Պատասխան ու հարց ԱԺ-ում

13/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց երեք պատգամավորների հարցերին. դա ուշագրավ էր, քանի որ վարչապետ նշանակվելուց հետո նա սովորաբար խորհրդարանում խուսափում էր այդ պարտականությունից: Բայց հարցերից պարզվեց, որ դրանք «պատահական» չէին:

Լինում են դեպքեր, երբ վարչապետը կամ նախարարները որեւէ բան հայտարարելու համար պատգամավորներին «հանձնարարում» են ԱԺ-ում իրենց համապատասխան հարցն ուղղել: Եվ ահա երեկ հենց այդ դեպքերից էր: Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանին հետաքրքրում էր, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ միջոցառումներ է ձեռնարկում համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: Իսկ այս հարցն առնչվում է վարչապետի սիրած թեմային, եւ նա խոսքը սկսում է այն մտքից, թե «համաշխարհային ֆինանսական շուկայի ճգնաժամի առաջին ալիքը բարեբախտաբար մեր ֆինանսական համակարգի վրա չի թողել էական բացասական ազդեցություն»: Բայց քանի որ ՀՀ վարչապետը քաջ գիտակցում է, որ հնարավոր չէ ժողովրդին անվերջ համոզել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, որոշել էր հարցին այլ կերպ մոտենալ: Որպեսզի համաշխարհային ճգնաժամը ՀՀ տնտեսությանը չվնասի, կառավարությունը որոշել է նախօրոք դիմակայել դրան: «Նախ ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետին կից ստեղծվելու է հանձնաժողով, որը քննարկելու է բիզնես միջավայրից ստացվող բոլոր առաջարկությունները: Հայտարարելու ենք մրցույթներ` աջակցելու բոլոր այն ծրագրերին, որոնք մասնավոր հատվածը մեզ կներկայացնի: Կլինեն դրանք ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գոյություն ունեցող բիզնեսների ընդլայնմանը, թե կլինեն ծրագրեր, որոնք ենթադրում են նոր բիզնեսների եւ աշխատատեղերի ստեղծում: Մենք հաստատել ենք նոր գործիքակազմ, որով միջամտելու ենք եւ փորձելու ենք շտկել բացասական ազդեցությունները: Մասնավորապես, մենք պետական երաշխիքներ ենք տրամադրելու այն ձեռնարկություններին, որոնք կունենան դրա կարիքը եւ կներկայացնեն մեր չափանիշներին համապատասխան ծրագրեր: Մենք մասնակցելու ենք ձեռնարկությունների կապիտալում, ինչը հնարավորություն է տալու կառավարությանը մի կողմից՝ ունենալ հստակ տեղեկատվություն այդ ծրագրերի իրականացման, ձեռնարկությունների ֆինանսական վիճակի, այնպես էլ այդ ձեռնարկությունները կառավարելու վերաբերյալ, ինչը հետագայում հնարավորություն է տալու մեր մասնակցությունը վաճառել: Եվ դա նշանակում է, որ պետությունը դրանից չի կրելու վնասներ, այլ օժանդակելու է բիզնեսին: Մենք տրամադրելու ենք սուբսիդիաներ եւ կիրառելու ենք մնացած այլ բոլոր մեխանիզմները, որոնք զարգացած եւ զարգացող երկրներն այսօր ընդունում են որպես այս բացասական հետեւանքների հաղթահարման գործիքներ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:

Պատգամավոր Մելիքյանն իրեն բավարարված զգաց այս պատասխանից ու վարչապետին բարեկամաբար խորհուրդ տվեց հսկել այդ միջոցառումների իրականացման գործընթացը: «Համաձայն եմ, որովհետեւ վերահսկողությունը, եւ առաջին հերթին` հասարակության կողմից վերահսկողությունը բարձրացնում է վստահությունը կառավարության ձեռնարկած միջոցառումների նկատմամբ, ինչը մեզ համար կարեւոր է»,- գոհունակությամբ պատասխանեց Տ. Սարգսյանը: Երեկ ԱԺ-ում ահա այսպիսի փոխըմբռնման ու բարեկամական մթնոլորտ էր երկրի վարչապետի ու իշխանական կուսակցության անդամ պատգամավորների միջեւ: Գործընկերոջ բարձրացրած հարցը շարունակեց ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Տաճատ Վարդապետյանը: «Այսօր մենք երկու նոր բիզնես-ծրագրերի պրեզենտացիայի էինք մասնակցում, եւ 2 նոր ներդրողներն էլ ներկայացնում էին, թե ինչո՞ւ են որոշում կայացրել այդ բիզնեսը սկսել Հայաստանում, եւ նրանք շեշտեցին այն մրցակցային առավելությունների հանգամանքը, որ այդ ոլորտներում ունենք: Առաջինը նշեցին, որ բյուրոկրատական քաշքշուկները հասցվել են մինիմումի: Ծրագրերը կարճ ժամանակում են քննարկվում, եւ եթե կա ռեալ ներդրող, շահութաբերություն, ապա այդ խնդիրները բավականին արագ լուծվում են: Երկրորդ` օրենսդրությունը պաշտպանում է օտարերկրյա ներդրողների շահերը: Երրորդ` ֆինանսական համակարգի կայուն ցուցանիշները, պրոբլեմների բացակայությունը կայուն միջավայր են ստեղծում»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:

Ով՝ ով, բայց ՀՀ վարչապետը լավ գիտի, թե իր թվարկած չափանիշները հատկապես այս տարի որքան են վատացել, ինչն արձանագրվել է նաեւ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում: Ընդամենը 2 օր առաջ մեր երկրում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսն էր հայտարարել, թե «եթե գները չսկսեն ընկնել, ուրեմն ձեզ մոտ շատ լուրջ խնդիրներ կան մրցակցության հետ կապված»: Սակայն երեկվա հայտարարությունները, պարզվում է, ունեին մեկ այլ նպատակ: «Նաեւ ուզում եմ հաղորդել, որ հանրությանը հաղորդած այս ազդակները նպատակ ունեն խթանելու, որ մեզ ներկայացնեն բիզնես-ծրագրեր»,- հայտարարեց Տ. Սարգսյանը` հավանաբար հույս ունենալով, որ իր հայտարարություններից հետո հազարավոր բիզնես-ծրագրեր կհոսեն դեպի կառավարություն: «Ցավոք սրտի, դեռեւս այդ բիզնես ծրագրերի քանակն այդքան էլ շատ չէ»,- երեկ, այնուամենայնիվ, խոստովանեց վարչապետը:

Բնականաբար, նա որեւէ կերպ չբացատրեց, թե ինչպես պետք է իր այդ գեղեցիկ հայտարարությունների տրամաբանության մեջ մտցնել արտահանող եւ խոշոր հարկատու գործարաններից մեկի` «Բջնիի» փակման փաստը: Ընդ որում, ոչ թե «մարդկանց անորոշ սպասումների», այլ սեփականատիրոջ քաղաքական հայացքների պատճառով: