ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ելույթ էր ունենում ՀՀ Ազգային ժողովում՝ ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ։ Տ. Սարգսյանը հայրենի պատգամավորների համար, իր սովորության համաձայն, նախ մի փոքրիկ դասախոսություն է կարդացել միջազգային ֆինանսական ճգնաժամի, դրա պատճառների, բնույթի, հետեւանքների եւ ճգնաժամից քաղվելիք դասերի թեմայով։
Վարչապետն այնուհետեւ խոսել է այն ռիսկերի մասին, որոնք համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծում է Հայաստանի համար՝ մասնավոր ուղղակի ներդրումների նվազում եւ հետաձգում, տրասնֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում, եւ շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում եւ ներդրումների կրճատում: Իսկ որպես հետեւանք՝ կարող է արձանագրվել սպառման ծավալների կրճատում, վճարային հաշվեկշռի վատթարացում եւ վարկատուների բացասական սպասումների ձեւավորում: Վարչապետը նաեւ նշել է, որ այս ամենը կարող է հանգեցնել ստվերի խորացման հնարավորությունների եւ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Ահա այս ամենի դեմն առնելու համար ՀՀ կառավարության ջանքերն ուղղված են լինելու մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը եւ լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը՝ ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար։ Չնայած այս ամենին, Տ. Սարգսյանը միջազգային տնտեսական ճգնաժամը փորձել է ներկայացնել հակառակ կողմից՝ որպես զարգացած եւ զարգացող երկրների միջեւ առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Այլ կերպ ասած՝ չկա չարիք, առանց բարիքի։ Իսկ չարիքի հետեւանքները նվազեցնելու եւ բարիքից օգտվելու համար, ըստ Տ. Սարգսյանի, պետության դերը տնտեսական գործընթացներում պետք է զգալիորեն բարձրանա։ Նախատեսված տնտեսական աճն ապահովելու հարցում վարչապետը կարեւորել է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը` այդ թվում նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի եւ ներդրումային, հիպոթեքային հիմնադրամների ստեղծումը:
Տ. Սարգսյանն անդրադարձել է նաեւ ներքին մրցակցության խնդիրներին՝ կարեւորելով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը: «Մասնավորապես` համաշխարհային եւ ներքին շուկաներում ձեւավորված գների միջեւ անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ եւ այլն, մենք պատրաստ ենք աջակցելու ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցանկացած նախաձեռնություն»,- ասել է նա:
Նշենք, որ այս հարցին նախօրեին անդրադարձել էր նաեւ Հայաստանում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, նշելով, որ նավթի, բենզինի, ցորենի միջազգային գներն արդեն խիստ ընկել են, սակայն Հայաստանում դա դեռ չի նկատվում: «Միջազգային գները պարտավոր էին ազդել հայաստանյան գների վրա: Եթե գները չսկսեն ընկնել, ուրեմն ձեզ մոտ շատ լուրջ խնդիրներ կան մրցակցության հետ կապված»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել էր Օմեսը:
Վարչապետը խոսել է նաեւ կոնկրետ քայլերի մասին։ Մասնավորապես, ստվերային եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով խոշոր՝ 500 միլիոնից ավելի ակտիվներ կամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար ներդրվելու է պարտադիր աուդիտորական հաշվետվության ինստիտուտ: Իսկ փոքր եւ միջին ձեռնարկությունների դեպքում, որոնք ունեն մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն, հակառակը՝ նախատեսվում է հարկային վարչարարության էական պարզեցում։ Հայրենի ընկերություններին աջակցելու համար կառավարությունը խոստանում է նաեւ վարկային միջոցների հասանելիություն ապահովել, եւ ներկայումս բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի, Եվրոպական բանկի եւ Ասիական բանկի հետ՝ 350 միլիոն դոլարի վարկային ռեսուրսներ ներգրավելու համար։ Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ։ Իսկ պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, կառավարությունը խոստանում է նախապատվությունը տալ հայկական ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողներին։ Վարչապետը չի մոռացել մեկ անգամ եւս խոսել ՀՀ բանկային համակարգի կայունության մասին։ «Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին»,- ասել է Տ. Սարգսյանը: Վերջինիս ձեւակերպմամբ, «ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակով» իրականացվելու են լրացուցիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման եւ այլ ոլորտներում։ Նոր նախագծեր են նախատեսվում նաեւ ճանապարհաշինության մեջ` օրինակ, Ասիական Բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցում, եւ էներգետիկայի ոլորտում` ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր նախագծեր: Սոցիալական ոլորտում նախատեսվում է հանրային աշխատանքների ծավալների կտրուկ ընդլայնում, մատչելի բնակֆոնդի ձեւավորում, էժան հիպոթեքային համակարգի ձեւավորում եւ դեմոգրաֆիական ծրագրերի իրականացում: Այս ծրագրերն իրականացվելու են ՀԲ եւ ԱՄՀ աջակցությամբ, եւ ՀՀ կառավարությունը շուտով կավարտի բանակցությունները ՀԲ-ի հետ՝ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ:
Ելույթի վերջում Տ. Սարգսյանն ազդարարել է նաեւ կառավարության նոր կարգախոսը՝ «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»: Իսկ ամենավերջում Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար։ Սա շեշտում ենք, որովհետեւ հայրենի պատգամավորներն իրո՛ք արժանի են շնորհակալության. նրանք մեծ ջանքերի գնով լսել են մի ելույթ, որից գրեթե ոչ մի բան չեն հասկանում։ Օրինակ, մի պահ փորձեք պատկերացնել հայրենի օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ-գործարարների դեմքի արտահայտությունը կամ մտքերը, երբ Տ. Սարգսյանն ասում է. «Հիպոթեքային շուկայում ձեւավորված ֆինանսական փուչիկները, որոնք սնուցվում էին անկատար, արհեստականորեն բարդացված ֆինանսական համակարգից, պայթեցին՝ բացահայտելով ֆինանսական եւ իրական հատվածի միջեւ էական շեղվածությունը: Ֆինանսական հատվածը արժեթղթերի շուկայի միջոցով պարտադրեց համապատասխան ճշգրտումներ կատարել իրական (կորպորատիվ) հատվածում: Սա էլ հանդիսացավ ֆինանսական ճգնաժամի հիմնական բարութը՝ պայթեցնելով իրական հատվածը»։
Ի դեպ, պատգամավորներից շատերը՝ մասնավորապես Հանրապետական կուսակցությունից, արժանի են կրկնակի շնորհակալության, քանի որ 2-3 օր առաջ նույն ելույթը ստիպված են եղել լսել Հանրապետական կուսակցության վարչության նիստում։ Չնայած, ով գիտե, միգուցե սկսեն կամաց-կամաց հասկանալ՝ չէ՞ որ կրկնությունը գիտության մայրն է, եւ Տ. Սարգսյանն էլ իր նշանակումից ի վեր հավակնոտ խնդիր է դրել իր առջեւ՝ փոխել ու կրթել։