«Իմ դեմ չեն կարող գործ սարքել»

26/06/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեքշաբթի երեկոյան ժամը 21-ից մինչեւ լուսադեմ՝ 4-ն անց երեսուն րոպեն
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանն (Ադմիրալ)
ու նրա 30 համախոհները գտնվել են Շահումյանի շրջանի ոստիկանական
բաժանմունքում: Պատճառը նախորդ օրը թաղապետի թեկնածու Աղվան Գրիգորյանի
համախոհ Սեւ Ռաֆոյի մեքենայի պայթեցումն էր:

Ս. Հովսեփյանը պնդում է, որ ինքն այդ մասին իմացել է միայն այն բանից
հետո, երբ երեքշաբթի օրն առավոտյան 30 ոստիկաններով «այցելել» են իր քրոջ
բնակարան` քրոջ աղջկան, որը Ս. Հովսեփյանի վստահված անձն է եղել,
«հրավիրելու» ոստիկանական բաժանմունք: «Ես ինքս գնացի քրոջս տուն`
պարզելու, թե ինչ է տեղի ունենում: Ոստիկաններն ինձ ասացին, որ եկել են,
տանեն բաժանմունք: Ասացի, որ դրա համար օրենք գոյություն ունի, բերեք
դատարանի սանկցիան: Այդ ժամանակ էլ ինձ չասացին, թե ինչի համար են ուզում
տանել: Դրանից հետո ես հետ եկա շտաբ, ու այդ ժամանակ զանգեր եղան, որ իբր
Սեւ Ռաֆոյի մեքենան են պայթեցրել: Ծիծաղս եկավ ու ես նույնիսկ կատակեցի,
թե ափսոս էլ է, թող գոնե մի հատ «Ջիփ» պայթեցնեին, այդտեղ է՞լ են
ժլատություն անում: Անկեղծ ասած, չհավատացի, բայց հետո տեսա, որ լրջանում
է, ու սկսվում են մասսայական խուզարկություններ»,- ասաց Ս. Հովսեփյանը`
հավելելով, որ չնայած դատարանի կողմից խուզարկություններ անցկացնելու
ընդամենը 5 սանկցիա է եղել, բայց ոստիկանները շուրջ 20 մարդու տուն են
խուզարկել, այնուհետեւ նրանց տարել ոստիկանության բաժին: Ս. Հովսեփյանի
հավաստմամբ, ինքը չէր կարող պայթեցնել Սեւ Ռաֆոյի մեքենան, որովհետեւ «Սեւ
Ռաֆոն շատ լավ, կարգին անձնավորություն է», որին ինքը ճանաչում է
«երիտասարդ տարիներից, նույն թաղում ենք բնակվում»: Բացի այս, ինչպես նշեց
Ադմիրալը, «նա այս ընտրությունների ժամանակ ակտիվություն չի էլ
ցուցաբերել», եւ հնարավոր չէ հստակ ասել, թե նա ում կողմնակիցն է եղել.
«Դժվար է ասել, բայց չի բացառվում, որ Ա. Գրիգորյանի համախոհն է եղել,
որովհետեւ իրենք փողոցներով ավելի մոտ են, քան մեր փողոցն է: Իմ շտաբի
աշխատակից Հայկի քրոջ ամուսինն է, նման հարաբերություններ էլ կան: Ես
անգամ Հայկին խնդրել եմ, որ նա զանգի իր փեսային, ես խոսեմ նրա հետ,
որովհետեւ կարող է մի ինչ-որ երրորդ մարդ լինի արած, որ հետո պատմություն
չլինի: Հայկը զանգում է, բայց նրա քրոջ որդին է վերցնում ու ասում է, թե
չի ուզում խոսել: Հասկացա, որ կոպիտ ասած, ցրում է: Ասի՝ լավ: Հետո ինձ իր
մոտ է հրավիրել քաղաքի Ոստիկանության վարչության պետը, ես գնացել եմ,
զրուցել ենք, ասել եմ` խնդիր չկա, ինչ կարվի, թող արվի օրենքի
շրջանակներում, որպեսզի ավելորդություններ չլինեն: Դա ժամը 15:00-ն էր:
Իսկ երեկոյան 21:00-ի մոտակայքում ինձ զանգահարում է Քաղաքային վարչության
պետը ու ասում է` մի հատ բարձրացի Ոստիկանություն, մի երկու թուղթ կա,
նայի, գրի, ստորագրի, հետ արի: Ասացի` խնդիր չկա: Երբ ուզում էի նստել
մեքենաս, իմ շտաբ լցվեցին մոտ 15 ոստիկան` 5 մեքենաներով: Շտաբում
մոտավորապես 30 մարդ կար: Ոստիկանապետին հարցրի, թե ո՞րն է խնդիրը, ասաց`
գնանք բաժին: Ասացի` գնանք, հարց չկա: Ես ու ոստիկանապետը` Գագիկը,
մարտական ընկերներ ենք, նորմալ անձնավորություն է: Հետո շտաբից ինձ
ասացին, թե բոլորին ուզում են տանել բաժին, ասացի` որեւէ դիմադրություն
չցուցաբերեք, հանգիստ նստեք մեքենաներն ու բոլորդ եկեք: Ես եմ հրահանգ
տվել, որպեսզի ավելորդ քաշքշոց չլինի: Բաժանմունքում փորձագետները բոլորիս
մատնահետքերն ու եղունգների հետքերը վերցրին` պարզելու՝ եղունգների տակ
պայթուցիկի քիմիական նյութ կա՞, թե՞ ոչ: Ոստիկանության աշխատակիցներին ես
փորձում էի խելք սովորեցնել, որ ես այդ պահին անձեռնմխելի եմ, քանի որ չկա
սանկցիա: Այնտեղ նորմալ զրուցել ենք, ես ասել եմ` բոլորին հարցաքննեք, ու
նաեւ ասել եմ, որ պահանջում եմ, որպեսզի անպայման գտնվի ոչ միայն
կատարողը, այլեւ պատվիրատուն, որովհետեւ այդտեղ անպայման դիմակ է
բացվելու: Այն մարդը, որը խառնված է եղել ընտրությանը կեղծիքներով, չի
բացառվում, որ այդ նույն անձնավորության ձեռքի գործը լինի: Չեմ բացառում
նաեւ երրորդ անձի առկայությունը, որպեսզի փորձեն այս համայնքում
բարդություններ, կոնֆլիկտներ ստեղծել»,- հայտարարեց Ադմիրալ Սամվելը:
Չնայած նրան, որ Շահումյանի ոստիկանությունն անօրինական է ամբողջ գիշեր
իրեն ու իր համախոհներին պահել ոստիկանական բաժանմունքում, Ս. Հովսեփյանը
գտնում է, որ այն նաեւ դրական նշանակություն է ունեցել. «Քննություն պիտի
կատարվի թարմ վիճակում, սա նաեւ օգուտ է նախաքննությանը, որպեսզի
եղունգների տակից հայտնաբերվի նույն քիմիական բաղադրությունը, ինչ
պայթուցիկի մեջ է եղել»,- ասում է նա: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են հենց
իր կողմնակիցներին ու իրեն կասկածում, Ս. Հովսեփյանը պատասխանեց. «Չեմ
կարող ասել, բայց հնարավոր չէ՞, որ մի մարդ գա ինչ-որ մեկի պատվերով,
դառնա քո թիմակիցն ու դիմի նման քայլի: Գյուղ չկա, որ շուն չլինի: Ես
համարում եմ, որ դա անհրաժեշտություն էր: Ճիշտ է, ոստիկանության կողմից
օրենքի խախտումներ եղել են, բայց ես դա գնահատում եմ դրական»: «Նույն
տրամաբանությամբ` հնարավոր չէ՞, որ հենց ձեր թիմակիցները պայթեցրած լինեն
այդ մեքենան» հարցին Ս. Հովսեփյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ
Ռաֆիկը չի եղել այն ակտիվ անձնավորությունը, որ արվեր: Այնտեղ ավելի ակտիվ
մարդիկ են եղել, որոնց նկատմամբ այդ բանը չի կատարվել: Հետո` իմ մրցակցի
բնակարանն այլ թաղամասում է, Ռաֆիկինը` այլ: Այնպես որ, այստեղ մտածելու
շատ հարցեր կան»: Թեկնածուն նաեւ չի բացառում, որ այս կերպ փորձում են իր
դեմ «գործ սարքել», որպեսզի ինքը դատարանից հետ վերցնի այն դատական հայցը,
որով պահանջում է անվավեր ճանաչել համայնքի ընտրությունները, քանի որ Ա.
Գրիգորյանն, օրենքի պահանջի համաձայն, ամբողջությամբ չի հայտարարագրել իր
սեփականությունը: «Չի բացառվում, որ հիմա ձեռքները փրփուրներին են գցում:
Միգուցե ուզում են իշխանություններին ապակողմնորոշել, թե տեսեք` կրվել են,
օգտագործել են պայթուցիկ, հիմա էլ գնում են դատարան: Ես այդ վարկածը չեմ
բացառում»: Ս. Հովսեփյանը, սակայն, իր դեմ «գործ սարքելուն» ուղղված բոլոր
միջոցները համարում է անհույս, քանի որ, իր իսկ խոսքերով, ինքն
անձեռնմխելի է, եւ որեւէ մեկը չի կարող իր դեմ «գործ սարքել»: «Ինձ չեն
ձերբակալի, չեն էլ կարող: Իրենք չեն էլ կարող իմ գլխին գործ սարքել,
որովհետեւ իմ անցյալը մաքուր է, բարձրագույն պարգեւների տեր մարդ եմ: Հենց
այնպես մարդ չեմ: Իմ բռնած գործն արդար է»,- վստահեցնում է նա:
Մեր հարցադրումը, թե ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ որեւէ ճնշում
գործադրվե՞լ է, որպեսզի վերջինս դատարանից հետ վերցնի հայցը, Ադմիրալը
կտրականապես հերքեց` ասելով. «Կոնկրետ դրա մասին խոսք չի եղել: Եթե ես
ուզենայի, դուրս կգայի բաժնից, կգնայի: Բայց ես ասել եմ` գնալու եմ այն
ժամանակ, երբ վերջին մարդը դուրս կգա: Պատերազմի դաշտում էլ մինչեւ վերջին
մարդը դուրս չի եկել, ես դուրս չեմ եկել: Ես, որդիս, քրոջս տղան, փեսաս,
մտերիմ մարտական ընկերներս բացատրություն ենք տվել, թե որտեղ ենք եղել այդ
օրը եւ մինչեւ այդ պահը»:
Ի դեպ, Ս. Հովսեփյանը վստահ է, որ իր եւ իր համախոհների դեմ կատարվող այս
անօրինականությունների հետ որեւէ կապ չունեն իշխանությունները: «Վստահ եմ,
որ Դատախազությունն էլ տեղյակ չէր այդ մասին, որովհետեւ Դատախազությունից
մարդ էին ման գալիս ոստիկանությունում, բայց ժամուկես հետո գտան: Դա,
այսպես ասած, իշխանությունների կողմից նախապատրաստված այց չէր, որովհետեւ,
եթե այդպես լիներ, ապա, բնականաբար, ուժային բոլոր կառույցները քնած չէին
լինի, տանից չէին հանի, բերի»,- հայտարարեց Ադմիրալը, որն
ընտրություններում իր ամենամեծ սխալը համարում է իր «մրցակիցների չափ փող
չունենալը»: Իսկ ինչ վերաբերում է երեկվա դատական նիստին, որտեղ Ս.
Հովսեփյանի վստահված անձը թիվ 11 ԸԸՀ-ին մեղադրում էր անգործության մեջ,
որը չի քննարկել իր կողմից ներկայացված դիմումը, որով պահանջում էր
ստուգել Ա. Գրիգորյանի հայտարարագրած սեփականության մասին փաստաթուղթը,
ապա այն հետաձգվեց մինչեւ հունիսի 10-ը: Մինչ այդ թիվ 11 ԸԸՀ նախագահ Օլեգ
Գրիգորյանը պնդում էր, թե ԸԸՀ-ն քննարկել է այդ հարցն ու կայացրել է
համապատասխան որոշում, եւ, համաձայն օրենքի, գրանցել է հանձնաժողովի
մատյանում: Սակայն, ըստ Օ. Գրիգորյանի, որոշում կայացնելու եւ
արձանագրելու պահին ներկա չէր կարող լինել Ս. Հովսեփյանի վստահված անձը,
քանի որ նա 13:30-ին ԸԸՀ-ից դուրս է եկել: Դատավորը որպես ապացույց
պատասխանող կողմից պահանջեց դատարանին ներկայացնել գրանցամատյանը: Սակայն
պարզվեց, որ ԸԸՀ-ն որոշում կայացրել է ժամը 12:00-ին, իսկ այդ ժամին,
ինչպես նիստի ընթացքում հայտարարեցին կողմերը, Ս. Հովսեփյանի վստահված
անձը դեռեւս ԸԸՀ-ում է եղել: Թերեւս սա էր պատճառը, որ դատավորը ստիպված
եղավ հետաձգել դատական նիստը:
Ի դեպ, Ս. Հովսեփյանը հայտարարեց, որ ինքը բացի այս հայցից մեկ այլ «լուրջ
սյուրպրիզ» էլ ունի, որը կգաղտնազերծի, եթե դատարանը կողմնապահություն
դրսեւորի: «Սա դեռ ի՞նչ է: Սրանք դեռ ճտերն են»,- վստահեցնում է Ադմիրալը: