Ամեն մարդ ինքն իր բժիշկն է

23/11/2008 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգությամբ հնդկուհի Արորա Սանտոշ-Կումարին 1987 թվականից բնակվում է Հայաստանում ու գերազանց տիրապետում է հայերենին: Նրա գործունեության բնագավառները բավականին ընդգրկուն են. բանասիրական գիտությունների թեկնածուն հայ իրականության մեջ կիրառում է հնդկական ժողովրդական բժշկության ավանդույթները, զբաղվում է ֆիտոթերապիայով: «Ես համաձուլված եմ հայ ժողովրդին եւ նրա թույլտվությամբ ինձ համարում եմ նրա մի մասնիկը»,- ասում է հնդկուհին։ Ընդ որում, նրա խոսքերի անկեղծությանը կարելի է չկասկածել՝ հաշվի առնելով, որ ամուսինը հայ է, եւ նրանք ունեն 3 դուստր ու 2 որդի: Արորա Սանտոշը համարվում է ժանակակից ռեյկիի յոթերորդ սերնդի ներկայացուցիչ։

– Ի՞նչ է ռեյկին:

– Ռեյկիի միջոցով տիեզերական էներգիան հաղորդվում է մարդկանց: Ի տարբերություն էքստրասենսների, որոնք աշխատում են հեռավորության վրա, ռեյկիի ուսուցիչներն աշխատում են անմիջական շփման միջոցով՝ ձեռքը դնելով մարդու հիվանդ մասին: Այդ պահին մենք դառնում ենք խողովակ, հրավիրում ենք ռեյկիին, էներգիան սկսում է հոսել: Ռեյկիով զբաղվել է եւ՛ Բուդդան, եւ՛ Հիսուսը: Բուժման այդ մեթոդը երկար ժամանակ մոռացության էր մատնվել: Հետագայում ճապոնացի Միկաո Ուսուին, ով համարվում է ժամանակակից ռեյկիի հիմնադիրը, 40 օր ծոմ պահելուց եւ բարձր սարի վրա մեդիտացիա անելուց հետո, տիեզերքից ստացավ այդ խորհրդանիշերն ու շնորհը: Միկաո Ուսուի միջոցով ռեյկին երկնքից վերադարձավ երկիր: Ես տիրապետում եմ այդ տեխնիկային, որը շատ քչերին է տրված:

– Դուք ներկայումս համարվում եք մերսման առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագետներից մեկը: Ձեր մերսման գաղտնիքն ինչո՞վ է տարբերվում այդ գործով զբաղվող բազմաթիվ մասնագետների մեթոդից:

– Մերսելու համար մարդուն սիրել է պետք: Եթե մարդուն չես սիրում, պետք չէ դիպչել նրա մարմնին: Սիրով արված գործի էներգետիկան հզոր է: Մերսումը սթրեսը հանելու հիանալի միջոց է: Այն անգամ հղի կանանց է խորհուրդ տրվում: Հնդկաստանում նորածինն ու ծննդաբերած կինը 40 օր պետք է պարտադիր մերսվեն, որովհետեւ երկունքի պահին երկուսն էլ սթրես են ապրել: Այն սկեսրոջը, որը մերսող չի վարձում հարսի եւ նորածնի համար, Հնդկաստանում լավ աչքով չեն նայում եւ պարսավանքի են արժանացնում՝ ժլատության համար: Մերսումը հնդիկ ժողովրդի համար մեծ մշակույթ է, նրանք գրեթե ամեն օր մերսվում են, իսկ ոտքերն ու գլուխը մերսելով յուղում են: Հնդկաստանի ազգային դպրոցներն արգելում են դպրոց հաճախել այն երեխաներին, որոնց գլուխը յուղված չէ: Դա ծիսական պարտադրանք չէ, այլ բուժիչ սովորույթ է: Յուղման ժամանակ գլխի մաշկի ծակոտիները լայնանում են, խթանվում է թթվածնի ներհոսքը ուղեղ, որն էլ բարելավում է աշակերտի արյան շրջանառությունը, հիշողությունն ու ընկալունակությունը:

– Փաստորեն, Դուք հայկական ոչ ավանդական բժշկությունը հարստացնում եք հնդկական ժողովրդական բժշկության առանձնահատկություններով:

– 5000 տարվա պատմություն ունի հնդկական ավանդական բժշկությունը՝ այուրվեդան, որը թարգմանաբար նշանակում է՝ գիտություն կյանքի մասին: Դրա մեջ մտնում է ճիշտ սնվելը, քնելը, ինչպես նաեւ՝ ներսում ատելություն ու նախանձ չպահելը, որը նվազեցնում է մարդու էներգիան: Լցվեք մարդկանց նկատմամբ սիրով, ներեք նրանց: Եթե սկսեք ապրել այնպես, ինչպես ասում եմ, ձեզ շատ երջանիկ կզգաք: Երջանկությունը դրամի, ավտոմեքենայի կամ շքեղ բնակարանի մեջ չէ: Այն կարճատեւ երջանկություն է: Իսկ սրտի խորքի երջանկությունը մշտական է:

– Դուք Ձեզ բժիշկ համարո՞ւմ եք:

– Ոչ, բժիշկը միայն Աստված է: 10 տարի բժշկական կրթություն ստանալուց հետո էլ ոչ ոք չի կարող մարդ փրկել, նրան հիվանդությունից ազատել: Միայն տվյալ մարդու հավատը, միայն Աստված ու աստվածապաշտ մարդը կարող է անգամ սովորական ջուր խմելուց բուժվել: Մարդը կարող է աղոթել եւ փրկվել: Ամեն մարդ իր բժիշկն է: Բնությունը մեզ պարգեւել է մի մարմին, որը բացարձակ իդեալական է: Եթե ցերեկվա ընթացքում մեր մարմնի հետ ինչ-որ բան է կատարվում, ապա գիշերվա ընթացքում օրգանիզմն իր ներքին հնարավորություններով սկսում է «կարկատվել»: Վերականգնվելու համար մարմինը կոդավորված է: Բայց մարդիկ չպետք է չարաշահեն իրենց մարմինը, հենց դա է տանում հիվանդության:

– Չարաշահել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Հայաստանում մարդիկ շատ են չարաշահում իրենց մարմինը: Օրինակ, աղջիկները ձմռանը գլուխները թաց դուրս են գալիս, ինչի հետեւանքով տառապում են գլխացավով, մենինգիտով, հայմորիտով ու միգրենով: Երկրորդը, մարդկանց մեծամասնությունն ուտելու ընթացքում մի քանի բաժակ ջուր է կոնծում: Մեծ քանակությամբ ջուրը չեզոքացնում է այն հյութը, որը պետք է մարսեցնի մեր կերածը, եւ ուտելիքը մեր ստամոքսում սկսում է նեխել: Եվ նորից մեր օրգանիզմը չարչարվում է, որ արտադրի այդ ստամոքսահյութը: Ուտելու ընթացքում պետք է սնունդը 87 անգամ ծամել, նոր կուլ տալ: Օրվա ընթացքում պարտադիր պետք է 2 լիտր ջուր խմել: Չի կարելի չարաշահել նաեւ մսամթերքի օգտագործումը: Մսի հետ երեք կերակրաբաժին բանջարեղեն պետք է հավելել, որ օրգանիզմը կարողանա մարսել: Չչարաշահել օրգանիզմը՝ նշանակում է՝ նաեւ երեկոյան ժամը 10-ին քնել, եւ մինչ արեւածագն արթնանալ ու արեւին «բարի լույս» ասել: Իսկ մեզանից ո՞վ է այդպես վարվում: Առավոտյան մարդիկ արթնանում են ու աչքերը չբացած՝ վազում խոհանոց՝ սուրճ խմելու: Դրա փոխարեն՝ անհրաժեշտ է մեղրով լիմոնաջուր խմել: Պետք է շատ օգտագործել ռեհան, սխտոր, ծլեցրած ցորեն: Ուռուցքային հիվանդությունների հակում ունեցողներին խորհուրդ է տրվում օրվա մեջ 2 անգամ խմել ռեհանի հյութի, մեղրի եւ մածունի խառնուրդ: Իսկ արյան բարձր ճնշումով տառապողներին եւ գլխի, վզի շրջանում խցանումների ժամանակ ցանկալի է առավոտյան ընդունել մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծված կես կիտրոնի եւ մեկ թեյի գդալ մեղրի խառնուրդ:

– Կարելի՞ է ենթադրել, որ բոլոր հիվանդություններն առաջանում են սխալ սնվելուց:

– Հիվանդություններն առաջանում են սեփական մարմինը չսիրելու պատճառով: Հիվանդությունը միանգամից չի առաջանում ֆիզիկական մարմնում: Մարմինը նրա միայն վերջին հանգրվանն է: Չէ՞ որ մենք 7 մարմին ունենք՝ եթերային, աստրալ, մարմնամենթալ, մարմնահոգեւոր եւ այլն: Ֆիզիկականից բացի, այդ 6 մարմինները կոչվում են՝ նուրբ մարմիններ: Եթե դուք հիվանդությունն արդեն զգում եք ֆիզիկական մակարդակում, ուրեմն շուտվանից եք չարաշահել ձեր մարմինը: Մի փոքր սթրես, մտածմունք, եւ մարդը հետագայում կարող է ունենալ այնպիսի հիվանդություն, ինչպիսին շաքարային դիաբետն է, որը հայ ազգի մեջ տարածված հիվանդություն է, քանի որ ցեղասպանություն, երկրաշարժ տեսած ազգ է: Բացի այդ, այսօր հայ կանանց շրջանում շատ մեծ տարածում ունեն կանացի օրգանների հիվանդությունները, որի հիմնական պատճառն անկանոն եւ անբավարար սեռական կյանքն է: Հայերի մեջ աճել է նաեւ միգրեն հիվանդությամբ տառապողների թիվը: Հիվանդությունների գերակշիռ մասն առաջանում է սթրեսներից, որը հարվածի տեսակ է: Մեր բջիջների կողքին գոյություն ունեն ազատ ռադիկալներ, որոնք մեզ շատ չնչին քանակությամբ հարկավոր են, բայց սթրեսի հետեւանքով դրանք սկսում են բազմանալ, որի հետեւանքով առաջանում են բազմաթիվ, ինչպես նաեւ՝ սրտային, հոդային եւ ուռուցքային հիվանդություններ:

– Համաձայնեք, որ մեր օրերում գրեթե անհնար է առանց սթրեսի ապրել:

– Այո, համաձայն եմ, բայց «Աստվածաշնչում» գրված է.«Իմ ժողովուրդը կործանվեց գիտություն չունենալու պատճառով»: Դրա համար պետք է կրթվենք, ունենանք գիտելիքներ, որպեսզի սթրեսը չդիպչի մեր մարմնին: Օրինակ՝ ներկայումս ՌԴ-ում կան դպրոցներ, որոնք կոչվում են՝ առանց սթրեսի դպրոցներ: Պարտադիր առարկայի մեջ ներառված են նախ՝ մի քանի մարմնական վարժություններ, որոնք անհրաժեշտ են ցանկացած մարդու, որպեսզի մարմինը հիվանդություններին շուտ չենթարկվի: Երկրորդ կարեւոր բաղադրիչը ճիշտ շնչելու արվեստի ուսուցանումն է: Եթե մարդն ինչ-որ տեղ արդեն չարաշահել է իր մարմինը, պետք է ճիշտ կարգավորի շնչառությունը, որն էլ իր հերթին՝ կարգավորում է նրա հոգեվիճակն ու ֆիզիկական մարմինը: Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, եւ կցանկանայի, որ հայերը տիրապետեն այդ կանոններին: Ընդամենը 6-օրյա դասընթացներն ուղեցույց կլինեն ողջ կյանքի ընթացքում: Այսօրվա դրությամբ 180 երկրներում հիմնովին ներդրված են ապրելու արվեստի կանոնները: Շատ եվրոպացի բարձրաստիճան այրեր սիրով անցնում են այդ կուրսերը, որպեսզի կառավարեն իրենց միտքն ու զգայարանները՝ միաժամանակ կոփելով մարմինն ու հոգին:

– Ձեր բուժման մեթոդները, կարծես, առնչվում են յոգային:

– Իհարկե: Բայց ասեմ, որ ես բուժման մեթոդ չունեմ, ուղղակի գիտեմ, թե տվյալ մարդուն ի՞նչ խորհուրդ է պետք: Օրինակ, փորկապության ժամանակ հարկավոր է օգտագործել հայկական դժնիկ դեղաբույսը: Քանի որ Հնդկաստանում եւ Ռուսաստանում ուսանելու տարիներին ուսումնասիրել էի տեղի դեղաբույսերը, Հայաստանում էլ ծանոթացա նրա հարուստ ու բուժիչ բուսական աշխարհին: Շատ հայեր նույնիսկ չգիտեն դժնիկի եւ շատ դեղաբույսերի մասին: Ոչ մի դեղորայքի անհրաժեշտություն չի լինի, եթե մարդիկ ճիշտ եւ ժամանակին օգտագործեն այդ բույսերը:

– Առողջ ապրելու արվեստն իր մեջ ներառո՞ւմ է գեղեցիկ արտաքին պահպանելու գաղտնիքներ:

– Հայ կանանց խորհուրդ կտամ, որ միշտ կամ հաճախ ժպտան: Ոչ մի մակիյաժ կնոջն այնքան չի գեղեցկացնում, որքան նրա ժպիտը:

– Հնդիկ կանայք աչքի են ընկնում իրենց զարդերի բազմազանությամբ: Հնդկուհիների համար զարդերը միայն էսթետիկ նշանակությո՞ւն ունեն:

– Զարդերը մեծ նշանակություն ունեն առողջության համար: Դա էլ է ապրելու արվեստի մեջ մտնում: Գիտե՞ք, թե նախկինում հայ կանայք ինչու էին արծաթե գոտիներ կրում: Այն կանացի օրգաններն էր ամուր պահում, միաժամանակ՝ ընդգծում մարմնի բարեմասնությունները, հաղորդում գեղեցիկ եւ ուղիղ քայլվածք: Բացի այդ, արծաթը բուժիչ է եւ ախտահանող: Հնդկուհիներն էլ մեջքին քամար են կապել, մենք դրան «քըմըր-բանդ» ենք ասում: Հնդկուհիները նախընտրում են ոտքերին կրել արծաթյա ապարանջան, որն ունի բուժիչ հատկություն եւ ուղեղը պահում է շատ հանգիստ վիճակում, հաղորդում սառը դատողություն: Կինը ջղագրգիռ վիճակում չի հայտնվում, եթե նրա ոտքին արծաթե ապարանջան է լինում: Իսկ կնոջ գլխավերեւը` ականջները, գլուխն ու վիզը գրկող զարդերը պետք է լինեն ոսկյա, որը կարգավորում է արյան շրջանառությունը: Արծաթի եւ ոսկու համադրումը կնոջը տալիս է հավասարակշռություն: Մարդուն հավասարակշռություն եւ առողջություն է տալիս նաեւ տարեց մարդկանց առջեւ խոնարհվելը: Եթե մենք երկու ձեռքերով դիպչում ենք մեծահասակ մարդկանց ոտքերին, այդ պահին նրանցից մեծ օրհնություն է արձակվում, որը դրական էներգիայի լիցքավորում է: Քարերը նույնպես մեծ դեր ունեն մեր կյանքում, նրանք չար աչքի պահապաններ են: Դա էլ հայ եկեղեցին չի ընդունում: Սակայն այսպիսի մի հայկական ասացվածք կա. «Աչքից քար է պայթում»: