Թեղուտի հանքավայրի տարածքում հատելու համար 2008-ին նախատեսված 35 հա անտառից 20 հա-ն արդեն հատվել է, իսկ մնացած մասի հատումն ընթացքի մեջ է: Ջիլիզա համայնքի էլեկտրիֆիկացման կապակցությամբ Ալավերդի-Ջիլիզա հատվածի բարձրավոլտ էլեկտրասնուցման տարածքում հատվել է 6 հա անտառ: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Հայանտառի» Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանը: Ըստ նրա, 2007-ի տարերային աղետից տապալված անտառանյութը ընկերության կողմից հանվել եւ պետականորեն սահմանված գներով վաճառվել է ազգաբնակչությանը: 2000 քմ տնկարանի եւ նույնքան դպրոցի հողամասի համար իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ. տնտեսության կողմից տնկիների խնամքն ապահովվում է: Համաձայն Ալավերդու քաղաքապետարանի եւ Թումանյանի տարածքի որոշ նախակրթական ու կրթական օջախների հետ ունեցած պայմանագրերի՝ ընկերությունը բնական գազի բացակայության դեպքում վերջիններիս կապահովի վառելափայտով: