Վերջին երեք տարում Հայաստանում հին սառնարանային երեք տասնյակից ավելի տնտեսությունների (հիմնականում` Արարատյան դաշտի) վերականգնման, կարգավորման եւ նորերի ստեղծման շնորհիվ բարձր հիմքերի վրա է դրվել խաղողի եւ տարբեր պտուղների պահպանման գործընթացը: Շնորհիվ դրա՝ վերոնշյալ տնտեսություններում այս տարի սառնարանային պահպանման է դրվել ավելի քան 28 հազար տոննա խաղող (2007-ին` 25 հազար տոննա) եւ մեծաքանակ պտուղ, ինչը լիովին կբավարարի ձմռանը եղած պահանջարկը: Ինչպես «Արմենպրեսին» ասել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչությունում, գալիք տարիներին Արարատյան դաշտում եւ հանրապետության մյուս այգեգործական համայնքներում միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում սառնարանային տնտեսությունների թիվը կավելանա: Աջակցությունը, պահպանման դրվող պտղի քանակն ավելացնելուց բացի, նախապայմաններ կստեղծի նաեւ արտահանման համար`ավելացնելով գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները: