Լոռու մարզի 600-ից ավելի բնակիչ ունեցող Մարց գյուղը փռված է Մոտկորի անտառների փեշերին: Մոռացված գյուղի նկատմամբ Լոռու մարզային իշխանության անտարբերության առաջին դրսեւորումը, թերեւս, Ձաղիձոր-Մարց շուրջ 7կմ երկարությամբ ճանապարհն է: Մարց գետին հարող ճանապարհահատվածը ու գյուղամիջյան ճանապարհները երբեմն տեղ-տեղ անանցանելի են: Մարցը Ալավերդու հետ կապվում է շաբաթվա ընթացքում երկու անգամ՝ Ալավերդի-Աթան, եւ ամեն օր Վանաձոր-Աթան երթուղային ավտոբուսների միջոցով: Մարցում հոկտեմբերի 19-ին կայացած համայնքապետի ընտրություններում վերընտրվել է գործող գյուղապետ Ռոբերտ Գալստյանը, որի չորսամյա պաշտոնավարումից գյուղացիները երկու շնորհակալ գործ պատմեցին: Գյուղապետը ցանցապատել էր գյուղի գերեզմանոցը, որտեղ մինչ այդ նոր հուղարկավորված հանգուցյալներին գիշերները հողի երես էին հանում գյուղի խոզերն ու վայրի կենդանիները: Երկրորդ` գյուղն ապահովվել է մշտահոս խմելու ջրով: «Ընդամենը վերանորոգել եմ ջրագծերի քայքայված խողովակները»,- ասաց գյուղապետ Ռոբերտ Գալստյանը: Սակայն Մարցում գյուղացիներից շատերը այսօր դժգոհ են գյուղապետից: Մարց համայնքում 2007թ. սեպտեմբերի 8-ից մինչեւ հոկտեմբերի 18-ը առկա էր խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Վռամ Վանյանի՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին ուղղված 18. 01. 2008թ. գրության, տեսչության մասնագետների կողմից Մարց համայնքում սկզբում հաշվառվել է 387 գլուխ խոզ, որից 91 գլուխ անկվել է, իսկ 296 գլուխ հարկադիր ոչնչացվել եւ թաղվել է համայնքի տարածքում փորված գերեզմանոցում: Սակայն գյուղում խոզերի քանակը 2000-ից ավել է եղել, որից գյուղապետարանի տնտեսական գրքում 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ փաստացի գրանցված է եղել 366 գլուխ խոզ: Գույքահարկից խուսափելու համար գյուղացիներից շատերը իրենց փաստացի ունեցած խոզերի գլխաքանակից չնչին մասն են գրանցել գյուղապետարանի տնտեսական գրքում, գյուղապետարանն էլ հետեւողական չի եղել իր հարկային եկամուտների վերահսկման գործում: Երբ գյուղում սկսվել է խոզերի ժանտախտի համաճարակը, գյուղացիները, տեղյակ չլինելով համաճարակի հետեւանքով անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն տրամադրելու մասին ՀՀ կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի թիվ 108 որոշմանը, հիվանդ խոզերի հարկադիր ոչնչացումից խուսափելով` շարունակել են թաքցնել իրենց խոզերի մեծ գլխաքանակը, որոնք, այնուամենայնիվ, սատկել են: Իսկ երբ օժանդակությունը գյուղ է հասել, գյուղացիները խուճապի են մատնվել եւ ընդվզել գյուղապետի դեմ: Վերջինս 2008 թ. հունվարի 8-ին գրությամբ տեղեկացնում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, որ գյուղի 123 գլուխ խոզեր դուրս են մնացել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության ընթացքում իրականացված հաշվառման ընդհանուր ցուցակից: Մարզպետի հանձնարարությամբ ցուցակը համալրվում է գյուղապետի պահանջած 123 գլուխ սատկած խոզերով: Գյուղապետ Ռ. Գալստյանը հայտնեց, որ 2007 թ. սեպտեմբերի 9-ից հանձնաժողովը 450 խոզերի սպանդ է արձանագրել, որոնց վնասը գյուղացիներին փոխհատուցելու համար ՀՀ կառավարության կողմից Մարցի գյուղապետարանին 14 մլն դրամ է հատկացվել: Մարցի բնակչուհի Շաքե Վարդանյանը մեզ պատմեց գյուղապետի՝ իր նկատմամբ ցուցաբերած անարդարության մասին. «Մեր 10 խոզերը, որոնք գրված են ամուսնուս` Լեւոն Հովհաննիսյանի անունով եւ գրանցված են եղել գյուղապետարանի տնտեսական գրքում, ժանտախտով հիվանդացել են 2007թ. սեպտեմբերի սկզբին Մարցի Սոթ հանդամասի սարում, որից հետո հիվանդ խոզերը փախել են Իքատակ հանդամասի սարը եւ 10-ն էլ սեպտեմբերի կեսերին այնտեղ սատկել են եւ թաղվել: Սատկած խոզերի մասին ունենք գյուղի անասնաբույժի տեղեկանքը, սակայն գյուղապետը համառորեն չի ցանկանում վճարել մեզ հասանելիք պետական օժանդակությունը»: Ի դեպ, Շաքե Վարդանյանը մեր ներկայությամբ օժանդակություն ստացած գյուղացիների ցուցակները նայելուց հետո գյուղապետին մատնացույց արեց, որ 6 սատկած խոզի օժանդակություն ստացած Ալմիշ Շահնազարյանը խոզ չի ունեցել, Վանիչկա Շահնազարյանն էլ ունեցել է ընդամենը երկու գոճի, սակայն օժանդակություն է ստացել 8 սատկած խոզի համար, Ալեքյան Գյուլնարան, որը 6 խոզի համար է օժանդակություն ստացել, խոզ չի ունեցել: «Իմ հորեղբոր աղջիկն է, 100%-ով գիտեմ՝ չի ունեցել»,- պնդեց Շաքեն: Նա նաեւ գյուղապետին հարցրեց. «Ո՞նց է, որ առաջին եւ երկրորդ ցուցակներով էլ օժանդակություն ստացած Սարգիս Բաբաջանյանը համայնքի բյուջեին 5 խոզի գույքահարկ է վճարում, սակայն սատկած խոզերի փոխհատուցում է ստանում 50 խոզի համար»: Այս հարցերը գյուղապետը թողեց անպատասխան: Շ.Վարդանյանը գյուղապետի ներկայությամբ ասաց նաեւ, որ գյուղի բուժքույր Գայանե Քոչինյանը, երբ իր սատկած խոզերի օժանդակությունը չստանալու համար գյուղապետի հետ ձեռնամարտի է բռնվել, վերջինս նրան տեղեկանք է տվել օժանդակության փոխարեն գյուղապետարանին ունեցած 150.000 դրամ պարտքը վճարված լինելու մասին: Գյուղապետին մեր ներկայությամբ իր սատկած խոզերի փոխհատուցման պահանջ ներկայացրեց նաեւ Մարցի բնակչուհի Սվետլանա Մանուկյանը: Վերջինիս գյուղապետ Ռ. Գալստյանը պատասխանեց. «Դուք ձեր խոզերի մի մասը մորթել եք, մի մասն էլ` ծախել, դրա համար էլ օժանդակություն չեք ստացել»:
«Դուք էլ եք եւ՛ մորթել, եւ՛ ծախել, բայց փոխհատուցում էլ ստացել եք: Հա, մենք երեք խոզ մորթել ենք, կերել, 5 խոզ էլ ծախել ենք, բայց մեզանից 6 խոզ էլ սատկել է, մեր սատկած խոզերի օժանդակությունն ենք ուզում»,- գյուղապետին հակադարձեց Ս. Մանուկյանը:
Ամիսներ շարունակ Մարց գյուղի մի քանի բնակիչներ համաճարակի հետեւանքով իրենց սատկած խոզերի փոխհատուցման պահանջով բողոքներ են հղել ՀՀ գյուղատնտեսության նախարարին, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետին, Լոռու մարզի դատախազին ու մարզպետին: Նրանց վերջին դիմում-խնդրանքը, որի պատասխանին անհամբեր սպասում են, ուղղված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ գյուղացիները գրում են. «Մեծարգո վարչապետ, մի խումբ չարքաշ գյուղացիներ մեծ ակնկալիքով խնդրում են ձեզ, որպեսզի օգնեք մեզ` վերականգնելու մեր խաթարված հավատքը»: Նրանք վարչապետից դեռ պատասխան չեն ստացել:
www.hetq.am