«Խնայողություն, Հորացիո, մեռելահացի կերակուրները սառը մատուցվեցին»: Բացատրեց շեքսպիրյան Համլետը, երբ հոր մեռելահացի խորտիկները սառը մատուցվեցին մոր հարսանեկան սեղանին: Խնայողությունն այսօր մարդկության առաջին խնդիրն է դարձել: Տնտեսական ճգնաժամի պատճառով: Սոցիոլոգները փորձում են պարզել, թե մարդիկ ինչի՞ հաշվին են խնայելու: Հատկապես, որ աշխատատեղ կորցնելու հեռանկարը մասշտաբային է: Արեւմտյան երկրների բնակիչները պատրաստվում են խնայել գազի, էլեկտրաէներգիայի եւ հագուստի վրա: Ռուսաստանցիներն այլ ծրագիր ունեն: Գազն ու էլեկտրաէներգիան նրանց երկրում էժան է: Ուստի խնայելու են թանկարժեք խմիչքի եւ ծխախոտի վրա: Մենք՝ հայաստանցիներս, ինչի՞ վրա ենք խնայելու` դեռ պարզ չէ: Հատկապես, որ տնտեսական ճգնաժամը դեռ մեր երկիր չի ժամանել: Ու մեր չինովնիկներն առայժմ հպարտ-հպարտ տեսական ելույթներ են ունենում: Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես ռուս չինովնիկներն ամռանը: Ռուսները հիմա ձենները կտրել են: Արձանագրվող անկումների պատճառով ռուսաստանյան բորսաներն օրումեջ փակվում են: Ռուբլին արժեզրկվում է, գներն աճում են: Ռուսական տնտեսությանը եկամուտ բերում էր հումքի վաճառքը: Հակառակի պես միջազգային սակարաններում հումքի գներն օր օրի ընկնում են: Միջազգային տնտեսական ճգնաժամն առայժմ մեզ` հայաստանցիներիս, չի վերաբերում: Երկու պարզ պատճառով: Մեր պուճուր տնտեսությունն ինտեգրված չէ մեծ համակարգերում: Երկրորդ` մեր տնտեսությունն իսկապես պուճուր է: Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի սկզբում ընդամենը մեկ արտադրական ձեռնարկություն կա: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ երկրորդ-երրորդ հարկատու է, հումքի գների անկման պատճառով լուրջ վնասներ է կրում: Խոսվում է 400 աշխատատեղերի կրճատման մասին: Անգամ այս պարագային սա լուրջ աղետ չէ: Ոչ այն պատճառով, որ 400 կրճատված աշխատատեղն անհամատեղելի է, ասենք, Նյու Յորքում աշխատանքը կորցրած 100 հազար ֆինանսիստների քանակի հետ: Այլ այն պատճառով, որ մեր երկրի բյուջեն իր խոշոր ու փոքր հարկատուներով իրական կապ չունի բնակչության բարեկեցության հետ: Մեր երկիրն ապրում է արտահանվող աշխատուժի հաշվին: 70 հազարանոց աշխատատեղերը, 25-30 հազարանոց նպաստ-կենսաթոշակները բնակչության ծախսերի մի մասն են կազմում: Միայն մի ու համեստ մասը: Սովորական (կամ, եթե կուզեք` դասական) տնտեսություն ունեցող երկրներն ապրում են արտահանվող տեխնոլոգիաների, կամ ապրանքների իրացման հաշվին: (Գումարած, իհարկե, ներքին արտադրությունը): Մեր պարագան այլ է: Մենք աշխատուժ ենք արտահանում: Հիմնականում Ռուսաստան ու մի քիչ էլ՝ Եվրոպա: Աշխատուժը դրսից պարբերաբար գումար է ուղարկում: Դրան մենք «տրանսֆեր» օտար ու հնչուն անունն ենք կպցրել: Տարվա վերջին արտագնա աշխատուժը, որին մենք էլի օտար ու պակաս հնչուն` խոպանչիկ անունն ենք կպցրել, հիմնական վաստակը ձեռքին վերադառնում է հայրենիք: Մինչեւ հաջորդ աշխատանքային տարի: Այս վաստակի ծախսման ուղղություններն էլ որոշում են մեր բյուջեի հիմնական հարկատուներին: Իսկ դրանք կապի ու վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են: Այսինքն` մենք մեծ գումարներ ենք ծախսում հեռախոսազրույցների, դրանց ժամանակակից փոխարինիչների` մեսիջ, ինտերնետ եւ այլն, էլեկտրաէներգիայի ու գազի վրա: Մեր տնտեսության մասշտաբով մեծ: Այս ոլորտներում մենք խնայողության հնարավորություն չունենք: Գարնանն աշխատուժն էլի կմեկնի: Մնացողներն իրենց չեն զրկի նրանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Իսկ գազի ու էլեկտրաէներգիայի վրա խնայելու հմտությունն արդեն տարիների ավանդույթ է: Մեր էներգահամակարգի ռուս ղեկավարը վաղուց է զարմացած հայտարարել, որ ամռան ամիսներին Հայաստանը ռուսական 100 հազարանոց քաղաքի չափ է հոսանք սպառում: Այնպես որ, եկող տարի, երբ միջազգային ճգնաժամի պատճառով պակասի արտագնա աշխատուժի եկամուտը, մենք խնայողության ուրույն ոլորտներ պիտի փնտրենք: Արեւմտյան երկրների բնակիչների նման, իհարկե, կխնայենք թանկարժեք գնումներից` մեքենա, անշարժ գույք եւ այլն: Ռուսաստանցիների նման կխնայենք թանկարժեք խմիչքի ու ծխախոտի վրա: Այսինքն` մեր խնայողությունները չեն փոխի տնտեսության վիճակագրության պաշտոնական պատկերը: Կապի ու սպասարկման ոլորտները կմնան խոշոր հարկատուների ցանկում: Շինարարությունը ծաղկի թե կրճատվի` միեւնույն է: Այս ոլորտը հարկային հատվածում համարյա ներառված չէ: Կիսակառույցներն, իհարկե, չեն զարդարի մեր բնակավայրերը: Բայց ճգնաժամի պարագային էսթետիկան առաջնային արժեք չէ: Հնարավոր է՝ խոշոր հարկատուների ցանկից անհետանա Պղնձամոլիբդենայինը: Բայց իշխանությունները կոչ կանեն ըմբռնումով մոտենալ: Կբացատրեն, որ հումքի գները միջազգային շուկայում ընկել են: Հո սեփականատիրոջը չե՞ն պարտադրելու չկրճատել աշխատատեղերն ու ծավալը սեփական գերշահույթի հաշվին: Այնպես որ, խնայողության հայկական տարբերակը հետաքրքիր է լինելու: Ու մենք նորից տեսնելու ենք «Մինչեւ հաստը բարակի, բարակը կկտրվի» հայկական ասացվածքը գործողության մեջ: