Թթի օղին եւ փոխադարձ հարգանքը

22/11/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը երեկ ԱՄՆ դեսպանատանը հանդիպեցին հայաստանցի լրագրողներին։ Մինչ այդ նրանք այցելել էին Բաքու, հետո՝ Ստեփանակերտ։ Իսկ ասուլիսից անմիջապես առաջ համանախագահներին ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Դժվար է ասել՝ փակ դռների ետեւում ինչի՞ մասին էին խոսել նախագահն ու համանախագահները, որ վերջիններս ասուլիսին ներկայացան մոտ 20 րոպե ուշացումով։ Սակայն մի բան անմիջապես աչքի էր զարնում՝ «հրաշալի եռյակը» շատ բարձր տրամադրություն ուներ։ Ամենից բարձրը ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տրամադրությունն էր, եւ ժպիտը նրա դեմքից չիջավ մինչեւ ասուլիսի վերջը՝ չնայած, որ սուր հարցերն ուղղված էին հիմնականում նրան։ Մինչ հարցերին անցնելը, Բրայզան նախ ասաց, որ համանախագահները որոշ դրական ուղերձներ կհայտնեն լրագրողներին: Սակայն նման բան կարծես չեղավ։ Ամերիկացի դիվանագետը նաեւ նշեց, որ այցելությունները հաջող են անցել։ Մեթյու Բրայզան հերքեց նաեւ այն «շահարկումները» (իր իսկ ձեւակերպմամբ), թե գոյություն ունի ինչ-որ գաղտնի արձանագրություն, պայմանավորվածություն՝ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ:

Իսկ ընդհանուր առմամբ, նոյեմբերի 2-ին Մոսկվայի հանդիպումից հետո իրենք (համանախագահները) նկատում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տրամադրության փոփոխություն, մթնոլորտը դրական է։ «Երկու երկրների նախագահների փոխադարձ հարգանքը շարունակաբար աճում է, եւ նրանք գործընթացին նայում են մեկը մյուսի աչքերով»,- նշեց Մ. Բրայզան։ Նա անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի իր գործընկերներին՝ մայնդորֆյան հռչակագրի համար։ Սակայն արդյո՞ք մեզ՝ հայերիս համար այդ հռչակագրի ստորագրումն ուրախանալու տեղիք պետք է տա, երբ ադրբեջանցիները հայտարարում են, որ այդ փաստաթուղթը վերջ է դնում հայերի հավակնություններին: Լրագրողների այս հարցին ի պատասխան, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշեց, թե որքանով իրեն է հայտնի, Ադրբեջանի իշխանությունն այդօրինակ մեկնաբանություն չի անում, եւ միգուցե դա լրատվամիջոցների եւ քաղաքագետների կարծիքն է: Ռուս դիվանագետի խոսքերով՝ կարծիքներն, իհարկե, կարող են չհամընկնել, իսկ իրենք՝ համանախագահները, այլ կերպ են տեսնում հռչակագիրը: Իսկ որպես ադրբեջանական կողմի պաշտոնական վերաբերմունք՝ Յուրի Մերզլյակովի համար հիմք է հանդիսացել մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հայտարարությունը, թե փաստաթղթի ստորագրումը վկայում է, որ ամեն երկիր հռչակագրի մեջ իր համար տեսնում է դրականը: «Հակառակ դեպքում, դժվար կլիներ այդօրինակ փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Մերզլյակովը՝ ավելացնելով, որ Մոսկվայի հռչակագիրը խնդրի կարգավորման կոնկրետ լուծումների եւ որոշումների մասին ոչինչ չի ասում: Մ. Բրայզան էլ, խոսելով հռչակագրի կարեւորության մասին, ասաց. «Երկու նախագահներն էլ իրենց ստորագրություններով հաստատել են, որ կա խնդրի լուծման մեկ ճանապարհ` Մինսկի խմբի գործընթացի միջոցով: Կարեւորը, որ ոչ մի կողմ չվտանգի այն, ինչին մենք հասնում ենքգ Հռչակագրի կարեւորությունն այն է, որ կողմերը խնդրի միակ լուծումը տեսնում են խաղաղ ճանապարհով»:

Մինչդեռ հռչակագրի ստորագրումից օրեր անց ադրբեջանական կողմն արդեն հասցրել է ցույց տալ, թե որքանով է «հավատարիմ» խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը՝ հարձակում ձեռնարկելով ԼՂ դիրքերի վրա՝ Ֆիզուլիի ուղղությամբ։ Համանախագահներն այս առումով իրենց մտահոգությունը հայտնեցին եւ նաեւ՝ հույս, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այդտեղ ճգնաժամային մոնիտորինգ կանցկացնի: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ավելացրեց, որ մի հռչակագրի ստորագրմամբ՝ չի նշանակում, թե խաղաղություն է հաստատվում:

Վերջին շրջանում ավելի ակտիվ է շրջանառվում ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման թեման։ Սրա հետ կապված, լրագրողները հարցրին՝ արդյո՞ք համանախագահները հարցրել են հենց Ղարաբաղի բնակչության կարծիքը՝ երբ խոսքը վերաբերում է նրանց անվտանգությանը: Հարցին ի պատասխան, Բեռնար Ֆասիեն մանրամասնեց՝ իրենք ինչ նկատի ունեն, երբ խոսում են Ղարաբաղի ժողովրդի անվտանգության մասին։ Նկատի ունեն, որ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովվի միջազգային երաշխիքներով եւ Ադրբեջանի համաձայնությամբ։ Մեթյու Բրայզան էլ, կարեւորելով բառերի ընտրության հարցում զգույշ լինելը, ավելացրեց, որ համանախագահները չեն խոսում տարածքների ապառազմականացման մասին, այլ ասում են, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ունենա թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգության երաշխիքներ: Իսկ Յուրի Մերզլյակովը տարածքների մասին խոսելիս հղում արեց Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ Սարգսյանից լավ այս խնդրի մասին դժվար է արտահայտվել։ Իսկ ասելիքն այն է, որ տարածքները հենց այնպես չեն հանձնվի. այսօր դրանք ապահովում են Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ կարող են վերադարձվել անվտանգության համարժեք երաշխիքի դեպքում: «Իսկ ԼՂՀ ժողովրդի կարծիքն այդ հարցի կապակցությամբ դեռեւս ոչ ոք չի հարցրել։ Միգուցե դեմ չենգ»,- ասաց Մերզլյակովը:

Իսկ ե՞րբ են պատրաստվում հարցնել նրանց կարծիքը։ Լրագրողների այս հարցին պատասխանեց Բ. Ֆասիեն՝ ասելով. «Մենք արդեն իսկ շատ բան գիտենք Ղարաբաղի դիրքորոշման մասին»: Նա նաեւ հերքեց այն կարծիքը, թե Ղարաբաղը դուրս է բանակցային գործընթացից՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ. Ղարաբաղի իշխանությունը հանդիպում է Հայաստանի իշխանության հետ, համանախագահներն էլ այցելում են Ղարաբաղ, եւ այլն: Վերջում, իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար, Բեռնար Ֆասիեն կրկնեց 2 օր առաջ Արցախում արտահայտած իր միտքը. «Մենք Ղարաբաղ չենք այցելում միայն թթի օղու համար, այլ այնտեղ լուրջ աշխատանք ենք կատարում»:

Համանախագահները դժվարացան նշել հակամարտության կարգավորման որեւէ կոնկրետ ժամկետ, սակայն հավաստիացրին, որ ցանկանում են աշխուժացնել գործընթացը: Մերզլյակովի խոսքերով, իրենք այժմ աշխատում են, որպեսզի դեկտեմբերի 4-ին՝ Հելսինկիում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի օրերին, նախապատրաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ռուս դիվանագետը նշեց նաեւ, որ գործընթացում կարող են լինել պահեր, որոնք արգելակի դեր կկատարեն։ «Մենք կանենք հնարավորը, որ նմանօրինակ խոչընդոտներ չլինեն, այդուհանդերձ, պետք չէ բացառել դրանք»,- ասաց նա։