Ստացվել է այնպես, որ Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ իր ողջ
կյանքի ընթացքում կանգնում է տարբեր բնույթի ընտրությունների առջեւ:
Ինչպես ասում են, բացի ծնողից, երեխայից եւ Հայրենիքից, մնացած ամեն ինչ
մարդ ինքն է ընտրում: Իհարկե, մենք հայ չէինք լինի, եթե այս հարցում եւս
չտարբերվեինք մնացածից, որովհետեւ վերջին տարիների փորձը ցույց է տալիս,
որ անգամ Հայրենիքը դարձել է ընտրովի (Իմ ջերմ ողջյուններն ԱՄՆ-ում,
Ռուսաստանում եւ աշխարհի այլ երկրներում բնակվող մեր նախկին
հայրենակիցներին):
Եվ այսպես, ծնված օրից, մարդ ստիպված է ընտրություն կատարել: Իհարկե, փոքր
հասակում շատ բան նրա փոխարեն ընտրում են ծնողները: Օրինակ՝ մարդու
անունը, մանկապարտեզը կամ քոլեջը, հագուստն ու դպրոցը, եւ այլն: Սակայն
եթե աշխարհի մնացած երկրներում չափահաս դառնալուց հետո մարդ ինքն է սկսում
ընտրություն կատարել իր համար բախտորոշ հարցերում (լավագույն դեպքում՝
կարող է խորհրդակցել իր հարազատների կամ ընկերների հետ), ապա հայերի մոտ
այս խնդիրը այդպես էլ մինչեւ կյանքի վերջ չի լուծվում: Որովհետեւ ապագա
մասնագիտությունը նրա համար ընտրում են ծնողները (ընդ որում, կախված այն
հանգամանքից, թե պատմական այդ ժամանակահատվածում Հայաստանում որ
մասնագիտությունն է ավելի մոդայիկ), ամուսին կամ կին՝ հիմնականում
մայրիկները (որոշ դեպքերում՝ հայրիկները), աշխատանքի վայրը՝ հանգամանքները
(որոշ դեպքերում՝ հայրիկները կամ քեռիները), հարեւաններին՝ թաղապետերը կամ
քաղաքապետը, թաղապետերին՝ «եսիմ ով» (Ազգային ժողովի պատգամավորներին`
առավել եւս), հագուստը եւ ուտելիքը՝ կինը (կահույքի, «ռեմոնտի» եւ
տեխնիկայի մասին խոսելն ավելորդ է), դե իսկ նախագահին՝ ազգը: Անգամ այն
երաժշտությունը, որ մարդ ուզում է լսել, նրա համար ընտրում են
«մարշրուտկայի շոֆերները», կամ տոնավաճառներում ու վերնիսաժում կանգնած
ձայնասկավառակ վաճառողները (իհարկե, եթե Դուք «բիրդան» զարգացած չեք եւ
երեկոյան չեք այցելում «Պապլավոկ»՝ «իբր թե» ջազ լսելու):
Ընդհանրապես ընտրություն կատարելու համար պետք է ունենաս ընտրության
հնարավորություն: Օրինակ, երբ խոսքը գնում է բջջային հեռախոսի մասին, ապա
հասկանալի է, որ յուրաքանչյուրն ընտրում է ըստ իր ճաշակի եւ գրպանի
պարունակության, բայց երբ սկսում են խոսել ընդդիմության մասին, այդ պահին
անգամ ամերիկացիների ու ռուսների «ֆազերն են սկսում խփել», որովհետեւ
ոչնչից ընտրելու հնարավորություն չունեն անգամ գերտերությունների «կյանք
տեսած տղերքը»: Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը մեզ մոտ
դարձել է խորհրդային տարիների երշիկ, որը պետք է «տակից» գնես, կամ
«տուշոնկա», որը բուրգի նման շարած է վաճառասեղաններին, սակայն
Հայաստանում այն ոչ մեկին պետք չէ: Ի՞նչ կարող ես անել: Մենթալիտետ է:
Ժամանակին «չեկի» խանութից մարդիկ ընտրում էին «Ադիդաս» սպորտային հագուստ
եւ այդ հագուստով գնում հյուր: Այսօր ընտրում են «պալասատի» կոստյում:
Ժամանակին կթվորուհուն «ընտրում» էին ժողովրդական պատգամավոր, այսօր
պատգամավոր են «ընտրում» «քաղաքական գործիչին» (կամ գործիքին.
տարբերությունն այդքան էլ մեծ չէ): Ժամանակին աղջկան նվեր տալու համար
ընտրում էին օծանելիք կամ ծաղիկ, այսօր Ծաղիկին չեն ընտրում: Ժամանակները
տարբեր են, եւ պետք է կարողանալ շարժվել ժամանակին համընթաց:
Եվ քանի որ հեռու չէ այն օրը, երբ գալու են մարդավայել ժամանակները
(կուզեք անվանեք դա՝ եվրոպական, կուզեք՝ արեւմտյան, կուզեք՝ ավանդական
հայկական), բոլոր հայերն իրավունք կունենան ապրել այնպես, ինչպես ուզում
են (այսօր այդպես ապրում է ընդամենը մի քանի հոգի) եւ ընտրել այն, ինչ
իրենք են կամենում (այսօր այդպես չի ապրում ոչ ոք):