Վերջին օրերին Կապանի եւ Ագարակի հանքարդյունաբերական գործարաններում տեղի ունեցող իրադարձությունների եւ տաքսիների վարորդների դեմ սկսված քայլերի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել Սոցիալ-Դեմոկրատական հնչակյան կուսակցությունը` ՍԴՀԿ-ն: Դրանում մասնավորապես ասված է: «Արդեն մի քանի օր է, ինչ իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի են կանգնել Ագարակի եւ Կապանի հանքարդյունաբերող կոմբինատների աշխատակիցները: Պատճառը, կարծես թե, նույնն է: Աշխատավորները պահանջում են վերջ տալ այն ապօրինի գործողություններին, որոնց միջոցով տնօրինությունը ցանկանում է կրճատել աշխատավարձերը, հարկադիր արձակուրդի եւ թոշակի ուղարկել հարյուրավոր բանվորների: Սրան զուգահեռ, բացարձակ լկտի գործողություններ են տեղի ունենում տաքսիստների նկատմամբ: Համարելով նրանց մեր երկրի առաջին եւ վերջին ստվերային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները` պատկան մարմինները որոշել են փրկել հանրությանը «ոչ բարեխիղճ» հարկատուներից եւ գանձել նրանց դառը քրտինքով վաստակած վերջին կոպեկները: Ի դեպ, գործող իշխանությունների նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում եւ ամեն օր թմբկահարվում էր աշխատատեղերի ստեղծման սին կետը, որը, ինչպես պարզվեց, լոկ նախընտրական բլեֆ էր: Տաքսու վարորդներին անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստացել լուծել այս խնդիրը, սակայն, ինչպես երեւում է, նախագահ դառնալուց հետո մոռացավ իր խոստման մասին: Ինչեւիցե, ՍԴՀԿ-ն համարում է, որ վերոնշյալ խնդիրների հիմնական պատճառը ոչ միայն տնօրինության վարած քաղաքականությունն է, այլ նաեւ արհմիությունների խամաճիկությունն, իսկ ավելի ճիշտ` նրանց բացակայությունն է: ՍԴՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր սոցիալական իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած հայ աշխատավորին»: