Ի՞նչ է պլաստիկ վիրաբուժությունը

23/11/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժության մասին շատ է խոսվում ու գրվում, իսկ բնակչության համար այն բնական ու սովորական երեւույթ է դարձել: Իհարկե, այս թեմային նվիրված հեռուստահաղորդումներում քննարկում են խնդրի մի փոքրիկ մասը, որի պատճառով էլ մարդկանց մեծ մասի մոտ թյուր կարծիք է ձեւավորվում, թե պլաստիկ վիրահատությունն ուղղված է արտաքինը գեղեցկացնելուն:

Պլաստիկ վիրահատության մեջ էսթետիկական վիրաբուժությանը բաժին է ընկնում միայն մեկ երրորդ մասը, իսկ երկու երրորդ մասը բաժին է հասնում վերականգնողական վիրաբուժությանը` մարմնի մասերի վերականգնում, տարբեր հիվանդությունների ու տրավմաների արդյունքում ստացած վնասվածքների վերականգնում:

Մի թյուր կարծիք էլ կա, թե «պլաստիկ» վիրաբուժության «պլաստիկ» բառը «պլաստմասսե» բառն է, այսինքն` արհեստական: Իսկապես, արհեստական նյութեր, օրինակ, ինչպիսին սիլիկոնն է, պլաստիկ վիրաբուժության մեջ օգտագործվում է, բայց դա ոչ մի կապ չունի անվան հետ: «Պլաստիկ» բառն ունի հունարեն ծագում, որ նշանակում է՝ «հալել, ձուլել ու ձեւ ստանալ»: Իսկ առհասարակ «պլաստիկ վիրաբուժություն» տերմինը մեր իրականություն է մտել 1798թ. Դեզոլտի կողմից:

Պլաստիկ վիրաբուժությունը չի սահմանափակվում էսթետիկական վիրաբուժությամբ: Վերականգնողական վիրաբուժությունը կարեւոր դեր ունի, ներառելով իր մեջ տարբեր տեսակի վիրահատություններ` սկսած մաշկի վրայի փոքրիկ նորագոյացություններ հեռացնելուց, վերջացրած պարալիզված դեմքի վիրահատությամբ: Էսթետիկական վիրաբուժությունը հաճախ կոչում են կոսմետիկական վիրաբուժություն, որի օրինակներ կարող են հանդիսանալ բնածին արտաքին արատների ուղղումը, ինչպիսիք են` անսովոր մեծ քիթը, հարթ կուրծքը կամ «երիտասարդացման» համար կատարվող կնճիռների հեռացումը: Մինչեւ 20-րդ դարի սկիզբը պլաստիկ վիրաբուժությունը գործածվում էր բացառապես վերականգնողական նպատակներով: Բայց հետո սկսեցին կատարել շատ էսթետիկական վիրահատություններ: Ըստ ամերիկյան աղբյուրների` 1987թ. Ամերիկայում կատարվել է մոտ 1,5 մլն պլաստիկ վիրահատություն, որի մեկ երրորդ մասը` էսթետիկական նպատակներով:

Պլաստիկ վիրաբուժության հոգեբանական ասպեկտները

Հաճախ մարդիկ հոգեբանական բարդույթների պատճառով չեն դիմում էսթետիկական վիրաբուժության օգնությանը: Իսկ վիրաբույժը միայն հաճախորդի հետ ուղիղ շփման միջոցով կարող է հասկանալ` ում է կարելի եւ ում չի կարելի տվյալ վիրահատությունն անել: Մարդու արտաքին տեսքի ու հոգեբանական տեսակի մեջ որոշակի փոխկապակցվածություն կա, այդ իսկ պատճառով պլաստիկ վիրաբույժներին հաճախ անվանում են «երեսուն րոպեանոց հոգեբան» կամ «հոգեվիրաբույժ»: Մինչ այսօր լայն տարածում ունի այն կարծիքը, որ էսթետիկական վիրահատության օգնությանը դիմում են հոգեկան պրոբլեմներով մարդիկ: Ժամանակակից պացիենտներին դա կարող է շատ քիչ վերաբերել: Նման կարծիքի առաջացման պատճառները պետք է փնտրել 60-ականների մեջ, երբ նման վիրահատություններն այնքան էլ շատ չէին: Եվ թեկուզ մեր ժամանակներում ամեն ինչ այլ կերպ է, միեւնույն է, վիրահատվողների 95 տոկոսի մոտ մեծանում է ինքնավստահության զգացումը: Եվ արդեն հոգեբանական տեսանկյունից դրական տեղաշարժն ակնհայտ է: Չնայած, որ ժամանակակից պացիենտների մեծ մասը չունեն հոգեբանական խնդիրներ, բայց կան մարդկանց առանձին խմբեր, որոնց հոգեբանական տեսակը պլաստիկ վիրահատության համար հանդիսանում են ռիսկային խմբեր: Նրանց կարելի է բաժանել 3 խմբի` մարդիկ, ովքեր փոքրիկ ճշտումներ են ցանկանում կատարել իրենց արտաքին տեսքի մեջ` անատոմիական կատարելության հասնելու համար, մարդիկ, ովքեր ֆիզիկական փոքրիկ արատներն ուղղելու համար ուզում են մի քանի վիրահատությունների ենթարկվել, եւ մարդիկ, ովքեր ունեն ակնհայտ ախտորոշված հոգեբանական խնդիրներ: Սա նշանակում է, որ նման պացիենտներին վիրահատության արդյունքները չեն կարող գոհացնել, սակայն հիասթափության ռիսկը նրանց մոտ ավելի մեծ կարող է լինել: Իհարկե, երբեմն էլ դրական արդյունքը կարող է լավ անդրադառնալ հիվանդի հոգեբանության վրա: Չի կարելի պլաստիկ վիրահատություն անել մարդկանց, ովքեր տառապում են շիզոֆրենիայով, խելացնորությամբ ու հոգեգարությամբ:

Պացիենտների մի խումբ էլ կա, որոնց առհասարակ հակացուցված է կոսմետիկական վիրահատությունը, դրանք դիսմորֆոֆոբիայով տառապող մարդիկ են: Մարդիկ, որոնք համոզված են, որ իրենք ունեն տարօրինակ արտաքին, չնայած այն բանին, որ ոչ մի աննորմալություն չի նկատվում: Սովորաբար այդ մարդիկ 20-30 տարեկան երիտասարդներ են: Նրանք, որպես կանոն, եսասեր են, տառապում են նարցիսիզմով, իսկ վիրահատությունից չափազանց շատ բան են սպասում եւ մտածում են, որ վիրահատությունը, բացի արտաքին տեսքը փոխելուց, պիտի ազդի նաեւ ինտելեկտուալ ընդունակությունների ու մասնագիտական հաջողությունների վրա: Նրանք, օրինակ, 20 տարեկան հասակում կարող են գալ բժշկի մոտ տարօրինակ խնդրանքով` ձգել մաշկը, եւ այլն:

Պլաստիկ վիրահատությունը շատերի մոտ նաեւ կարող է հոգեբանական սթրես առաջացնել: Այդ իսկ պատճառով մարդը պետք է տրամադրված լինի իր նոր արտաքինը ադեկվատ ընդունելուն:

Պլաստիկ վիրահատությունը միայն կանանց ու մեծերի համար չէ

Պատմական փաստերը հուշում են, որ միայն կանանց չէ, որ հետաքրքրել են գեղեցկության իդեալները: Տղամարդկանց եւս հազարամյակներ շարունակ հետաքրքրել են լավ արտաքին ունենալու ու հմայիչ լինելու գաղտնիքները: Մինչ այժմ, իհարկե, զգալի թիվ են կազմում կին-պացիենտները, բայց էսթետիկական վիրաբուժության օգնությանը դիմող տղամարդկանց թիվը մեր օրերում ավելանում է:

Հետվիրահատական շրջան

Վիրահատությունից հետո պացիենտին թողնում են մի քանի ժամ հանգստանալ: Պացիենտի` հիվանդանոցում մնալու ժամկետը կախված է վիրահատության ծանրությունից: Եթե վիրահատությունը կատարվել է տեղային անզգայացմամբ, դեղի ազդեցությունը թուլանալուց հետո կարող են զգացվել ցավեր, երբեմն` ուժեղ: Էսթետիկական վիրահատությունից 12-24 ժամ հետո պացիենտների մեծ մասի մոտ չափավոր ցավի զգացում է լինում, իսկ առաջին մեկ շաբաթից հետո հիմնական ցավի զգացումն անհետանում է, բայց դա չի նշանակում, որ նրանք ազատ են իրենց շարժումների մեջ: Լիակատար ապաքինման ու սպիների հարթման համար մի քանի ամիս է անհրաժեշտ: Ցավազրկող ու քնաբեր որոշ պրեպարատներ, որոնք օգտագործվում են վիրահատության ժամանակ, կարող են հետվիրահատական սրտխառնոց առաջացնել: Որքան երկար է անզգայացումը, այնքան մեծ է սրտխառնոց առաջանալու վտանգը: Վիրահատությունից հետո կարող են առաջանալ կապտուկներ ու այտուցներ: Այս երեւույթները կախված են ինչպես վիրահատությունից, այնպես էլ` պացիենտից: Նույն օրը, նույն վիրաբույժի կողմից վիրահատված հիվանդների մոտ մեկ շաբաթ հետո կարող է լինել տարբեր պատկեր: Մեկը կապտուկներ կարող է ունենալ, մյուսը՝ բոլորովին որեւէ հետք չունենալ դեմքին: Սա խոսում է այն մասին, որ գոյություն ունեն հսկայական բիոլոգիական տարատեսակություններ, որոնք հսկել հնարավոր չէ: Աչքերի շրջանի մաշկը շատ ավելի նուրբ ու բարակ է, այդ պատճառով արյունն ավելի արագ է հավաքվում, ու դեմքի այդ հատվածն ամենաառաջինն է այտուցվում ու կապտում: Մեկ շաբաթ հետո այտուցվածությունն անհետանում է, կապտուկները փոխում են գույնը: 14 օր հետո ամբողջ այտուցվածությունն անցնում է, եւ սկսվում է սկզբնական ապաքինումը:

Ապաքինման ժամկետը

Ապաքինման սկզբնական էտապը տեւում է 3 շաբաթ: Այս ժամանակահատվածում են կազմավորվում սկզբնական սպիները: Եթե կոպերի շտկումից հետո ապաքինումը տեւում է 2-3 շաբաթ, իսկ երբ դրան միանում է նաեւ ճակատի ու դեմքի մաշկի ձգումը, ապա ապաքինման ժամանակը տեւում է 3-4 շաբաթ: Մարմնի տարբեր մասեր ապաքինվում են տարբեր արագությամբ: Օրինակ` ոտնաթաթի վրա կամ տակ գտնվող կարերը ավելի երկար են մնում, քան դեմքինը` ոտքի կարերը երբեմն չեն հանում նույնիսկ 3 շաբաթ հետո, իսկ դեմքի կարերն արդեն վիրահատության վեցերորդ օրը հանվում են: Վիրահատությունից հետո պացիենտը որոշ ժամանակ պետք է խուսափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Ի դեպ, սպին իր վերջնական վիճակին հասնում է 1 կամ 2 տարի հետո:

Պլաստիկ շատ վիրաբույժներ մեծ տեղ են տալիս վիրակապի դիրքին, եւ երբեմն միայն իրենք են փոխում վիրակապը: Մարմնի մի քանի մասերի համար էլաստիկ գոտիներ ու գուլպաներ կրելը պարտադիր է: Իսկ կրծքի վիրահատության դեպքում` սպորտային կրծկալի տեսքով վիրակապ են կրում:

Ինչպե՞ս պահպանել մաքրությունը

Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ իր անհատական կարծիքն ունի վիրահատված մասի մաքրությունը պահպանելու հարցում: Բժիշկներից շատերի կարծիքով` պետք չէ ջուրը մտնել մինչեւ վերջին կարերը քանդելը: Բժիշկների մի մասն էլ գտնում է, որ ջուր մտնելը շատ ճիշտ է, բայց վիրահատված մասերը պետք է նախապես փակել: Հիմնականում խորհուրդ է տրվում ջուրը մտնել վիրահատությունից 5-7 օր հետո:

Բարդությունները

Բոլոր վիրահատություններն էլ` բարդ կամ սովորական, որոշակի ռիսկի աստիճան են ենթադրում: Բարդության առաջացման վտանգը մեծ չէ, բայց պացիենտը պետք է իմանա, որ նման ռիսկ գոյություն ունի: Էսթետիկական վիրահատության դեպքում ռիսկի դիմելու չափը այնքան էլ մեծ չէ, հատկապես, եթե պացիենտն առողջ է: Իսկ շաքարային դիաբետով, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով կամ պարզապես ծեր մարդկանց մոտ բարդությունների առաջացման հավանականությունը մեծ է: Սակայն դա չի նշանակում, որ ցանկության դեպքում նման մարդիկ չեն կարող դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Միայն թե նրանց մանրակրկիտ հետազոտություններ են անհրաժեշտ:

Էսթետիկական վիրահատության բարդությունն այն է, որ վիրահատությունը չի տալիս սպասվելիք արդյունքը, իսկ սպիներն էլ շատ երեւացող են լինում: Կամ վիրահատությունից հետո հնարավոր է նկատվեն օրգանների ասիմետրիա, նայած, թե ինչ վիրահատություն է կատարվել` կուրծք, ականջ եւ այլն: Բարդությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` բարդություններ, որ առաջանում են վիրահատության ժամանակ ու հետվիրահատական շրջանում, եւ որոնք առաջանում են վիրահատական պրոցեսում, եւ դեպքեր, որոնք ազդում են մարմնի մյուս օրգանների վրա: Վիրահատությունից հետո շատ կարեւոր է մաշկի խնամքը: Ամենաբացասական ազդեցությունը մաշկի վրա թողնում է ծխելը: Ստացված դրական արդյունքը ծխելու պատճառով արագ կարող է վատանալ: Այնպիսի վիրահատություններից հետո, ինչպիսիք են լիպոսակցիան կամ որովայնի պլաստիկան, պետք է խիստ կարգավորված դիետայով սնվել` օգտագործելով շատ բանջարեղեն ու վիտամիններ: Եթե դուք հետեւեք օրը երեքանգամյա թեթեւ սննդին, չծխեք ու չօգտագործեք ալկոհոլ, ապա դուք կպահպանեք այն քաշը, որը ձեզ համար գենետիկորեն ծրագրավորած է: