Վագրի անատոմիան

26/06/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ համախառն ներքին արդյունքի
ցուցանիշով Հայաստանը հավասարվել է 1989թ. մակարդակին։ Մինչ այդ արդեն
տապալվել էր արտգործնախարարի «կովկասյան վագր» արտահայտությունը
շրջանառության մեջ դնելու փորձը։ Ամենեւին ոչ այն պատճառով, որ Կովկասում
վագրեր չկան։ Կովկասյան ոչ մի երկիր առայժմ ի վիճակի չէ հավակնելու
«տնտեսական վագր» տիտղոսին։ ՀՆԱ-ի հայտարարած մեծ թվից հետո հասարակության
մեջ ավելի խորացավ այն համոզմունքը, որ տնտեսագիտությունը կրոնի պես բան
է։ Դրան կա՛մ հավատում ես, կա՛մ չես հավատում։ Չափման ու ապացուցման
փաստարկներ չկան։ Սակայն պաշտոնական թվերին հավատացող տնտեսագետներն անգամ
նշում են, որ ՀՆԱ-ի մեծ ծավալն ինքնին կարեւոր արժեք չէ։ Շատ ավելի
կարեւոր է նույն համախառն արդյունքի կառուցվածքը, այսինքն՝ վագրի
անատոմիան։
Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ում արդյունաբերության ծավալը 80-ականներին մոտ
70% էր։ 2004-ին այն տոկոսային հարաբերությամբ կրճատվել էր 3 անգամից
ավելի (չնայած հենց 2004-ն են փորձում համեմատել 1989-ի հետ)։ Այս իմաստով
Հայաստանը եզակի երկիր չէ։ Քաղաքական խոշոր փոփոխությունները միշտ էլ
տնտեսական լուրջ ճգնաժամեր են ծնում։ Եվ ոչ միայն ետխորհրդային տարածքում։
Հարավ-Աֆրիկյան հանրապետությանը մինչեւ 90-ականների սկիզբը բաժին էր
ընկնում Աֆրիկա մայրցամաքի արդյունաբերական արտադրանքի 40%-ը։ Հիմա
ցուցանիշը կրճատվել է (հասել է 5%-ի)։ Տարիներ առաջ հայկական մամուլը
լուրջ տեղ էր հատկացնում զարգացող երկրների տնտեսական կյանքի
լուսաբանմանը։ Հիմա երրորդ աշխարհի երկրներին մենք չենք անդրադառնում։
Հավանաբար այն պատճառով, որ մեր սոցիալ-տնտեսական ցուցանիշներով այդ
երկրների ցանկում ենք։ Հայ մարդուն հավանաբար հոգեբանորեն դժվար է
հարմարվել այս փաստի հետ։ Կառավարությանը՝ նույնպես։ Նա գերակա ճյուղ է
հայտարարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Մինչդեռ սոցիալ-տնտեսական
շատ ցուցանիշներով մենք համադրելի ենք հարավ-աֆրիկյան
հանրապետությունների, հայիթիների եւ հոնդուրասների հետ։ Օրինակ՝
Հոնդուրասում տնտեսապես ակտիվ բնակչության 35%-ը զբաղված է
գյուղատնտեսության մեջ։ Հայաստանում եւս նույն ցուցանիշն է։ Ցանկացած
տեղեկագրում կարող եք գտնել Հոնդուրասի տնտեսության հետեւյալ նկարագիրը.
«Արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ գարեջրագործությունը, շաքարի,
սպիրտային խմիչքների, ոչ ոգելից խմիչքների արտադրությունը, կոշիկի, կարի,
փայտամշակման, կաշվի արհեստանոցները»։ Համաձայնեք, եթե «շաքար» բառը
չլիներ՝ մեզ կթվար, թե խոսքը Հայաստանի տնտեսության մասին է։
Կենտրոնական Ամերիկայի երկրների տնտեսության ուսումնասիրությունը շատ ծանր
դրվագներ կներկայացնի։ 16-րդ դարում Հայիթին Գեւորգ III արքային
նկարագրելու համար ծովակալներից մեկը վերցրեց թուղթը, ճմրթեց ու գցեց
սեղանին՝ ասելով, որ այդպիսին է այդ երկրի պատկերը։ Լեռնային խրոխտ
լանդշաֆտը չէ, որ հիշեցնում է Հայաստանը։ Անհամամասնական զարգացած այս
երկրում ապրանքաշրջանառության 80%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Այս
աննորմալ ցուցանիշով Հայիթին ավելի բարվոք վիճակում է, քան Հայաստանը։ Ըստ
մեր պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում ապրանքաշրջանառության 91%-ը
կատարվում է մայրաքաղաքում։ Փաստորեն՝ մեր փայ վագրը միայն Երեւանում է
ապրում՝ հավանաբար էլիտար շենքերում։ Բնակչությանը մատուցված
ծառայությունների ծավալի կառուցվածքի վերլուծությունը եւս Հայաստանում
խայտառակ տարբերություններ է արձանագրում։ Երեւանի բաժինը Շիրակի մարզից
մեծ է 15 անգամ, իսկ Տաուշի մարզից՝ մոտ 78 անգամ։ Սա մոնոպոլիզացված
տնտեսության արդյունք է։ Երրորդ երկրներ կոչվածում էլ տնտեսության
հիմնական չարիքը համարվում է նույն մոնոպոլիզացումը։ Հայիթիում ամենամեծ
վաստակը (աշխատավարձը) բնակչությունը ստանում է գյուղատնտեսության
ոլորտում։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում էլ համարյա նույն
պատկերն է։ «Շուկայական (բազարային- Ա.Գ.) ուղղվածություն ունեցող
գյուղատնտեսական ապրանքների արտադրության, անտառ-տնտեսության,
ձկնաբուծության» ոլորտներում աշխատողները Հայաստանում ստանում են
ամենաբարձր վաստակը։ Հանքերի բանվորներից հետո։ Հաջորդը
զինվորական-սպայական անձնակազմի վաստակն է։ Ռազմական ոլորտում լուրջ
ծախսերը եւս երրորդ աշխարհին բնորոշ թուլություն է։ Քաղաքական թույլ
հենարան ունեցող վարչակարգերը սովորաբար չեն խնայում բանակի վրա։ Այդ
երկրները մեկ ընդհանուր առանձնահատկություն էլ ունեն։ 20-րդ դարի երկրորդ
կեսին գաղութային կախվածությունից ազատվելով՝ նրանք լուրջ կախվածություն
ունեն մետրոպոլիայից։ Ընդունեք, որ նույնն է կատարվում Հայաստանում։
Տնտեսական ամենաէական՝ վառելիքաէներգետիկ համակարգը ռուսաստանյան
մոնոպոլիաների սեփականությունն է։ Կամ, ինչպես Ատոմակայանը, կառավարման է
տրված ռուսական ընկերությանը։ Այնպես որ, հայկական տնտեսությունը որեւէ
իմաստով առանձնահատուկ չէ։ Կոնյակով ու հանքային ջրերով երկիր պահելու
առասպելը համաշխարհային օրինակներ ունի։ Կուբայում այն փոխարինված էր
սիգարով ու բանանով։ Բանանն ու արեւադարձային պտուղները երրորդ աշխարհի
շատ երկրների տնտեսական հեռանկարներ են խորտակել։ 20-րդ դարի սկզբից արդեն
գյուղատնտեսությունը ուժեղ տնտեսության եւ զարգացում ապահովող ցուցանիշ
չէ։ Հոլանդիան օրինակ բերողները միշտ նենգափոխում են մի փաստ։ Այդ երկիրը
գյուղատնտեսության (ծամելու արտադրանքի) առաջամարտիկ չէ։ Նա զբաղվում է
ծաղկի բիզնեսով։ Իսկ ծաղիկը բարեկեցություն է, եթե կուզեք՝
գեղագիտություն, բայց՝ ոչ գյուղատնտեսություն։ Նման պատվի, ցավոք,
հայկական ծիրանը չի կարող հավակնել։
Այնուամենայնիվ, կա մի սոցիալական ցուցանիշ, որի պատճառով Հայաստանը չի
կարող տեղավորվել «Ճ» կարգի երկրների ցանկում։ Խոսքը կրթության մակարդակի
մասին է։ Իշխանությունները ՀՆԱ-ի 2,4%-ով են ֆինանսավորում կրթության
ոլորտը։ Ի հեճուկս նրանց, բնակչության մոտ 25%-ը բարձրագույն կրթություն
ունի։ Հրեաների առաջադրած «Եթե դուք այդքան խելոք եք, ինչո՞ւ եք այդքան
աղքատ» հարցին պատասխանելն ամենեւին էլ լրագրողի գործ չէ, այն
քաղաքագետների վերլուծության թեմա է, եւ, հնարավոր է, որ մեր
հասարակության միակ հույսն է։