Առանց եւ ընդդեմ Ռուսաստանի

19/11/2008

Երեկ Բաքվում բացվել է 4-րդ միջազգային էներգետիկ գագաթաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Լիտվայի նախագահները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանը: Արեւմտյան երկրների նպատակն է՝ էներգակիրների մատակարարման հարցում հնարավորինս նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից` գործադրելով վառելիքի փոխադրման նոր ուղիներ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե իր երկիրը սատարում է այն ծրագրերը, որոնք կնպաստեն համաշխարհային էներգետիկ անվտանգությանը: Նա կոնկրետ ծրագիր չի նշել, սակայն ասել է, որ «Հարավային հոսանք» անունով հայտնի ռուսական նախագիծը բավական բարդ է, եւ դրա իրականացումը նախատեսվածից ավելի շատ ֆինանսական միջոցներ է պահանջում: ԱՄՆ-ը նախապատվությունը տալիս է դեպի Եվրոպա կասպյան էներգակիրների փոխադրման այն ուղիներին, որոնք շրջանցում են Ռուսաստանի տարածքը: Դրանցից մեկը «Nabucco» նախագիծն է: Այդ ծրագրով նախատեսվում է Կասպիցի հատակով անցկացնել գազատար խողովակաշար, որով Կենտրոնական Ասիայում արդյունահանված հումքը կփոխադրվի Ադրբեջան, այնտեղից էլ՝ Թուրքիայի եւ Բալկանների տարածքով՝ դեպի Արեւմուտք: Մինչդեռ, «Հարավային հոսանքով» ռուսական գազը Սեւ ծովի հատակով անցնող խողովակաշարով կհասնի Բուլղարիա, ապա` Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Նախօրեին Բաքվում Սեմյուել Բոդմանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը մեծ նշանակություն տալիս եվրոպական ծրագրերին: «Այս տարածքով փոխադրվող էներգակիրները սովորաբար մեր երկիր չեն հասնում, սակայն դրանք ապահովում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, ինչը Միացյալ Նահանգների համար ռազմավարական առաջնահերթություն է»,- հայտարարել է նա: