Անցած շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում, որն արդեն արժանացել է մամուլի ուշադրությանը: Իշխանությունները, բնականաբար, դեռեւս փորձում են «ցրել» նման կառույց ստեղծելու իրական նպատակները, սակայն ակնհայտ է, որ այդ կենտրոնի` զանազան ձեւակերպումներով նպատակների տակ թաքնված է առաջին հերթին տպագիր մամուլը վերահսկելու ձգտումը:
Եվ այսպես` այդ որոշմամբ կառավարությունը նախատեսում է ստեղծել մի կենտրոն, որը «դիտարկելու», «ուսումնասիրելու» եւ «վերլուծելու» է ԶԼՄ-ների գործունեությունը: Այսինքն` ստեղծվելու է մի մարմին, որը կոնկրետ թերթերի վերաբերյալ «դոսյեներ» է հավաքելու եւ ներկայացնելու է համապատասխան անձանց, որպեսզի նրանք կարողանան «զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված հանդես գալ նախաձեռնություններով»: Սա, ըստ շրջանառվող հիմնական վարկածի` ենթադրում է, որ այդ կենտրոնի միջոցով իշխանությունները հնարավորություն են ունենալու, ասենք, դիմել դատարան ու «հանուն Հայաստանի Հանրապետության» դադարեցնել տվյալ լրատվամիջոցի գործունեությունը, կամ` դիմել ԱԺ համապատասխան հանձնաժողովին` առաջարկելով հանդես գալ կոնկրետ օրենսդրական նախաձեռնությամբ ու` «հանուն արդարության» դարձյալ դադարեցնել լրատվամիջոց(ներ)ի գործունեությունը: Ու քանի որ թե դատարանները, թե ԱԺ-ն այսօր նույն դակիչի ֆունկցիա ունեն, այսինքն` նրանցից ոչ ոք չի համարձակվելու չկատարել իշխանությունների հերթական պատվերը, այլեւս միեւնույն է, թե այդ կենտրոնը ում կդիմի: Ըստ որոշման` կենտրոնի նպատակներն են` կատարել ուսումնասիրություններ հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման եւ տարածման գործընթացների վերաբերյալ, իրականացնել ԶԼՄ-ների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկում եւ վերլուծություն, ուսումնասիրություններ եւ դիտարկումներ կատարել զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ նրանց տպաքանակների, իրացման ծավալների եւ ծածկույթների, բազմազանության, թափանցիկության եւ այլ խնդիրների շուրջ: Այդ կենտրոնը, ինչպես արդեն նշեցինք, պետք է ուսումնասիրի հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտում միջազգային փորձը եւ հանդես գա «նախաձեռնություններով` զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված»:
ԱԺ-ում ԶԼՄ-ներին, հեռուստատեսությանն ու ռադիոյին առնչվող խնդիրներով զբաղվում է Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք` ինքն ու իր ղեկավարած հանձնաժողովն ի՞նչ դիրքորոշում ունեն կառավարության այս որոշման վերաբերյալ: Ինչպես եւ սպասվում էր` դրական: Նա գտնում է, որ այդ որոշման մեջ ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման հետ կապված խնդիր չկա: «ՀՀ կառավարության որոշման տեքստից ելնելով, այն է` թե ինչ հիմնավորումներով եւ ինչ գործառույթների շրջանակում է ստեղծվելու եւ աշխատելու այդ ՊՈԱԿ-ը, որեւէ խնդիր` կապված ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման, տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման եւ առհասարակ խոսքի ազատության դեմ ոտնձգությունների հնարավոր տարբերակներ ես չեմ տեսնում: Հիշեցնեմ, որ Սահմանադրությամբ` խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով, այն էլ` խիստ որոշակի դեպքերում»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտյանը: Հարցին, թե այդուհանդերձ կառավարության այդ որոշումն ի՞նչ նպատակով է ընդունվել, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ըստ իս, ակնհայտ է, որ հասունացել է պետական ինստիտուտների, գերատեսչությունների եւ հասարակության միջեւ կապի հաստատման համար ծախսվող գումարների արդյունավետության խնդիրը: Այն է` գրեթե բոլոր գերատեսչություններում կան հասարակայնության հետ կապերի լրատվության բաժիններ, որոնց աշխատանքները պետական ինստիտուտները պետք է համակարգեն: Որոշման նախագծում հստակ դրված է դրսում Հայաստանի PR-ի խնդիրը, որովհետեւ արտաքին, միջազգային լրատվական հոսքերում մենք չունենք համակարգված տեղեկատվական ստրատեգիա եւ չենք կարողանում ծրագրային կերպով ներկայանալ որպես երկիր` միջազգային լրատվական հոսքերում: Դա ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ մենք տեղեկատվական պայքարում զիջում ենք մեր հարեւաններին: Սա է հիմնական գործառույթներից մեկը»: Իսկ առհասարակ, Աշոտյանն այս որոշման մեջ երկու հիմնական գործառույթ է տեսնում: «Մեկը` պայքար Հայաստանի Հանրապետության իմիջի եւ Հայաստանի Հանրապետության մասին դրական տեղեկատվություն միջազգային հոսքերում, այսինքն` դրան ուղղված աշխատանք, երկրորդ` պետական ինստիտուտների լրատվական ծառայությունների համակարգում: Այսինքն` ճիշտ հակառակը, հասարակությունը պարտավոր է ավելի իրազեկ լինել իր պետական ինստիտուտների գործունեության մասին»,- ասաց նա: Նույնիսկ Աշոտյանի ասածներից դժվար չէ կանխատեսել, թե ինչ «ձեւակերպումներով» կարող է այդ կենտրոնը ճնշել ԶԼՄ-ների: Ասենք, որեւէ թերթ գրում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները կամ այսինչ պաշտոնյան այսինչ հանցագործությունն է արել: Բնականաբար, իշխանությունների տեսակետից, դա կխաթարի «Հայաստանի դրական իմիջը միջազգային հոսքերում»:
Ընդ որում, դիտարկմանը, թե Հայաստանում տպագրվող թերթերի «ուսումնասիրությունը», «վերլուծությունն» ու «դիտարկումն» ի՞նչ կապ ունի դրսում Հայաստանի Հանրապետության իմիջի համար մղվող պայքարի գործում, Ա. Աշոտյանը պատասխանեց. «Լրատվամիջոցները նույնպես շուկա են: Եվ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի այդ շուկան ուսումնասիրել, դիտարկել, վերլուծել: Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Այս աղմուկը, որ որոշ լրատվամիջոցներ բարձրացնում են` անիմաստ է, որովհետեւ ես վստահաբար կարող եմ ասել, որ օրենսդրական դաշտի բարեփոխման խնդիր այս որոշմամբ չի դրվում, իսկ խոսքի ազատության սահմանափակում, կրկնում եմ` կարող է լինել օրենքով, այն էլ` խիստ որոշակի դեպքերում: Մեր հանձնաժողովի անունից կարող եմ վստահեցնել, որ եթե կառավարության կողմից նման օրենսդրական նախաձեռնություն լինի, ապա խստագույնս հետեւելու ենք, որ այդ նախաձեռնության քննարկումն անցնի ստանձնած միջազգային պարտավորությունների եւ եվրոպական օրենսդրության նորմերի շրջանակներում»: