Երբ մի քանի օր առաջ Հայաստանում էր գտնվում ՌԴ նախագահի աշխատակազմի
Միջտարածքային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի
վարչության պետ Մոդեստ Կոլերովը, նա մի շարք քաղաքական հանդիպումներ
ունեցավ հայաստանյան քաղաքական դաշտի, բառացիորեն ամբողջ ընտրանու հետ՝
սկսած Սերժ Սարգսյանից եւ վերջացրած ամենաարմատական եւ հեղափոխական
ընդդիմադիրներով։ Այս շարքում բացառություն կազմեց «Ազգային Միաբանության»
առաջնորդ Արտաշես Գեղամյանը։ Սակայն, ինչպես պարզվեց, հանդիպումը նրա հետ,
ինչպես եւ ԱԺ այլ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ, նախօրոք
ծրագրված է եղել, սակայն միայն ԱԺ-ի շենքում այդ ծրագրված հանդիպումներից
մի քանի րոպե առաջ «Ազգային Միաբանության» ղեկավարը ցուցադրաբար հրաժարվել
է հանդիպել «ռուսաստանյան էմիսարին»։ Վերջինիս պարզապես հայտարարվել է, որ
դեռ մինչեւ վերջերս իրեն մոլի ռուսամետ ներկայացնող եւ համարվող Արտաշես
Գեղամյանին Ռուսաստանի ղեկավարները բազմիցս «քցել» են, ու այժմ նույնչափ
մոլի ամերիկամետ դարձած Գեղամյանն այլեւս որեւէ գործ չի ուզում ունենալ
Ռուսաստանի հետ։
Նկատեք, որ թե՛ Մոդեստ Կոլերովի, եւ թե՛ այդ օրերի «ռուսաստանյան դեսանտի»
այլ ներկայացուցիչների երեւանյան հանդիպումների ժամանակ քննարկման առարկա
էին ոչ այնքան հայ-ռուսական հարաբերությունների զարգացումների
հեռանկարները, որքան հայաստանյան ներքաղաքական զարգացումները եւ մոտ
հեռանկարները, ինչը առիթ տվեց շատերին ենթադրելու, որ ամերիկացիներից հետո
ռուսները նույնպես ուզում են վերջնականապես իրենց համար
եզրակացությունների գալ գործող իշխանությունների եւ Հայաստանում սեփական
ապագայի վերաբերյալ։
Վ.Ս.