ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը երեկ «Դե Ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց անցած շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած բացահայտումները: Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանը ներկայացրել էր մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու 1,2 մլրդ դրամ արժեցող ծրագրում կատարված խոշոր չափերի հասնող չարաշահումների փաստեր: Ըստ այդմ` ծրագիրը պետք է իրականացվեր 2003-2008թթ. ընթացքում, սակայն կատարվել է մոտ 60 տոկոսով: Ծրագրի իրականացման պատասխանատուն եղել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ բնակարանները գնել է «Սոկոլ գրուպ» ընկերությունը: Երեկ Ա. Վարդանյանը Ի. Զաքարյանի ներկայացրած խախտումների փաստարկներին անդրադառնալով` ասաց, որ ծրագրի իրականացման ողջ գործընթացին իրենից ու Սոցապ նախարարությունից բացի՝ տեղյակ են եղել բազմաթիվ այլ պետական կառույցներ ու պաշտոնյաներ: «Այս ամենը իրականացրել ենք գնումների մասին օրենքի շրջանակներում, եւ որեւէ գործարք չի արվել առանց գնումների լիազորությունների մարմնի` Ֆինանսների նախարարության իմացության, առանց կառավարության որոշումների, առանց վարչապետների որոշումների»,- հայտարարեց Ա. Վարդանյանը: Այսինքն` ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից բացի, այս բոլոր մարմինները տեղյակ են եղել գործընթացին: Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման վերջին տարում ՀՀ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, որի անմիջական համաձայնությամբ էլ Ի. Զաքարյանն այսօր ներկայացնում է ՎՊ այս բացահայտումները: ՎՊ նախագահն ինքն է հայտարարում, թե իր բացահայտումները մանրակրկիտ քննարկում է ՀՀ նախագահի հետ: Եվ զարմանալի է, որ Ս. Սարգսյանը, փոխարենը 2007-2008թթ. վարչապետ եղած ժամանակ բացահայտեր, թե ո՞ւր են գնում բյուջեի գումարները, այդ ամենը հանդուրժել եւ հիմա ՎՊ նախագահի միջոցով է փորձում բացահայտումներ անել: Այն դեպքում, երբ, ինչպես Ա. Վարդանյանն է նշում, ծրագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերը քննարկվել են ՀՀ կառավությունում:
Ըստ Ա. Վարդանյանի` բնակարանները գնելու համար Գնումների գործակալության հայտարարած մրցույթներին երբեմն հաղթողներ չէին լինում, այդ պատճառով էլ ծրագրի իրականացումն ուշանում էր: Բացի այդ, մրցույթներն անցկացվում էին լավագույն դեպքում ապրիլ-մայիս ամիսներին, երբ տարին կես էր լինում: «Ու մենք ստիպված էինք ամեն անգամ տարեվերջին դիմել լիազոր մարմնին մեկ աղբյուրից գնում կատարելու վերաբերյալ եւ, բնականաբար, կանխավճարներն էլ փոխանցել ենք այդ կազմակերպությանը»,- ասաց Ա. Վարդանյանը: Այդպիսով կարելի է եզրակացնել, որ մրցույթների մասով «մեղավորը» Գնումների գործակալությունն է: Ծրագիրն իրականացվել է Եվրահանձնաժողովի նույն ծրագրի շրջանակներում, որն ամեն տարի մանկատների սաներին աջակցելու համար մեր երկրին տվել է մոտ 10 մլն եվրո: Ա. Վարդանյանն ավելացրեց, թե իրենց կողմից այդ ծրագրի չկատարելը կանդրադառնար ընդհանրապես ՀՀ պետական բյուջեի աջակցության` Եվրահանձնաժողովի որոշումների վրա:
Ի. Զաքարյանի համոզմամբ` գնված բնակարաններից 13-ը եղել են շենքերի ոչ բնակելի հատվածներում, եւ բնակարաններով անցել են կոյուղատար խողովակները, բնակարաններից 6-7-ն էլ այնքան անմխիթար վիճակում են եղել, որ սաները հեռացել են: Հայտարարեց, որ համատարած խախտվել են բնակարանների` պահանջվող տեխնիկական պայմանները` մակերեսն է փոքր եղել, ջեռուցում չի եղել, պատերի ծեփն է թափվել եւ այլն: Ա. Վարդանյանն ի պատասխան Ի. Զաքարյանի այս խոսքերի` ասաց, թե պայմանագրերից մեկի պահանջով գնվող բնակարանների մակերեսը պետք է նվազագույնը 38 քմ լինի, հաջորդ տարիների դեպքում` նվազագույնը 32 քմ: «Բոլոր այն պարագաներում, երբ ավելի փոքր են եղել, գործակալական պայմանագրերով անցել են, եւ կոնկրետ բնակարանների համար փոխվել է նրանց մակերեսի չափը: Բայց, չգիտես ինչու, որեւէ մեկը չի ասում, որ կան տասնյակներով բնակարաններ, որոնց բնակմակերեսը 40-50 մետրից ավելի է: Հեռավոր շրջաններում ունենք առանձնատներ, որտեղ 100-130 քմ բնակարան ենք գնել: Այնպես որ, բոլոր փոփոխությունները կատարվել են համապատասխան լիազորությունների եւ թույլտվությունների սահմաններում»,- երեկ հայտարարեց Ա. Վարդանյանը:
Նախկին նախարարը նաեւ ասաց, թե գնված բոլոր բնակարանների համար միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով հանձնում-ընդունում է կատարվել, որի մեջ եղել են եւ՛ նախարարության, եւ՛ այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Ա. Վարդանյանի խոսքով` ընդունելու ժամանակ բոլոր բնակարանները եղել են «վերանորոգված, նորմալ, բարեկարգ վիճակում»: Իսկ հանձնաժողովի անդամները չեն կարող գնահատել, թե բնակարանները համապատասխանո՞ւմ են քաղաքաշինական նորմերին: Գնահատման գործը, ըստ Ա. Վարդանյանի, կատարել են այլ կազմակերպություններ, բայց նա կոնկրետ չասաց, թե որ կազմակերպությունները: «Չգիտեմ, Երեւանում՝ հավանաբար քաղաքապետարանը, այլ տեղերում՝ երեւի համայնքապետարանը»,- ասաց Ա. Վարդանյանը: Բնակարանները գնելուց հետո հանձնել են Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, այսինքն` այս կառույցն էլ պետք է տեղյակ լիներ խախտումների մասին:
Ա. Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, թե ՎՊ-ն դեռ իր ուսումնասիրությունները չէր սկսել, երբ նախարարությունը պայմանագիրը խզել էր «Սոկոլ գրուպի» հետ եւ չգնված բնակարանների մոտ 290 մլն դրամն էլ բյուջե էր վերադարձրել։ «ՎՊ-ն ետին թվերով է մասնակցել գործընթացներին»,- ասաց Ա. Վարդանյանը` նշելով, որ ծրագիրը պարբերաբար քննարկվել է «հասարակության մեջ, Ազգային ժողովում եւ կառավարությունում»:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների` բնակարանները գնող «Սոկոլ գրուպի» սեփականատերերի ցանկում նշվում են ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, ՀՀ Հարկային ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանի անունները: Այս նախկին պաշտոնյաները, նաեւ «Դաշնակցություն» կուսակցությունը համարվում են քոչարյանամետ: Այդպիսով չի բացառվում, որ Ս. Սարգսյանն Ի. Զաքարյանի միջոցով փորձում է նեղել քոչարյանական թեւին, հակառակ դեպքում այս ծրագրում իրականացված չարաշահումները կբացահայտվեին Ս. Սարգսյանի վարչապետության ժամանակ: