Օգոստոսի 26-ից հետո Աբխազիայի արտաքին քաղաքականությունը հիմնականում Ռուսաստանի հետ հարաբերություններն են, քանի որ հանրաճանաչ պետություններից միայն Ռուսաստանն է միջպետական մակարդակի պայմանագրեր կնքում Աբխազիայի հետ։ Հոկտեմբերի 29-ին ստորագրվեց «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագիրը, որի ամենակարեւոր հետեւանքը Աբխազիայի կամավոր հրաժարումն է իր եւ ՌԴ-ի միջեւ հարաբերություններում երրորդ երկրների միջնորդությունից։ Փաստորեն ստացվում է, որ ոչ մի ուրիշ կողմ կամ կազմակերպություն, որը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, չի կարող դիտարկել ՌԴ-ի հետ նրա ընդունած եւ ոչ մի պայմանագիր կամ համաձայնություն։ Այսինքն, Աբխազիան արդեն չի կարող դիմել երրորդ կողմի (Եվրոպայի, ԱՄՆ-ի, միջազգային կազմակերպությունների) օգնությանը, որպեսզի հնարավոր լինի կոչ անել ՌԴ-ին` պահպանելու բարեկամության մասին պայմանագրի դրույթները։ Բայց «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» պայմանագիրը նաեւ այն ոչ պաշտոնական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որոնք ձեւավորվել են Աբխազիայի եւ ՌԴ-ի միջեւ 1992թ. պատերազմի սկզբից։ Պաշտոնապես հարաբերությունների ջերմացումն առաջին անգամ նկատվեց 1999թ., երբ ՌԴ-ն հանեց Աբխազիայից զորակոչային տարիքի տղամարդկանց ելքի սահմանափակումները (դրանք ուժի մեջ էին 1994-ից՝ առաջին չեչենական պատերազմի սկսվելուց հետո)։ Նույն 1999թ. ՌԴ մարզերում (Ադիգեյում, Բաշկորտոստանում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաեւո-Չերկեսիայում, Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում, Թաթարստանում), Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում բացվեցին չճանաչված Աբխազիայի Հանրապետության տնտեսական եւ մշակութային կապերի գծով ներկայացուցչությունները։ Բազմաթիվ շրջանների հետ ստորագրվեցին մշակութային-տնտեսական համագործակցության մասին պայմանագրեր։ 2000թ. «Պսոու» սահմանային անցակետում գործում է ապրանքների ներկրման եւ արտահանման ազատ ռեժիմ, 2002թ. բջջային կապի «Մեգաֆոն» օպերատորը Աբխազիայում բացեց «Ակվաֆոն» դուստր ընկերությունը։ Նույն տարում Աբխազիայում հայտնվեցին առաջին պաշտոնական զբոսաշրջիկները, իսկ արդեն 2007թ. ռուսաստանցի զբոսաշրջիկների քանակն աճեց այնքան, որ Գագրայի շրջանի հանգստյան տներում եւ հյուրանոցներում ազատ տեղ չմնաց։
Բայց 2 պետությունների միությունը հղի է ինչպես օգուտներով, այնպես էլ հենց այդ նույն անկախության համար վտանգներով։ Մասնավորապես տեղի ունեցավ հետեւյալ իրավաբանական կազուսը. ճանաչելով Աբխազիային՝ Ռուսաստանը դրանով իսկ ճանաչեց նրա օրենսդրական ակտերը, իսկ դրա հետ միասին էլ՝ Աբխազիայում անցկացված բոլոր ընտրությունների եւ հանրաքվեների արդյունքները։ Եվ հենց այստեղ է թաքնված թակարդը. եթե Աբխազիայում անցկացվի ՌԴ-ին միանալու մասին հանրաքվե, ապա ՌԴ-ի ղեկավարությունը կունենա Աբխազիան սեփական շրջան համարելու բոլոր հիմքերը։ Թեեւ նախագահ Սերգեյ Բագապշը եւ ԱԳ նախարար Սերգեյ Շամբան կտրականապես հերքում են այդ հնարավորությունը, իրականում չկան այդ վտանգը կասեցնող սկզբունքային գործոններ։ Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվե անցկացնելու համար բավարար է ԿԸՀ ներկայացնել 10.000 ստորագրություն եւ համապատասխան հայտարարություն։ Աբխազիայում կան այդպիսի հանրաքվե անցկացնելու նախադրյալներ։ Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ, ըստ Անձնագրերի եւ վիզաների ծառայության` Աբխազիայի բնակիչների 85%-ը ՌԴ քաղաքացիներ են։ Այս տվյալը միանգամայն ճշմարտանման է, քանի որ 2001թ. ի վեր Ռուսական համայնքների կոնգրեսը նպատակասլաց աշխատում է չճանաչված Աբխազիայի քաղաքացիներին ՌԴ-ի անձնագրեր հատկացնելու ուղղությամբ։ Նկատենք նաեւ, որ 2004թ. ի վեր Աբխազիայի թոշակառուները թոշակ ստանում են ռուսաստանյան բյուջեից։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ հանցագործությունների մակարդակն Աբխազիայում առաջվա պես բարձր է, եւ իրավապահ մարմինները չեն կարողանում ապահովել հասարակական կարգը: Աբխազիայի շատ բնակիչներ կգերադասեին մտնել ՌԴ-ի կազմի մեջ. այդպես օրինականությունը կապահովվեր ՌԴ այլ շրջաններից ոստիկանական կադրեր ներգրավելու միջոցով։ Մյուս կողմից՝ բնակչության մեջ զգալի մաս են կազմում հայերը (21%) եւ ռուսները (11%), որոնցից շատերը եւս գերադասում են Աբխազիայի միացումը Ռուսաստանին։ Կարելի է ենթադրել, որ աբխազների ինչ-որ հատվածը (հատկապես Գագրայի շրջանի բնակիչների) նույնպես միացման կողմնակիցն է։ Կարելի է նաեւ ենթադրել, որ եթե Կրեմլից համապատասխան ազդանշան լինի, ապա միացման ակտիվ լոբբինգով կզբաղվի փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան. ով ով, բայց նա Կրեմլի կամքին հակառակ չի գնա։
Այսօրվա դրությամբ ՌԴ-ն պահպանում է Աբխազիայի անկախությունը, քանի որ նրա բանկերի միջոցով այժմ կարելի կլինի անարգել լվանալ «սեւ» կանխիկ փողը։ Բացի այդ, Ռուսաստանը ձգտում է բարձրացնել իր վարկանիշը միջազգային հանրության շրջանում, ցույց տալով, թե նպաստում է անկախ պետության կայացմանը։ Բայց Աբխազիայի միացման հնարավորությունը ստեղծում է լավ հեռանկար Աբխազիայի ղեկավարությանը շանտաժի ենթարկելու համար։ Իր հերթին, այդ ղեկավարությունը լավ հասկանում է, որ միացման դեպքում կզրկվի իշխանությունից (եւ դրա հետ կապված՝ նյութական բարեկեցությունից), քանի որ Ռուսաստանում շրջանների ղեկավարությունը չի ընտրվում բնակչության կողմից, այլ նշանակվում է նախագահի կողմից։ Դե, իսկ նոր ղեկավարությունը կգերադասի ընդունել այն որոշումները, որոնք նախաձեռնում է Կրեմլը։ Այսպիսով, Աբխազիայի կառավարության առաջ կանգնած է բարդ խնդիր. հանրապետությունում ապահովել սոցիալական եւ իրավական իրադրության այնպիսի մակարդակ, որպեսզի բնակչության մոտ չառաջանա ՌԴ-ին միանալու ցանկություն։
Ռազմակայանները
Փաստորեն, արդեն որոշված է, որ Աբխազիայի տարածքներում` Գուդաուտայում եւ Օչամչիրում, կգործեն 2 ռուսական ռազմակայաններ` 3800 զինծառայողներով։ Բացի այդ, Աբխազիայում են նաեւ ԱՊՀ խաղաղարար ուժերի 3000 զինծառայողները։ Այսպիսով, Աբխազիայի արեւի ներքո կապրեն մոտ 7000 ռուս զինվորներ։ Սա՝ այն դեպքում, երբ բուն Աբխազիայի զինուժերի կազմը 4000-ը չի գերազանցում: Աբխազիայի եւ ՌԴ-ի միջեւ ռազմական պայմանագիրն առայժմ ստորագրված չէ, բայց մեծ է հավանականությունը, որ այդ պայմանագրում չի լինի կետ այն մասին, որ ՌԴ-ի զինված ուժերը չպետք է միջամտեն Աբխազիայի Հանրապետության ներքաղաքական խնդիրներին։ Ասենք, եթե նման կետ լինի էլ պայմանագրի տեքստում, ապա ոչինչ չի խանգարի ռուսական զինվորներին՝ ստանձնել ոստիկանական գործառույթներ, քանի որ իրականում չեն մնում լեգիտիմ ինստիտուտներ, որոնք կկարողանային մտցնել սանկցիաներ կամ գոնե ՌԴ գործողությունները կգնահատեին ապօրինի։ Ռուսական զորքերի ներկայությունը կխոչընդոտի Աբխազիայի մարզերի զարգացումը։ Այժմ, հաշվի առնելով հակամարտության վերսկսման հնարավորությունը, արեւելյան Աբխազիայում նրանք այնպես են տեղադրվում, որպեսզի ստեղծվի պաշտպանական գոտի։ Այդպիսի տարածքում նպատակահարմար չէ խոշոր տնտեսական օբյեկտներ զետեղելը։ Ուստի՝ Օչամչիրի շրջանի գյուղատնտեսությունն անկում է ապրում, եւ այն վերստին զարգացնելու փորձեր չեն արվում։ Աստիճանաբար անկում կապրի նաեւ Գալիի շրջանը, որը կորցնում է հիմնական գյուղատնտեսական արտադրանք մատակարարողի իր ռազմավարական գործառույթը. նրա համար նախատեսվում է բուֆերային գոտու դերը։ Պետք է հատուկ նշել այն փաստը, որ ռուսական զինվորները կտեղակայվեն այնպիսի երկրի տարածքում, որտեղ նրանք ունեն երկրորդ քաղաքացիություն ստանալու իրավունք. համագործակցության մասին պայմանագիրը նախատեսում է, որ 2 կողմերն էլ տալիս են երկքաղաքացիություն ստանալու թույլտվություն։ Այսպիսով, Աբխազիան կարող է ստանալ հազարավոր նոր ընտրողներ։ Ընդ որում՝ պետք չէ մոռանալ, որ ռուսաստանցի սպաներն իրենց հետ ծառայության վայր են բերում իրենց ընտանիքները, ինչն էլ ավելի է մեծացնում ընտրողների քանակը։ Աբխազիայում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ընտրողների թիվը չի գերազանցում 100.000-ը, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ելքն ինչ-որ չափով կախված կլինի նաեւ նրանից, թե ինչպես կքվեարկի ռուսական զինվորականությունը։ Ռուս զինվորների դերն անկանխատեսելի է դառնում այն դեպքում, եթե նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն առաջ բերեն 2004թ. արձագանքները։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ Ռաուլ Խաջիմբայի պարտված կուսակցությունը փորձում էր նախաձեռնել ռուսական զորքերի մուտքը Աբխազիա՝ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու եւ Սերգեյ Բագապշի իշխանության գալը կանխելու պահանջով։ Այն ժամանակ հաջողվեց խուսափել ռուսական զորքեր մտցնելուց, սակայն սրանից հետո այլեւս այդպես չի լինի։ Ինչ որոշում կընդունեն հրամանատարները տեղերում՝ անհնար է գուշակել։
Ժողովրդագրությունը
Ռուսական զորքերի ներկայությունն ազդում է նաեւ ժողովրդագրական իրադրության վրա. փաստորեն, Աբխազիայում հայտնվում են 7000 առողջ, ծառայության համար պիտանի տղամարդիկ, որոնց նյութական եկամուտները շատ ավելի մեծ են, քան տեղի բնակիչների միջին աշխատավարձը։ Ընտանիք կազմելու հարցում այդ տղամարդկանց համար ոչ մեկը արգելքներ չի ստեղծի, ընդհակառակը, թե՛ Աբխազիայի, թե՛ Ռուսաստանի կառավարության համար շահավետ կլինի զինվորականների՝ Օչամչիրում բնակեցումը։ Բանն այն է, որ ՌԴ-ն պարտավոր է բնակարանով ապահովել իր զինծառայողներին նրանց ծառայությունը վերջանալուն պես: Բայց ՌԴ-ում սպաների ընտանիքները, չունենալով մշտական բնակարան, տասնամյակներով ապրում են հանրակացարաններում։ Իսկ Աբխազիայում այդ սպաները եւ պայմանագրային ծառայողները ծառայությունն ավարտելուց հետ կարող են բնակվել այն տներում, որոնք մնացել են 1993թ. Օչամչիրի վրացիներին արտաքսելուց հետո։ Դրանով իսկ, Աբխազիայի կառավարությունը կլուծի պարապ մնացած հողերը բնակեցնելու խնդիրը։ Էթնիկ աբխազների թիվը համեմատաբար մեծ չէ։ Ըստ 2003թ. մարդահամարի՝ Աբխազիայում ապրում է 215.000 մարդ, որոնց մեջ աբխազները կազմում են 44% (94.000 մարդ)։ Բայց, ինչպես համարում են հանրապետության շատ բնակիչներ, աբխազների իրական քանակը շատ ավելի քիչ է։ Ըստ ՌԳԱ Ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի տվյալների՝ աբխազական գյուղերում ծնելիությունը բարձր չէ։ Աբխազիայում ամեն տարի նախորդ տարվանից 47 երեխա է պակաս ծնվում։ Բայց ամենակարեւորը մնում է ներգաղթի գործոնը. Աբխազիայում դժվար է գտնել որակյալ շինարարներ եւ տեխնիկներ, ուստի հանրապետություն մուտք են գործում բազմաթիվ վարձու աշխատողներ ՌԴ-ից եւ Կենտրոնական Ասիայից (Տաջիկստան, Ղազախստան)։ Հայկական սփյուռքը, որն աչքի է ընկնում կազմակերպվածությամբ, նույնպես աճում է Հայաստանից, Կրասնոդարի մարզից եւ Ղարաբաղից եկածների հաշվին։ Այսպիսով, որակյալ աշխատողների թիվն աճում է ներգաղթողների հաշվին այն դեպքում, երբ երիտասարդ աբխազները ստիպված են մեկնել Ռուսաստան, որտեղ ոչ որակյալ աշխատուժի պահանջարկը եւ որակավորումը բարձրացնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան հայրենիքում։
Չպետք է մոռանալ նաեւ այն մասին, որ տարեկան Ռուսաստանից Աբխազիա են գալիս առնվազն 200.000 տուրիստներ (ըստ Աբխազիայի կառավարության տվյալների՝ 1 միլիոն), իսկ 2014թ. Սոչիի օլիմպիադայից առաջ Աբխազիան կբնակեցվի շինարարներով, որոնք զբաղված կլինեն օլիմպիական օբյեկտների շինարարության մեջ։
Եզրակացությունը սփոփիչ չէ. աբխազների քանակն Աբխազիայում նվազում է, իսկ եկվորներինը՝ աճում։ Նման հարաբերակցության դեպքում անխուսափելի է դառնում պայքարը կենսական տարածության եւ պաշարների մատչելիության համար։
Հ.Գ. Հոդվածը պատրաստվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ «Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի (Վրաստան) ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: