Ադրբեջանի պետնավթընկերությունը եւ Ղազախստանի «ՂազՄունայԳազը» երեկ ստորագրել են համաձայնագիր Անդրկասպյան նախագծի իրագործման հիմնական սկզբունքների շուրջ: «Փաստաթուղթը սահմանում է նախագծի համատեղ իրագործման, համատեղ բաժնետիրական ընկերության եւ նախագծային ընկերության ստեղծման, ֆինանսավորման, սակագնագոյացման, ստեղծված կարողություններից օգտվելու հնարավորության եւ Անդրկասպյան համակարգի փուլ առ փուլ զարգացման հիմնական պայմաններն ու սկզբունքները»,- ստորագրման արարողության ավարտից հետո հայտարարել է Ադրբեջանի պետնավթընկերության նախագահ Ռովանգ Աբդուլաեւը: «ՂազՄունայԳազի» նախագահ Քայրգելդի Կաբիլդինի խոսքով, Անդրկասպյան համակարգի ստեղծումը նախնական կարգով գնահատվում է 3 միլիարդ դոլար: Պլանավորվում է, որ Անդրկասպյան համակարգը սկզբնական փուլում կապահովի տարեկան 23 միլիոն տոննա ղազախստանյան նավթի փոխադրման հնարավորությունը՝ այս ծավալի մինչեւ 35-56 միլիոն տոննա հետագա մեծացմամբ: Ադրբեջանի արտահանական հնարավորությունները կազմում են տարեկան ավելի քան 60 միլիոն տոննա նավթ: Սակայն օտարերկրացի գործընկերների հետ համատեղ ադրբեջանցի մասնագետներն արդեն քննարկում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Սուփսա խողովակաշարերի թողունակությունն առնվազն 1,5 անգամ մեծացնելու տարբերակները, որոնք այժմ կարող են տարեկան փոխադրել համապատասխանաբար 50 միլիոն եւ 7,5 միլիոն տոննա նավթ: Օրակարգում է նաեւ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի գործարկման հարցը, որի թողունակությունը նախատեսված է տարեկան մինչեւ 5 միլիոն տոննա նավթի մղման համար եւ անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել 16-18 միլիոն տոննայի: