Հանդիպել են

22/11/2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ ԼՂՀ նախագահի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդման՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրության կենտրոնում է եղել վերջերս ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը: Բ. Սահակյանն ասել է, որ Արցախում գնահատում են ցանկացած փաստաթուղթ, որը դրական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքակիրթ երկխոսության հաստատման վրա: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կարգավորման գործընթացն անհնար կլինի համապարփակ դարձնել առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության, հատկապես հաշվի առնելով այն, որ ԼՂՀ-ն ունի իր տեսակետը: Համանախագահներն իրենց հերթին վերահաստատել են այն, որ առանց ԼՂ-ի եւ նրա ժողովրդի համաձայնության եւ մասնակցության անհնար կլինի հասնել հակամարտության կարգավորմանը: Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: