Բա հիմա ո՞վ է մեղավոր

22/11/2008

Անցած շաբաթավերջին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, ադրբեջանական զինուժը Ֆիզուլիի կողմից հարձակում էր գործել ԼՂՀ սահմանի վրա: Ադրբեջանցիները մեկ անգամ էլ հարձակում էին գործել ԼՂՀ սահմանի վրա մարտի լույս 4-ի գիշերը Մարտակերտին մոտ գտնվող Լեւոնարխ գյուղի մոտակայքում: Այն ժամանակ իշխանություններն այդ հարձակման մեղքը բարդեցին ընդդիմության վրա: Ասում էին, թե ընդդիմությունն իր հանրահավաքներով թուլացրեց ՀՀ ներքաղաքական իրավիճակը, եւ Ադրբեջանն էլ առիթից օգտվելով` հարձակում գործեց: Իսկ այս անգամ, երբ ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցրել է հանրահավաքները, որպեսզի ԼՂՀ հակամարտության կարգավորման այս փուլում ՀՀ իշխանությունների վրա չլինեն արտաքին ճնշումներ, երբ ԼՂՀ-ում էին ՀՀ նախագահն ու համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ո՞րն էր ադրբեջանցիների հարձակման պատճառը: «Ես չեմ կարող ադրբեջանցիների փոխարեն մեկնաբանություններ տալ, պարզապես արձանագրում եմ, որ բանակցությունների նմանատիպ փուլում կամ նմանատիպ իրավիճակներում նրանք դիմում են նման սադրանքների»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը կարծում է, թե ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, ուզում էին ասել, թե ռազմական լուծումն ուժի մեջ է մնում: «Իրենց ուղեղներում ագրեսիվ կեցվածքը մնացել է»,- ասաց նա: Իսկ Հայ Ազգային կոնգրեսի աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ ասել է. «Դե, երեւի ընդդիմությունը մի բան արել է»: