Վերջապես։ Վերջապես ես իմացա Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո
Օբիյանգ Նգուեմա Մբասոգոյի ծննդյան օրը։ Ավելի ճիշտ՝ մոտավոր օրը։ Եվ
այսուհետեւ այդ օրը, եթե անգամ հնարավորություն չունենամ Հասարակածային
Գվինեա մեկնելու եւ պարոն Մբասոգոյին անձամբ շնորհավորելու, ապա անպայման
հեռագիր կուղարկեմ եւ ընկերներիս նեղ շրջանակում մի-մի թաս օղիով կնշեմ
նրա ծնունդը։ Որովհետեւ դա մեզ համար ամենակարեւոր օրերից մեկն է։
Որովհետեւ այդ օրը կարելի եղավ 14-24 տարի ազատազրկման ենթարկված վեց
մարդու ազատություն շնորհել, եւ նրանց հնարավորություն տրվեց տուն
վերադառնալու։
Այս խեղճ օդաչուներն արդեն ավելի քան երկու տարի գտնվում էին
Հասարակածային Գվինեայի բանտերից մեկում, եւ Հայաստանի իշխանություններն
էլ արդեն երկու տարի, չափազանց կարեւոր գործերը թողած, «զբաղվում էին» այդ
մարդկանց ճակատագրով եւ վերջապես հասան բարեհաջող ավարտի եւ ազատեցին
Հայաստանի վեց քաղաքացու։ Համենայնդեպս, այսպիսին էր տպավորությունը
«Հայլուրի» հաղորդած տեղեկատվությունից։ Խնդրով հետաքրքրված եւ զբաղվող
մարդկանց ու կազմակերպությունների ցանկի վերջում «Հայլուրը» կիսաձայն նշեց
նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունը, ինչից
կարելի էր ենթադրել, որ այս մարդն էլ մի թեթեւ հետաքրքրվել է օդաչուների
ճակատագրով։
Երբ Արա Աբրահամյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել էր, թե
ինքը կարող էր օգնել օդաչուներին, բայց Հայաստանի իշխանություններն իրեն
չեն դիմել, մեզ համար պարզից էլ պարզ էր, որ Հայաստանի իշխանությունները
կարող էին դիմած չլինել, որովհետեւ մեզանում գործում է «Էս ո՞վ ա որ»
սկզբունքը, բայց միեւնույն ժամանակ պարզ չէր, թե ինչո՞ւ Աբրահամյանն ինքը
չի առաջարկել իր օգնությունը։
Եվ երբ մարտի վերջերին «168 ժամ» թերթում ես գրեցի «Անդրանիկաբար ապրելու
հմայքը» հոդվածը, որում քննադատում էի Ռուսաստանի հայերի միության նախագահ
Արա Աբրահամյանին՝ Հայաստանի իշխանություններին իր օգնությունը
չառաջարկելու համար, շաբաթաթերթի խմբագիրն ասաց, որ իրեն թվում է, թե
Աբրահամյանը լուծելու է օդաչուների հարցը։ Ես խոստացա լուծումից անմիջապես
հետո ներում խնդրել Աբրահամյանից եւ շնորհակալություն հայտնել նրան։
Այսօր, բարեբախտաբար, այդ առիթն ունեմ, եւ խնդրում եմ ներել կծու
քննադատության համար եւ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ
այս ազատագրումից հետո ինքս ինձ բավականաչափ պաշտպանված եմ զգում, քանի որ
տեսնում եմ, որ հայ նշանակում է ոչ թե ինչ-որ վերացական բան, այլ, այս
դեպքում, խիստ որոշակի վեց մարդ, վեց ընտանիք։
Ես չգիտեմ, թե Արա Աբրահամյանին ի՞նչ գնով է հաջողվել ազատել հայ
օդաչուներին, բայց ենթադրում եմ, որ այդ գինը եղել է բավական մեծ։ Այս
ենթադրության հիմքը «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում Արա Աբրահամյանի
ասածն է, թե մինչեւ դատավարությունն ու մինչեւ դատավճիռն անհամեմատ ավելի
հեշտ կլիներ ազատել նրանց։ Իսկ թե ինչո՞ւ մինչ այդ ոչ ոք չէր դիմել
Ռուսաստանի հայերի միության նախագահին, ոչ թե ենթադրելի, այլ պարզից էլ
պարզ դարձավ «Հայլուրի» հաղորդագրությունից։
Մեր պաշտոնական տեղեկատվության համակարգում արդեն ավանդույթ է դարձել ամեն
ինչ երկրի նախագահին վերագրելը, եւ այդ տեսանկյունից բացառություն չէ նաեւ
այս դեպքը։ Օրինակ՝ Ջերարդ Գաֆեսճյանը Հայաստանում իր հիմնած
հաստատությունների շնորհանդեսն է անում, պաշտոնական լրատվամիջոցներն այն
ներկայացնում են որպես նախագահի ձեռքբերում։ Եվ մտածող մարդու մոտ միակ
տպավորությունն այն է լինում, որ երկրի նախագահը կարող էր խոչընդոտել
Գաֆեսճյանի այս ձեռնակներին ու չի խոչընդոտել։ Բայց քանի որ չի
խոչընդոտել, ուրեմն կարելի է որպես նվաճում ներկայացնել։
«Ամեն ինչ քաղաքականություն է» սկզբունքը թերեւս ընդունելի համարվեր, եթե
քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ձեռնհաս լինեին եւ քաղաքական ու պետական
միջոցներով նվաճած հաջողությունները ներկայացնեին որպես անձնական
առաքինություն եւ պաշտոնավարումը շարունակելու նպատակահարմարության
ապացույց։
«Ամեն ինչ քաղաքականություն է» սկզբունքը թերեւս ընդունելի համարվեր, եթե
քաղաքական խաղերը չառնչվեին մարդկանց կյանքին։ Եթե ստեղծված բարդ
իրավիճակում ոչ թե քաղաքական խաղի քայլերը մտածվեին, այլ համախմբվեին
բոլոր ուժերը՝ առանց հաշվարկելու, թե ով ի՞նչ «աչոկ» է հավաքելու։ Ի
վերջո, նախագահը նախագահ կլինի նրանով, որ կարողանա ռեսուրսների մեջ
ընտրություն կատարել եւ եղած հնարավոր ուժերն ուղղորդել կարեւոր խնդիրների
լուծման նպատակով։ Եվ նախագահը նախագահ կլինի նրանով, որ կարողանա
հաջողության դեպքում շնորհակալություն հայտնել նրան, ում
հնարավորությունները լավագույնս են օգտագործվել։
Ինչեւէ, անշնորհակալության այս մթնոլորտում Արա Աբրահամյանի արածը ես
համարում եմ շատ կարեւոր քայլ։ Առաջին անգամ մենք լուծեցինք մի հարց, որը
վերաբերում էր ոչ թե համայն հայությանը, այլ որոշակի մարդուն։ Առաջին
անգամ մենք սեւեռվեցինք մարդու վրա։ Առաջին անգամ մենք հասկացանք, որ եթե
անգամ գնում ենք չուզողի աչքը հանելու ճանապարհով, ապա աֆրիկյան մի
երկրում հանիրավի դատապարտված վեց մարդու կյանք փրկելը մեր չուզողների
համար ավելի տպավորիչ կլինի, քան 200 հազար հոգով մի սարի շուրջ պարելը։
Եվ եթե այսպես շարունակենք հասկանալ, որ ինքնասպանությամբ կյանքին վերջ
տվող մարդիկ ժամանակով ու տարածությամբ մեզ ավելի մոտ են, քան նախորդ դարի
ցեղասպանության տարաբախտ զոհերը, որ մեր քաղաքի մուրացկաններն ու
անտունները մերն են ու մեր մասնիկը, եթե հասկանանք, որ նրանց մասին պետք է
հոգալ եւ ոչ թե աչքից հեռու պահել, եթե հասկանանք, որ ուսման վարձը
չվճարելու համար համալսարանից հեռացված ուսանողը գուցե մեր ապագայում
կարեւոր դեր էր ունենալու, եթե գլխի ընկնենք, որ խաղաղ բանակում զոհված
զինվորների քանակը ոչ թե վիճակագրական տվյալ է, այլ անպատասխանատվության
ցուցիչ, այդ ժամանակ գուցե հասկանանք նաեւ, որ մենք իրավունք ունենք
աշխարհից պահանջելու բաներ, որոնք բարոյականության ու մարդկայնության
ոլորտից են եւ ոչ թե քաղաքական շահերի։