Բա մնացած վե՞ցը

20/11/2008

«Չնայած որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե Աղդամը հայկական չէ, Աղդամը պատմականորեն հայկական շրջան է»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ իրենք դեմ են հայկական տարածքները հայկական տարածքներով փոխարինելու մասին «որոշ քաղաքական ուժերի» առաջարկներին: Հիշեցնենք, որ տարիներ առաջ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էր ԱԺ-ում հայտարարել, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Վ. Հովհաննիսյանը երեկ նաեւ ասել է, թե իրենց չեն գոհացնում Մադրիդյան սկզբունքները, բայց գոհացնում է այն, որ դրանք ընդամենն առաջարկություններ են, այլ ոչ թե որոշումներ, որոնք կարելի է վերափոխել: «Տագնապային մտահոգությունների պատճառ չեմ տեսնում, պետք է պայքարել, որ այդ սկզբունքները մեզ համար ավելի ձեռնտու դառնան»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցը` ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ հնչող մտահոգություններին ի պատասխան, ասել է. «Շատ է շահարկվում «տալ» բառը, տալիս են, տալիս ենգ Մենք տարածքներ չենք տալիս»: