«Հանրային քննարկման» շրջանակներում

20/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նոյեմբերի 2-ին ստորագրված մայնդորֆյան հռչակագիրը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Երեկ ԼՂ հարցի կարգավորման վերջին զարգացումների շուրջ բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Ըստ նրա, ադրբեջանական կողմը լուրջ դիվանագիտական հաղթանակ է համարում այն, որ այդ հռչակագրով իրենք ԼՂ-ին վերջնականապես դուրս թողեցին բանակցային գործընթացից: Բացի այդ, Վ. Խաչատրյանի խոսքերով, մադրիդյան սկզբունքների համաձայն՝ ԼՂ տարածք պետք է մուտք գործեն ադրբեջանցիներն ու «անհապաղ ձեռնամուխ լինեն տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը եւ ընտրություններին»: Փոխարենը, ըստ Վ. Խաչատրյանի, բանակցային գործընթացում մենք չենք օգտագործում մեզ համար շահեկան փաստարկները, օրինակ՝ այն, որ առաջինը պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: «Կան հեղինակավոր կազմակերպություններ, հեղինակավոր կենտրոններ, որոնք 1990թ. արդեն տվել են գոյություն ունեցող կոնֆլիկտի բուն բովանդակությունը, եւ թե ումից է այն սկսվել»,- նշեց նա:

Ի պատասխան` բանավեճին մասնակցող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց. «Կարեւորագույն կետերից մեկը հանդիսանում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման անթույլատրելիությունը»: Հայաստանի համար շահեկան մյուս հանգամանքը, ըստ Գ. Մելիքյանի, այն է, որ «խնդրի լուծման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի կարեւորագույն նորմերը»: Ի պատասխան, Վ. Խաչատրյանը հիշեցրեց. «Արդեն գոյություն ունեն եւ՛ ՄԱԿ-ի, եւ՛ ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված միջազգային փաստաթղթեր, որոնցում ըստ էության գերակայությունը տրված է տարածքային ամբողջականությանը»: Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, «մադրիդյան առաջարկների կետերում նշված է, որ Ղարաբաղի ինքնորոշումը կարող է ի կատար ածվել՝ չխախտելով նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ թողնելով ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»: Սակայն Գ. Մելիքյանը համաձայն չէ, որ Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային գործընթացից: «Երբ որ գործը կհասնի այն մակարդակին, որ Ղարաբաղի մասնակցությունը պարտադիր կլինի վերջնական որոշումն ընդունելու համար, դա միանշանակ կլինի: Այդ մասին բազմիցս հայտարարել է նախագահը, եւ այդ մասին գիտի նաեւ Ղարաբաղի ժողովուրդը»,- հայտարարեց Գ. Մելիքյանը: «Մի բան է, երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի մասնակցություն կլինի, եւ վերջում Ղարաբաղի ժողովրդին մենք կհարցնենք, ուրիշ բան է, որ նրանց կիրառական մասնակցությունը կա գործընթացում»,- հակադարձեց Վ. Խաչատրյանը:

Անդրադառնալով ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ Գ. Մելիքյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց. «Դրական եմ վերաբերվում ազատագրված տարածքներ միջազգային խաղաղապահ ուժերի մուտքին»: Նա նաեւ հավելեց, որ անպայման պետք է հաշվի առնվի Իրանի կարծիքը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ ինքը հիացած չի «ռազմական կոնֆլիկտների վտանգի ժամանակ խաղաղապահ ուժերի գործողություններով»: «Եթե հիշում եք՝ Հարավսլավիայում հիմնականում գերմանացիներից բաղկացած խաղաղապահ ուժերն ուղղակի լքեցին տարածքը, երբ որ խորվաթները սկսեցին հարձակվել սերբերի վրա: Այնպես որ, դա որպես սպեղանի դիտելը կլինի ոչ ճիշտ»,- ասաց նա: Վ. Խաչատրյանը նաեւ կարծում է, որ տարածքային ամբողջականության գերակայության ու ազատագրված տարածքները` հանրաքվեով ԼՂ կարգավիճակը որոշելու դիմաց զիջելու մասին խոսակցությունները կարող են հուսալքել ԼՂ բնակչությանը: Ուստի այդպիսի զարգացումների դեպքում, ըստ Վ. Խաչատրյանի, «մենք չպետք է բացառենք բնակչության արտահոսքը ԼՂ-ից»: Իսկ Գ. Մելիքյանն ասում է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր շահերը համապատասխանեցնենք, համընկնեցնենք գերտերությունների շահերին: Հակառակ պարագայում հարցի լուծման ձգձգումը անխուսափելի է»: Նա, ի դեպ, ստատուս-քվոյի պահպանումը նույնպես համարում է հարցի լուծում: Իսկ Վ. Խաչատրյանը ցանկանում էր պատկերացնել մեր եւ գերտերությունների շահերի՝ Մելիքյանի ասած համապատասխանեցումն Ադրբեջանի նավթի պաշարների առկայության պայմաններում: Նա կարծում է, որ Ադրբեջանի 1,2 միլիարդի հասնող ռազմական ծախսերին պետք չէ մատների արանքով նայել, այն դեպքում, երբ, ասենք, Վրաստանն ընդամենը 270 միլիոն դոլար ծախսեց Հարավային Օսիայի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար: