Հերքել է

14/11/2008

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հերքել է մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունները, թե օգոստոսին Ռուսաստանն օգտագործել է Հայաստանում իր ռազմակայանները` դեպի Վրաստանի տարածք ռուսական ռազմական օդանավերի մարտական թռիչքների համար: «Նման բան չի եղել»,- հայտարարել է Ս.Օհանյանը Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ընթացքում: «Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուշադրությամբ վերահսկել է հանրապետության օդային տարածքը, եւ նման տեղեկատվությունը չի հաստատվում»,- ասել է նա` նշելով, որ համաձայն հայ-ռուսական համաձայնությունների` «Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է օգտագործվել միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանի հետ կապված եւ միայն հայկական կողմի հետ համաձայնությամբ»: Ս. Օհանյանը երեկ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ: