Ինչպե՞ս են որոշում հաշմանդամներին

23/11/2008

ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից նոյեմբերին փորձաքննվել է 2 հազար 811 անձ, որից կրկնակի` 1960-ը, առաջնակի` 851-ը. հաշմանդամ է ճանաչվել 2 հազար 686 մարդ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է գործակալության պետ Միշա Վանյանը, բողոքարկման կարգով փորձաքննվել է 5 անձ, բոլոր որոշումները մնացել են անփոփոխ: Նշված ժամանակահատվածում գործակալությունում ստացվել է 35 դիմում, 24-ին ժամանակին տրվել է պատասխան, 11-ը ընթացքի մեջ է: Մ. Վանյանի խոսքով, դիմումները հիմնականում կապված են մարդկանց հաշմանդամության կարգի տրամադրման վերաբերյալ գործակալության որոշումների հետ չհամաձայնելու հետ: Հաճախ մարդիկ դիմում են հաշմանդամության կարգ ստանալու պահանջներին ծանոթանալու համար: Կատարվել է 32 քաղաքացիների ընդունելություն, տրամադրվել է խորհրդատվական եւ իրավական օգնություն, պարզաբանվել են ԲՍՓ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները: «Մարդկանց մոտեցումները փոխվել են դիմումներ ներկայացնելու հարցում: Մինչ մեզ դիմելն արդեն նամակ են ուղարկում ՀՀ նախագահին եւ վարչապետին: Հնարավոր է` դա պայմանավորված լինի տեղեկացվածության պակասով»,- ասել է Մ. Վանյանը: Մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով գործակալության մասնագետներն աշխատանքային այցով եղել են Գեղարքունիքի մարզի թիվ 1, 2, Սյունիքի մարզի թիվ 1, 2 եւ Շիրակ մարզի թիվ 1, 2 բժշկասոցիալական փորձաքննության հիմնարկներում: Գործակալության ներկայացուցիչները` որպես պատասխանող կողմ, ՀՀ վարչական դատարանում մասնակցել են 3 նախնական դատական եւ 1 դատաքննության նիստի` մահվան պատճառական կապերի վերաբերյալ վարչական վարույթներով: ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատանքային խումբը գործակալության պետ Մ. Վանյանի գլխավորությամբ վերջերս եղել է նաեւ ԼՂ-ում` ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության ԲՍՓ կենտրոնին մասնագիտական, իրավաբանական, մեթոդական, ինֆորմացիոն հոսքերի կառավարման խնդիրներում եւ այլ գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով: