասին։ Բայց ԱԶԲ-ից արդեն հաջողվել է մի փոքր պոկել. երկաթուղու շինարարության նախագծային-նախահաշվարկային աշխատանքները՝ 1.5 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհային միջոցներով:

Այս ամենը կարդալով՝ քիչ է մնում մոռանաս, որ փող ուզողը Հայաստանն է՝ արդեն գրեթե 10 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ արձանագրող կովկասյան վագրը, «կայունության նավահանգիստն» ու ապագայի ֆինանսական կենտրոնը։

Բայց մի մտահոգվեք՝ մեզ թույլ չեն տա մոռանալ մեր փայլուն տնտեսական նվաճումները։ Օրինակ, երեկ, «ուզվորական» այս հաղորդագրությունների ֆոնին լուսավոր երանգ է հաղորդել Տնտեսական քաղաքականության եւ իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC)՝ իր «Հայաստանի տնտեսական զարգացումներ – 2007» տարեկան զեկույցով։ «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ՀՆԱ երկնիշ աճի ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը 181 երկրների շարքում»,- երեկ ասել է AEPLAC-ի ղեկավար Գագիկ Գաբրիելյանը։ Լրատվական գործակալությունները մեջբերել են նաեւ հիշյալ միջոցառման ընթացքում նշված այլ տվյալներ՝ օրինակ՝ այն, որ 2007թ. արձանագրված 13.8%-անոց տնտեսական աճի ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2001թ. ցուցանիշը, իսկ դոլարային համարժեքով՝ 4 անգամ՝ հաշվի առնելով փոխարժեքի տատանումները։ «AEPLAC»-ը լուրջ կազմակերպություն է, համալրված լուրջ մասնագետներով։ Սակայն ունի մի շա՜տ բնորոշ գիծ՝ նրա տարեկան զեկույցները միշտ համեմված են դրական գույներով։ Անգամ դրամի արժեւորումը, որը սնանկացրել է հայրենի արտադրողներին, այստեղ ներկայացված է որպես ուրախալի մի լուր։

Ինչեւէ, լավատեսությունը վատ բան չէ։ Ավելի լավ է մեկ այլ հարցի մասին խոսենք. ինչպե՞ս ՀՀ հպարտ քաղաքացին հասկանա, որ տնտեսական աճով աշխարհի 6-րդ տեղը զբաղեցնող իր երկիրը 250 միլիոն դոլար է ուզում պարտք անել՝ եւ «որքան հնարավոր է՝ շուտ»։ Այսինքն՝ «վիզ» պետք է։

Իհարկե՝ դժվար է հասկանալ։ Եվ այստեղ օգնության է հասնում այն, ինչը ժամանակին խանգարում էր՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Ինչպես Ֆիլիաս Ֆոգն էր ասում. «Իսպոլզույ տո չտո պոդ ռուկոյ ի նե իսչի սեբե դրուգոյե»։ Իսկ ի՞նչ երեսով միջազգային ճգնաժամը կարելի է օգտագործել, եթե այն ժամանակին արհամարհում էին, անգամ «լայեղ» չէին անում խոսել այդ մասին։ Կստացվի՝ ժամանակին անլուրջ էին վերաբերվում, իսկ հիմա՝ այնքա՜ն լուրջ, որ շտապ փող են հայթայթում։ Եվ այստեղ գործի է անցնում հերթական հանճարեղ ձեւակերպումը՝ ճգնաժամի երկրորդ ալիքին դիմակայելու համար։ Այսինքն, առաջին ալիքը ֆինանսական ճգնաժամն էր, որին դիմակայեցինք (որովհետեւ ֆինանսական շուկա չունենք)։ Երկրորդ ալիքը տնտեսական ճգնաժամն է, որն արդեն իրեն զգացնել է տալիս Հայաստանում՝ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Հայաստանը, ըստ Տիգրան Սարգսյանի, կարողացավ դիմակայել ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին, այժմ, սակայն, երկրորդ՝ տնտեսական ճգնաժամի ալիքն է մտահոգում աշխարհի երկրներին, եւ Հայաստանը եւս դրա ազդեցության մեղմման ուղղությամբ պետք է քայլեր նախապատրաստի: Պա՞րզ է։ Այսինքն՝ էլի հարց չկա, հզոր ենք, տպավորիչ ենք, վագր ենք, բայց փող է պետք, որ նեղը չընկնենք հանկարծ՝ սեւերես անելով թե՛ մեզ, թե՛ այն միջազգային կազմակերպություններին, որոնց զգոն հայացքի ներքո ու խորհուրդներով ենք առաջ տանում բարեշրջումները։

Դրա համար էլ արդարացումներ գտնելու հարցում հայրենի իշխանություններին օգնում են նաեւ փող տվողները՝ օրինակ

ԱՄՀ-ն։ «Վատթարացող արտաքին միջավայրը կարող է նաեւ ավելացնել Հայաստանի ֆինանսավորման կարիքները եւ միգուցե պահանջել իրավիճակի վաղաժամկետ դիտարկում»,- ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ։ Այս ամենի ֆոնին հիշում ես հայտնի անեկդոտը, երբ տարիքն առած մի մարդ ինչ-որ տեղ է գնում, եւ ճանապարհը դեմ է առնում մի առվակի։ Ցատկում է առվակի վրայով, բայց չի կարողանում ու ընկնում է ջրի մեջ։ «Հե՜յ գիտի ջահել օրերս»,- ասում է նա, հետո, տեսնելով, որ շուրջը մարդ-մուրդ չկա, ավելացնում է. «Չնայած, որ ճիշտն ասենք, ջահել վախտ էլ մի բան չէի»։ Հիմա իսկ եւ իսկ մեր իշխանություններն են՝ ընկել սրանից-նրանից փող են ուզում՝ այս անգամ «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու Հայաստանի կառավարության միջոցառումների ծրագրի» շրջանակներում՝ խոստովանելով, որ ճգնաժամն, այնուամենայնիվ, ազդեց Հայաստանի վրա։ Բայց վհատվել պետք չէ։ Չէ՞ որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է անգամ օգուտ տալ մեր երկրին՝ միգուցե եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեն խնայողությունները պահել Հայաստանում ու այստեղ ներդրումներ անել։ Իսկ երկրորդ ալիքի՝ տնտեսական ճգնաժամի՞ց ինչ կարող ենք ակնկալել։ Պարզվում է՝ այստեղ էլ ուրախանալու բան կա, եւ այդ ավետիսը երեկ հայտնել է AEPLAC-ի ղեկավար Գ. Գաբրիելյանը։ Նա նշել է, որ բենզինի, եւ ընդհանրապես՝ Հայաստան ներմուծվող ապրանքների գնանկումը ձեռնտու է բնակչությանը, գնաճը զսպվում է։ Հիմա ի՞նչ՝ ուրախանա՞նք։ Կարելի է, բայց… Որքան էժանանում են ներմուծվող ապրանքները, այնքան քիչ հարկ է վճարվում պետական բյուջե։ Իսկ երբ բյուջեն նեղն է ընկնում, որպես կանոն, դրա համար վճարում է հասարակ քաղաքացին։